Այս էջը հաստատված է

նշանավոր երաժիշտ Նիկողայոս Թաշճյանին՝ տեղի ավանդ. եղանակները ձայնագրելու և բազմատեսակ հնչող հոգևոր երգերը միակերպ դարձնելու համար, որին մասնակցել է նաև Մակար Եկմալյանը։ 1866-78-ին վավերացվել ու հրատարակվել են ժամանակի չափանիշներով հայկական հոգևոր երգարանների առաջին գիտական հրապարակումները՝ Պատարագի, Ժամագրքի և Շարակնոցի երգասացությունները, որոնք կարևոր դեր են խաղացել թե՛ գործնականում, թե՛ հոգևոր երաժշտության հետագա ուսումնասիրման համար։

XIX դ-ում Կ. Պոլսի եկեղեց. երաժիշտ-տեսաբանները (Հ. Լիմոնճյան, Ե. Տնտեսյան, Ն. Թաշճյան և ուր.) նշանակալի ներդրում են ունեցել շարականերգության, հոգևոր երգարվ-ի նմուշների հավաքագրման, ձայնագրման և աղավաղումներից փրկելու գործընթացում։ 1874-ին գրեթե միաժամանակ լույս են տեսել Ն. Թաշճյանի «Դասագիրք եկեղեցական ձայնագրութեան հայոց» և Ե. Տնտեսյանի «Նկարագիր երգոց Հայաստանեայցս եկեղեցւոյ...» գրքերը, որտեղ ամփոփված են նրանց ձայնագիտական և շարականագիտական բազմամյա հետազոտությունների արդյունքները։

Այս շրջանում բարձրացել է երգ-երաժշտության դասավանդման մակարդակը, հետզհետե տարածվել են հայկ. և արդի եվրոպ. ձայնագրագիտությունը, ստեղծվել ու հրատարակվել են դպրոց., ճեմարան. և առավել լայն շրջանակների համար նախատեսված երգարաններ։

Աշխուժացել է նաև հայկական երաժշտահաս. ու համերգային կյանքը։ Հիմնադրվել են հայկական երաժշտ. ընկերություններ, լույս են ընծայվել պարբ. հրատ-ներ (Կ. Պոլիս, Թիֆլիս, Բաքու), կազմակերպվել են անսամբլներ, արլ. ու արմ. տիպերի (նույնիսկ՝ սիմֆոնիկ, փոքր փողային) նվագախմբեր ու երգչախմբեր։ Արևմտաեվրոպ. երաժշտության ազդեցությունը հայկ. երաժշտարվ-ի վրա և նրա հետ հաղորդակցումը պայմանավորել են բազմաձայնության (պոլիֆոնիա) ներմուծման անհրաժեշտությունը։ Կազմավորվել է նոր շրջանի հայկական կոմպոզիտոր. դպրոցը, որը հայ երաժշտարվ-ը դարավոր մեկուսացումից դուրս է բերել զարգացման նոր և ընդարձակ ուղի։

Երաժշտության հետագա զարգացումը կողմնորոշել են կոնսերվատորիական կրթություն ստացած ստեղծագործողներն ու կատարողները, շարունակել են արդյունավետորեն ստեղծագործել աշուղները, սազանդարները, եկեղեց. երաժիշտները։ Աշուղ. արվ-ը խտացված և ընդհանրացված արտացոլվել է Շիրինի և Ջիվանու առանցքային նշանակություն ունեցող ժառանգության մեջ։ Մասնավորապես Ջիվանու ստեղծագործությամբ հիմնավորապես հաստատվել է աշուղ. արվ-ի հայկական ազգային դպրոցը (ի տարբերություն նախորդ՝ պարսկահայ, թուրքահայ և վիրահայ դպրոցների)։

Այս շրջանում զարգացման գագաթնակետին է հասել հայ սազանդարների՝ միջնադարյան գուսանների հետևորդների արվ-ը։ Վարպետությամբ աչքի են ընկել մի շարք կատարող-ստեղծագործողներ. արևմտահայերից՝ սրնգահար Զենոպն ու թամբուրահար Ալեքսանը, արևելահայերից՝ թառահար Աղամալ Մելիք-Աղամալյանն ու քամանչահար Սաշա Օգանեզաշվիլին (Ալեքսանդր Օհանյան) և ուր. հարստացրել են արլ. դաս. երաժշտությունը ազգ. առանձնահատկություններով և հայ արվ-ը տարածել Թուրքիայում, Պարսկաստանում, Այսրկովկասում, Ռուսաստանում և արաբ. ու եվրոպ. երկրներում։

Եվրոպայում երաժշտ. բարձրագույն կրթություն ստացած հայ կատարողների առաջնային խնդիրը եվրոպ. կատարող. արվ-ի դարավոր փորձը յուրացնելն էր և ի նպաստ հայ նոր երաժշտության զարգացման այն օգտագործելը։ Հիշատակելի է դաշնակահարներ Վահրամ Սվաճյանի, Հեղինե և Եվգինե Ադամյանների, Ստեփան Էլմասի, ջութակահարներ Դավիթ Դավթյանի ու Հովհաննես Նալբանդյանի, երգչուհիներ Նադեժդա Պապայանի, Նինա Դարիալիի (Նունե Ղորղանյան) ու Հեղինե Տերյան-Ղորղանյանի, երգիչներ Ներսես Շահլամյանի և Բեգլար Ամիրջանյանի գործունեությունը։ Հատկապես առանձնացել է Կոմիտասի երգչային-կատարող. արվ-ը՝ թե՛ ազգ. ձևով, թե՛ բովանդակությամբ։

Հայ պրոֆեսիոնալ երաժշտարվ-ը սկզբնավորվել է հին և միջնադարյան Հայաստանում՝ որպես հոգևոր-ծիս. մշակույթի արտահայտություն, իսկ XIX դ-ի կեսին վերաձևակերպվել է կոմպոզիտոր. արվ-ի, որի առաջին նշանավոր ներկայացուցիչն էր Տիգրան Չուխաճյանը։ Նա Եվրոպայում բարձրագույն մասնագիտ.