Այս էջը հաստատված է

կրթություն ստացած հայ (նաև արևելցի) առաջին կոմպոզիտորն էր, որ եվրոպ. կոմպոզիտոր. ավանդույթներով ստեղծել է վոկալ, դաշնամուրային, նվագախմբային և օպերային մեծարժեք գործեր։ Կոմպոզիտորի «Արշակ Բ» օպերան նշանավորել է հայկական օպերային արվ-ի զարգացման սկիզբն ու եվրոպ. պրոֆեսիոնալ արվ-ի ավանդույթների մուտքը հայկական և ողջ Մերձավոր Արևելքի երաժշտության մեջ։ 1870-ական թթ-ին Չուխաճյանն ստեղծել է «Արիֆի խարդախությունը», «Քյոսե-Քեհյա» և «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» երաժշտ. կատակերգության ժանրի օպերետները՝ հասնելով մեծ համբավի ինչպես Թուրքիայում, այնպես էլ Այսրկովկասում, Եգիպտոսում, Բալկանյան և արմ. այլ երկրներում։ Չուխաճյանն իր ստեղծագործություններում հմտորեն միաձուլել է եվրոպ. երաժշտարվ-ի արտահայտչամիջոցները հայ քաղաքային-ժողովրդական և ազգ-հայրենասիր. երգերի, նաև ընդհանուր արլ. երաժշտության ելևէջների հետ։

XIX դ-ի վերջին քսանամյակում հայ երաժիշտները գիտակցում էին ազգ. հոգևոր և աշխարհիկ հնավանդ միաձայնությունը պրոֆեսիոնալ բազմաձայն արվ-ի զարգացման հուն տեղափոխելու, հայկական հոգևոր և աշխարհիկ միաձայն երգերը բազմաձայնելու անհրաժեշտությունը։ Այն ստանձնել են Քրիստափոր Կարա-Մուրզան, Մակար Եկմալյանը և Կոմիտասը։ Ք. Կարա-Մուրզան հայաբնակ շատ վայրերում ստեղծել է երգչախմբեր և կազմակերպել համերգներ։ Ազգ. միաձայն երգերի քառաձայն մշակումներում Կարա-Մուրզան բազմաձայնության պարզագույն միջոցներն օրգանապես միակցել է հայ գեղջկական, հոգևոր ու եվրոպ. երաժշտամտածողությանը։

Շրջադարձային էր Մ. Եկմալյանի «Պատարագի» բազմաձայն մշակումը, որի շնորհիվ հոգևոր երաժշտությունը հնչել է ոչ միայն եկեղեցիներում, այլև համերգային դահլիճներում։

Հայ երաժշտության զարգացման, ուսումնասիրման և տարածման նոր փուլ է նշանավորվել XIX-XX դդ-ի խոշորագույն երաժիշտ, հայ ազգային կոմպոզիտոր. դպրոցի և հայ դաս. երաժշտության հիմնադիր Կոմիտասի ստեղծագործ., կատարող. և գիտական գործունեությամբ։ Հայաստանի տարբեր վայրերից հազարավոր երգեր հավաքելով և ուսումնասիրելով՝ նա հստակ ձևակերպել է հայկական մշակույթի հիմն. առանձնահատկությունները։ Բացառիկ նշանակություն ունի նաև հայ երաժշտամտածողության մասին նրա գիտականորեն հիմնավորած և ձևակերպած դրույթը։ XIX-XX դդ-ի սահմանագծին դեռևս վիճահարույց էր հայկական երաժշտության ինքնուրույնության հարցը. Կոմիտասը պաշտպանել է հայ երաժշտ. մշակույթի ինքնուրույնության գաղափարը («Հայն ունի ինքնուրույն երաժշտություն», հոդված), որով դարձել է հայկական երաժշտ. ազգագրության հիմնադիրն ու ցայսօր չգերազանցված ներկայացուցիչը։

Կոմիտասը բացահայտել է հայ գեղջկական ու հոգևոր երգերի կատարող. առանձնահատկությունների ազգային արմատները, գագաթնակետին հասցրել հայկական աշխարհիկ ու հոգևոր բազմաձայն երգեցողության արվ-ը։ Նա գտել է բազմաձայն երաժշտություն ստեղծելու նոր ձևեր, բազմաձայնություն կառուցելու մոնոդիկ (մեկ մեղեդու հիմքով ստեղծվող) եղանակը։

Կոմիտասը, սեփական ժողովրդի արվ-ն ընկալելով ողջ խորությամբ՝ հնագույն շերտերով ու ենթաշերտերով, ստեղծել է ոչ միայն միջազգային չափանիշներով բարձրարվեստ գործեր (մեներգեր, խմբերգեր, դաշնամուր. երկեր և բազմաձայն «Պատարագը»), այլև ազգ. ոճ։

XIX դ-ի վերջին և XX դ-ի սկզբին ստեղծագործել են նաև հայ կոմպոզիտորներ Նիկողայոս Տիգրանյանը, Ռոմանոս Մելիքյանը, Արմեն Տիգրանյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը։

Ն. Տիգրանյանը հայկ. ազգ. դաշնամուրային երաժշտության հիմնադիրներից է։ Դաշնամուրային երկերում նա բազմաձայն մշակել է հայկ. ժող. գործիքային մեղեդիների, մասնավորապես՝ խմբապարերի և մենապարերի եղանակները։ Ռ. Մելիքյանը մեծապես նպաստել է հայկական ռոմանսի բյուրեղացմանը, ազգ. դաս. երաժշտությունը հարստացրել է «Աշնան տողեր» և «Զմրուխտի» երգաշարերով։ Ա. Տիգրանյանն ստեղծել է հայկ. ազգ. առաջին օպերան՝ «Անուշը»։ Ա. Սպենդիարյանը եվրոպ., ռուս., ընդհանուր արլ. արվ-ների ու հայկ. ազգայինի շաղախով ստեղծված «Ալմաստ» ազգային առաջին դաս. օպերայի և հայկական սիմֆոնիկ երաժշտության անդրանիկ նմուշների («Ղրիմյան էսքիզներ») հիմնադիրն է։

Նիկողոս Թահմիզյան