Այս էջը հաստատված է

Հայկական ժողովրդական պարերի հիմն․ ուղղությունը աջ է, բայց կան նաև ձախ և հետ կատարվող քայլեր ու պարաձևեր, որոնք ընդգծում են որոշակի ծեսերի ողբերգ. իմաստը։ Հայտնի են գովնդ, շորոր, վերվերի, հետ ու առաջ, ծափպար, օձաձև, ոտ զարկելով ու թռիչքներով և այլ պարաձևեր, որոնք, ըստ բովանդակության, դասակարգվում են էպիկ., քնար., կատակային, կենցաղային, աշխատանքային, որսորդ., սգո, թաղման, հարսանեկան, ռազմ., ճանապարհի, մանկ., ծիս., հմայական պարատեսակների։ Յուրաքանչյուր պարատեսակ ունի պարեղանակ, կատարողների կազմ, սեռ, տարիք, կատարման ձև, տեղ ու ժամանակ, երգվող տեքստ, անհատ. երանգավորում (իմպրովիզացիա)։ Պարաձևերն ու պարատեսակները, ըստ ավանդության, կատարվել են հերթականությամբ՝ հաշվի առնելով նախ պարաքայլի կատարման բարդությունը, ապա՝ նպատակադրումը։

Թե՛ պարատներում, թե՛ հարսանիքներում հարսանեկան պարերն սկսվել են նախնիների հիշատակության սգո պարերով, ապա անցել են այլ պարաձևերի, որոնք համարվել են հաջողության և երջանկության գրավական։ Այնուհետև կատարվել են արագ տեմպով, թռիչքներով ու ծափերով պարատեսակները։ Քնար., կենցաղային, աշխատանքային պարերում նմանողական շարժումներով ներկայացվել են խմոր հունցելը, թել մանելը, հյուսելը, լվացք անելը, սխտոր ծեծելը, խաղող տրորելը և այլն։ Նմանողական են նաև որսորդ․ ու ռազմ․ պարերի շարժումները։ Սրբատեղի, ամառանոց, աշխատանքի գնալն ուղեկցվել է ճանապարհի պարերով, որոնք համարվել են «չար ոգիներից» խուսափելու, չարագործություններից ազատվելու միջոց։

Բացի թարս (ձախ գնացող), թաղման, հատուկ տոների ու արարողությունների ժամանակ կատարվող խիստ ծիս. պարերից («Մախոխապրի պարը», «Աստվածածնա պարը» և այլն), մնացածները կատարվել են հարսանիքներին։ Բազմաթիվ պարաձևեր ու պարատեսակներ ունեն ոգեպաշտ․ և տոտեմ․ ծագում («Խնկի ծառ» «Ծիրանի ծառ», «Ղազ-ղազի», «Կռնգոցի», «Հավկու պար» և այլն)։ Պարերը հարսանիքի և այլ արարողությունների ժամանակ կատարվել են կենդանիների ու երևակայական կերպարների դիմակներով։ Պարերում մեծ դեր են ունեցել երաժիշտները, որոնք, կանգնելով պարողների շրջանի կենտրոնում, հետևել են մեղեդիների հաջորդականությանը, հուշել շարժումները, նաև պարել և թռչկոտել։ Հայկական ժողովրդական պարերի հիմնական (հատկապես կենցաղային) մասը ձևավորվել է ավելի ուշ։

XIX-XX դդ-ում հայկական քաղաքային պարերը որոշ ազդեցություն են կրել կովկասյան պարերից։ Ստեղծվել են մի շարք մենապարեր (շալախո, կինտաուրի, Շուշիկի, լեկուրի և այլն), որոնք կոչվել են կովկասյան։ Ժողովրդական պարերը թափանցել են նաև դաս. պարային ներկայացումների մեջ. դրանց հիման վրա սկզբնավորվել են բեմ. և բնութագր. պարերը։

Հայկական ժողովրդական պարերի հետագա զարգացմանը նպաստել են ժողովրդական պարի պրոֆեսիոնալ և սիրող․ խմբերը (ազգագր. պարերի, ժողովրդական երգի ու պարի անսամբլներ և այլն), ստուդիաները, որոնք հիմք են դարձել ինչպես ժողովրդական պարարվ-ի, այնպես էլ բալետի խմբերի կազմավորման համար։ 1924-ին Վահրամ Արիստակեսյանը