Այս էջը հաստատված է

ԹԱՏՐՈՆ

Հայ հնագույն դրաման

Հայ հնագույն հեթանոս․ դրամայի հերոսը ճակատագրի հանդիման կանգնած մարդն է՝ որպես հավերժ․ կալանավոր։ Այս առասպելը տարբեր համատեքստերով հիշատակվում է V դ-ի գրական աղբյուրներից մինչև Հայսմավուրքը (XII-XV դդ.)։

Հայ հնագույն դրաման թեմատիկ ընդհանրություններ ունի նաև «հավերժական վերադարձի առասպելի» հետ, որը խորհրդանշում է տիեզ. պարբերականությունը (ցիկլ)։ Ավելի ակնհայտ է կապը պրոմեթևսյան (հուն.) թեմայի, նաև շղթայվածի առասպելի իրան․ և կովկասյան տարբերակների հետ, որոնցից միայն հուն․ տարբերակն ունի ծիսադրամատիկ. մարմնավորում։

Հայկ. տարբերակը բնորոշվում է որպես դրամա-մարգարեություն, որը կապված է սիդերական տարվա (երկնային լուսատուների լրիվ շրջապտույտը) և, ամենակարևորը, Շիդար աստծու 2 նշանակությամբ (նզովք և շղթա) անվան հետ։ Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ի 1-ին մասի վերաձևված սյուժեն տիպաբանորեն նման է Սաքսոն Քերականի «Ասք Ամլեդուսի մասին» զրույցին, որի գեղարվեստական վերաիմաստավորումը Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունն է, որտեղ «ժամանակը կապը կտրել է» միտքն ակնհայտորեն ունի խորհրդապաշտ. հիմք։

Հին բաբել. պոեմում «ես բանտարկված եմ սեփական մարմնիս բանտում» արտահայտությունը դրամատիկ. բոլոր իրավիճակների ընդհանուր հիմքն է. թեմատիկ պայմանաձևը միջազգային է, սակայն «ժամանակի շղթան» ամրացնելու ծեսը հայտնի է հայկական միջնադարյան գրական աղբյուրներից և հանգում է տիեզերաբան. հնագույն պատկերացումներին։ «Սասնա ծռեր» էպոսում ժայռի մեջ բանտարկված Մհերը, որ զսպված ուժի և սպասվող փրկության խորհրդանիշն է, նայում է «ճակատագրի անիվին» (համաստեղությունների շրջան), որն արտացոլված է առաջավորասիական հորոսկոպում։

Դրամայի ծագման խնդիրն արծարծվում է արևապաշտ. և բուսապաշտ․ տեսություններով։ Հայ հնագույն դրամայի սկզբնավորումը բացատրվում է արևապաշտ. տեսությամբ։

Հայ հին և միջնադարյան թատրոնը

Ուշ հելլենիզմի դարաշրջանում (մ. թ. ա. I դ.), երբ հույն դաս. թատրոնն արդեն անցյալ էր, իսկ հանրապետական Հռոմում քաղաքական ողբերգությունը մոտենում էր իր մայրամուտին, փոքրասիացի հույն թափառական դերասանների խմբերի հետ անտիկ թատեր. ավանդույթը մուտք է գործել Հայաստան։ Ըստ Պլուտարքոսի՝ Տիգրան Բ-ն Տիգրանակերտ մայրաքաղաքում կառուցել է թատրոն (մ. թ. ա. 69), որի համար փոքրասիական քաղաքներից գերեվարել է հույն դերասանների։ Նույն թվականին Տիգրանակերտը գրաված Լուկուլլոսը ներկայացումներ է կազմակերպել այդ թատրոնում։

Տիգրան Բ-ի ստեղծած թատեր. ավանդույթն Արտաշատում շարունակել է նրա որդին՝ Արտավազդը, որը գրել է ողբերգություններ (հուն.)։ Պլուտարքոսը հիշատակում է մի դրվագ Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգութան ներկայացումից, որը կազմակերպվել էր Հայոց արքունիքում (մ. թ. ա. 53)՝ հռոմեացի զորավար Մարկոս Կրասոսի լեգեոնների դեմ հայ-պարսկ. զորքի հաղթանակի առթիվ։ Պարթև զինվորները Արտաշատ են բերել սպանված Կրասոսի գլուխը և ներկայացման պահին նետել սրահի կենտրոնը։ Հույն դերասան Յասոն Տրալիանոսը վերցրել է Կրասոսի գլուխը և արտասանել. «Հետ ենք բերում լեռներից մատաղ բաղեղն իր բնով՝ հաջողակ մի որս»։ Արքան պարգևատրել է Կրասոսին սպանողին՝ Պոմաքսաթրեսին, և Յասոնին։

Ըստ Պլուտարքոսի՝ Արտավագդի պալատում «խաղացվել են բազմաթիվ հունարեն պիեսներ»։ Այս փաստը վկայում է, որ ուշ հելլենիզմի դարաշրջանում հուն. դաս. թատրոնի վերջին բռնկումները տեղի են ունեցել Առաջավոր Ասիայում. Հայաստանը նույնպես այդ մշակույթի վերջին ապաստաններից էր։

Թատերարվ-ի հնադարից ժառանգած ձևերն ու տեսակները գոյատևել են նաև միջին դարերում (IV-XVII դդ.)։ Միջնադարյան թատրոնի հիմն․ տեսակներն են ժողովրդական պարերգային դրաման (թատերարվ-ի հնագույն և ժողովրդական տիպը) և աշխարհիկ պրոֆեսիոնալ թատրոնը (հայկական կրկեսային արվ-ը միջնադարում), Հին Հռոմից եկող և քրիստ. Ասորիքի ու Բյուզանդիայի միջոցով Հայաստան ներթափանցած միմոսը և դպրոց․ ճարտասանությունն ու առասպելավարժությունը՝ դրամատիկ․ և բեմ. խաղի որոշ տարրերով։ Միջնադարում ստեղծվել է թատեր. միջավայր՝ կենցաղի պայման․ ու կայուն ձևերով, բարքերի ծիսականություն և թատեր. զվարճալիքներ, թափառող գուսաններ և այլն, մյուս կողմից՝ եկեղեց. թատերակարգ՝ պատարագով, ժամերգությամբ և լիթուրգիական (պատարագային) դրամայով։ Եկեղեց. միջավայրը ուշ միջնադարում (XIV դ-ից) Եվրոպայում ստեղծել է իր թատրոնն ու դրամատուրգիան։

Հայ իրականության մեջ ավելի ուշ վերածնվել է դպրոց․ բեմասացությունը՝ որպես թատրոնի և դրամայի յուրահատուկ տեսակ (XVII դ.)։ Հայկական վաղմիջնադարյան միմոսական թատրոնի մասին հիշատակվում է հայ մատենագրության, նրա հեռավոր արձագանքները կան աշխարհիկ բանաստեղծության մեջ։ V-XVII դդ-ում անընդմեջ գոյություն է ունեցել նաև աշխարհիկ թատրոնը։

Վաղ միջնադարում, աշխարհիկ պրոֆեսիոնալ թատրոնից անկախ, հայ եկեղեցին ստեղծել է իր թատերակարգը՝