Այս էջը հաստատված է
ՊԱՐԱՐՎԵՍՏ
Ժողովրդական պարարվեստ

Հայկական ժողովրդական պարերի հնագույն ծագման մասին վկայում են բանավոր տեքստերից մեզ հասած բազմաթիվ հասկացություններ և հայ-ում պահպանված ու օգտագործվող պարային, թատեր. մի շարք տերմիններ։ Աշխատանքի ողջ ընթացքը և կենցաղային բազմաթիվ տարրեր վերածվել են շարժումների (կատարվել են որոշակի ռիթմով և ուղեկցվել երաժշտությամբ), որոնք դարձել են պարային շարժումների հիմքը և, աստիճանաբար հեռանալով կենցաղային նշանակությունից, ընդհանրացվել են։

Նախնադարյան շրջանում երաժշտ. գործիքները (հիմնականում հարվածային) երգեցողության ուղեկցությամբ ունեցել են աշխատանքի կազմակերպման, հոգևորի և ֆիզիկական շարժումների ներդաշնակման նշանակություն։ Ավելի ուշ այս ամենը վերածվել է հմայական արարողությունների, որոնց նպատակը կենդանիների ու բույսերի բազմացմանը և նյութականի առատությանը նպաստելն էր։

Պարերը նախապես եղել են ծիս. արարողությունների հիմն․ պայմանն ու անբաժան մասը, որոնք աստիճանաբար կորցրել են իրենց հնագույն նշանակությունը (պահպանվել է միայն հարսանեկան և տոն. արարողություններում)։

Հայ պատմիչները փառաբանել են Գողթն գավառն իր հեքիաթասացներով, երաժիշտներով ու հատկապես պարողներով՝ փանդիռի (բամբիռ) նվագակցությամբ։ Մովսես Խորենացին իր «Պատմություն Հայոց» երկում նշում է. «բայց ավելի հաճախ Արամյան ազգի ծերունիները փանդիռների նվագակցությամբ ցուցքերի ու պարերի երգերով հիշատակում են այս բաները»։

Հայկական ժողովրդական պարերը, ըստ բովանդակության, կատարողների քանակի, սեռի, տարիքի, մշակույթում ունեցած դերի ու նշանակության, ունեն համապատասխան իմաստներ։ Նրանց օրինաչափությունները, առանձնահատկությունները, կառուցվածքի ու բովանդակության փոխհարաբերությունները բացահայտվում են պարաձևերով ու պարատեսակներով, որոնք մշակվելով՝ ստացել են իրենց անվանումները և ունեն սահմանումներ։ Մինչև XX դ. որոշ ծիս. պարերում խստորեն պահպանվել է դասակարգումը՝ ըստ սեռի ու տարիքի, երեխաներին արգելվել է պարել մեծահասակների, աղջիկներին (բացի երիտասարդ. հավաքներից ու հարսանիքներից)՝ ամուրի տղաների հետ։

Ժողովրդական պարերը լինում են զանգվածային (խառը կազմով), խմբային (տղամարդկանց, կանանց, մանկ.), որոնց մեջ առանձնանում են մենապարերը, զուգապարերը և շուրջպարերը։ Զանգվածային և խմբային պարերը կատարվում են տարբեր դասավորումներով (կլոր, փակ և բաց շրջանով, կիսաշրջանով, ուղիղ գծով), ունեն պարի ղեկավար՝ պարագլուխ (պարբաշի), և պարի պոչ՝ որոշակի պարտավորություններով (հսկել պարերի ճիշտ կատարումը, ուղղությունը և այլն)։ Մենապարերը կատարվում են ժողգործիքների, շուրջպարերը՝ հատկապես պարկապզուկի (կամ զուռնաների) ու դհոլի նվագակցությամբ, պարողների երգեցողությամբ։