Այս էջը հաստատված է
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ
Հայ երաժշտությունը մինչև XX դարի սկիզբը

Հայ պրոֆեսիոնալ երաժշտարվ-ի արմատները հասնում են հազարամյակների խորքերը։ Պահպանվել են երաժշտ. մշակույթին առնչվող բազմաթիվ նմուշներ՝ երաժշտ. գործիքներ, նաև ժայռերին (ժայռապատկեր) և որմերին արված պարային տեսարաններ, երգողների, նվազողների առանձին կամ խմբային պատկերներ։

Մ. թ. ա. II հազարամյակի կեսից Հայկական բարձրավանդակում կազմավորված երկրների պաշտամունքային ծիսակատարություններում իր տեղն է ունեցել նաև երգ-երաժշտությունը։

Երաժշտարվ-ը վերելք է ապրել հատկապես մ. թ. ա. I հազարամյակում. Սևանի ավազանում հայտնաբերված եղջերափողը (մ. թ. ա. I հազարամյակի սկիզբ), Կարմիր բլուրում (մ. թ. ա. VII դ.)՝ բրոնզե զույգ ծնծղաները վկայում են, որ ժամանակի քաղաքակրթությանը ծանոթ էին նաև մերձավորարլ. և այլ երաժշտ. գործիքներ։

Վանի համահայկ. թագավորության շրջանում երգ-երաժշտությունը զարգացել է պաշտամունքային և աշխարհիկ ուղղություններով։ Պաշտամունքայինը մշակվել է հեթանոս. տաճարներում՝ հատուկ կրթություն ստացած քրմական դասի ջանքերով, իսկ աշխարհիկը ծագել է վիպասանների և գուսանների շնորհիվ։

Հայ ժողովրդի կազմավորման ընթացքում ծաղկել է թաղման ծեսի հետ կապված ողբը, որտեղ աստիճանաբար կարևորվել է վիպ. նախասկիզբը։ Ծագել է հայոց երաժշտաբանաստեղծ. հնագույն ձևերից մեկը՝ ասմունքելով ու մեկընդմեջ երգելով պատմվող յուրատեսակ պոեմը, որն իր զարգացման ընթացքում նյութեր է քաղել հայոց հնագույն պատմությունից, առավելապես՝ դիցաբան. զրույցներից ու առասպելներից։ Այս արվ-ի վաղ նկարագրի վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում Պատմահայր Մովսես Խորենացին։ Նա, վերապատմելով Հայկի և Բելի, Արամի, Արա Գեղեցիկի և Շամիրամի, Վահագն Վիշապաքաղի և Տորք Անգեղի մասին առասպելները, դրանք անվանել է «զրույց», «երգ», «առասպել» և «գուսանական»։

Մ. թ. ա. IV-III դդ-ում առաջացել են հայկական էպոսի հնագույն շերտերը, որոնք վերաբերում են մ. թ. ա. VI-IV դդ-ի դեպքերին՝ հայերի ու մարերի փոխհարաբերություններին։ Մ. թ. ա. III դ-ից հայկական մշակույթն աստիճանաբար մերձեցել է հելլեն. քաղաքակրթությանը։ Այդ հարյուրամյակին է վերաբերում Գառնիում հայտնաբերված 5-ձայնանցքանի ոսկրե սրինգը։ Ժամանակի ընթացքում այստեղ տարածված հունականի փոխազդեցությամբ հայկական մշակույթը հասել է զարգացման մի մակարդակի, որը գիտության մեջ պայմանականորեն կոչվել է «հելլենիստական»։

Արտաշիսյան հարստության 200-ամյա տիրապետության շրջանում, մասնավորապես Տիգրան Մեծի ու Սրտավազդ Բ-ի գահակալության տարիներին, հայ երաժշտության մեջ վերելք են ապրել ռազմ. և ծիս., մասնավորապես՝ հարսանեկան երգերը։ Զարգացման նշանակալի ուղի են անցել «վէպ», «վիպասանք», «երգք վիպասանաց» ու «թուելեացն երգք» կոչվող վիպերգերը։ Դրանց մի մասը՝ Սանատրուկին, Երվանդին, Արտաշես Ա-ին, Տիգրան Բ-ին և այլոց վերաբերող բանաստեղծ. դրվագները, Պատմահոր վկայությամբ, կատարել են Գողթն գավառի վիպասանները՝ ասմունքելով ու մեկընդմեջ երգելով, պարի ու դիմաշարժության, լարային կսմիթավոր նվագարանի՝ փանդիռի նվագակցությամբ։ Հեթանոս. Հայաստանում կիրառվել են նաև այլ լարային, հարվածային, փողային նվագարաններ։

Հելլենիստ. Հայաստանում պրոֆեսիոնալ երաժշտարվ-ը ներկայացվել է վիպասանների, գուսանների և վարձակների, տաճարային երգիչների՝ քրմերի, քրմուհիների ու երգեցիկ խմբերի, ինչպես նաև