Այս էջը հաստատված է

Դարերի ընթացքում աստիճանաբար մշակվել է ու կատարելագործվել ժող. երգը (անհետացել են որոշ ժանրեր, ի հայտ են եկել նորերը)։

Հայ գյուղական նվագարանային երաժտությունը բնույթով մոտ է երգայինին, ընդգրկում է սազի, բլուլի և դուդուկի նվագակցությամբ երգեր։ Առավել գործածական են փողային նվագարանները, որոնցով կատարվում են հովվական, հանդարտ-երգային եղանակներ, աշխույժ պարային, ավանդ. ծիսական (հարսանեկան, հուղարկավորության, ուխտագնացության, արևածագը դիմավորող ևն) նվագներ, նաև զանազան երգեր, ավանդ. պարեղանակներ՝ «Երանգի», «Մարալի», «Ունաբի», «Ետ ու առաջ», «Շորոր» (Կարնո, Մշո ևն)։ Լարային նվագարաններից ընդունված էր սազը։ Քաղաքային մշակույթի ազդեցությամբ՝ գյուղ. նվագարանների շարքը համալրել են նաև այլ նվագարաններ։

Հայկ. գեղջկ. երաժշտությանը բնորոշ է սակավաթիվ հնչյուններով առավել խոր արտահայտչականություն դրսևորելու սկզբունքը (օր.՝ «Գարուն ա», «Կուժն առա ելա սարը» ևն)։

Քաղաքային ժողովրդական երաժշտությունը։ Հայկ. միջնադարյան քաղաքներում զարգացած էր ժողովրդական երաժշտությունը, սակայն, արդի կենցաղավարող երաժշտության մեջ (գրառված հայ քաղաքային երգերը և գործիքային եղանակներն անհամեմատ քիչ են) դժվար է առանձնացնել հատկապես հնագույն ժամանակներից պահպանված տարրերը։ Քաղաքային երաժշտությունը սերում է գյուղականից և աշուղականից, բնորոշ են նաև սազանդարների երաժշտության որոշ տարրեր ևն։ Հիմն. ժանրերն են՝ սիրո քնար., կենցաղային (օրոր, սեղանի, զվարճական), մենապարի ու զուգապարի ևն։ Առանձնանում են քնար. այն երգերը, որոնք արտահայտում են կարեկցանք և նորովի անդրադարձ գյուղ. երգի սոցիալական թեմային։ Մեծ բաժին են կազմում ազգ. հայրենասիր. երգերը, որոնք սկզբնավորվել են 1860-ական թթ-ից։

Ազատագր. թեման արտացոլվել է ինչպես քնար., այնպես էլ քայլերգային և մարտաշունչ երգերում։ Հայրենասիր. երգերը մեծապես նպաստել են ժողովրդի ազգային գիտակցության ձևավորմանը։ Ընդհանուր առմամբ (գյուղականի համեմատությամբ) քաղաքային երգերն ավելի մտերմիկ են, հուզական, նաև առանձնանում են կոմպոզիցիոն որոշ հատկանիշներով (մեղեդին զարգանում է ավելի պարզ միջոցներով, ռիթմական կազմը և ձևային կառույցները նույնպես հստակ են)։ Համեմատաբար հին երգերում ու պարեղանակներում դյուրին է ընկալվում դրանց տեղային պատկանելությունը՝ Երևանի, Ալեքսանդրապոլի, Վանի, Թիֆլիսի, Ղարաբաղի ևն։

Գյուղ. երաժշտությունից խիստ տարբերվում են գրական լեզվով բնագրերը, որոնց հեղինակները մեծ մասամբ պրոֆեսիոնալ բանաստեղծներ են։

Հայ քաղաքային ժողովրդական երգերի բնորոշ նմուշներից են սիրո քնար.՝ «Լուսնակ գիշեր, բոլորովին քուն չունեմ», «Սարերի հովին մեռնիմ», «Դարդս լացեք, սարի սմբուլ», «Սիրուհիս, քեզ համար» և «Աղջիկ, դուն սիրուն», օրորոցային՝ «Քուն եղիր, պալաս», գյուղ.՝ «Մաճկալ ես, բեզարած ես», սոցիալական՝ «Արազն եկավ լափին տալով», հայրենասիր-ազատագր.՝ «Մայր Արաքսի ափերով», «Արևն ելավ, զեյթունցիներ» և թեմատիկ այլ երգեր։

Միջնադարյան նվագարանների մասին տեղեկանում ենք մանրանկարչությունից, պատմ. հիշատակություններից և հին գրություններից, այդ նվագարաններից շատերը վերացել են, մի մասն էլ վերափոխվել է։ Քաղաքային ժող. անսամբլների լարային նվագարանները Մերձավոր Արևելքում տարածվածների տեղային տարբերակներն են՝ քամանչա, քաման, ուդ, թառ, սազ, չոնգուր, քանոն, սանթուր, փողայինները՝ շվի, դուդուկ, զուռնա, հարվածայինները՝ դհոլ, դափ, նաղարա (այժմ չի գործածվում)։ Նվագարանային մենանվագ կամ անսամբլային երաժշտությունը, բազմատեսակ մենապարերից ու ծիսական եղանակներից բացի, ընդգրկում է ծավալուն իմպրովիզացիոն դանդաղ, տարաբնույթ պիեսներից կազմված պոպուրիներ (սովորաբար ռիթմավորված կրկնակներով)։

Անսամբլում լայնորեն կիրառվում են դամը և իմպրովիզացիան։ Շարունակվում է հին նվագարանները վերագտնելու, նորացնելու և նվագարանային «ընտանիքներ» ստեղծելու աշխատանքը։ Քաղաքային ժող. նվագարանային անսամբլները (լարային, փողային կամ խառը) հաճախ առաջնորդվում են պրոֆեսիոնալ բազմաձայն կոմպոզիցիայի կանոններով: