թատրոնի պատմության մեջ (Մաքսիմ Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», Պիեռ Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը», «Մեծապատիվ մուրացկաններ»՝ ըստ Հ. Պարոնյանի, և այլն)։
1930-ական թթ-ի կեսերից թատեր. կյանքը փոխել է իր բնականոն ընթացքը՝ կապված երկրի հասարակական կյանքում տեղ գտած անձի պաշտամունքի հետ, որը տևել է մինչև 1950-ական թթ-ի կեսերը։ Այդ շրջանում առավել հաջողություն են ունեցել պատմ. դրամաների բեմադրությունները (Մկրտիչ Ջանանի «Շահնամե», Լյուդվիգ Միքայելյանի «Վարազդատ», Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի» և այլն )։ 1930-ական թթ. նշանավորվել են նաև նոր թատրոնների ստեղծումով, բացվել են Երևանի Մաքսիմ Գորկու անվան բանվոր. (1932-36), Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի (1933), Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական (1937), Ստեփանակերտի հայկական (1932), ինչպես նաև շրջանային (Ղափանի՝ 1931, Արթիկի՝ 1936-49, Գորիսի՝ 1936-60, վերաբացվել է 1985-ին, Ստեփանավանի՝ 1935-51, և այլն) թատրոններ։ Տիկնիկային թատրոններ են ստեղծվել Երևանում (1935) և Լենինականում (1935)։
Թատեր. ցանցի ընդլայնումը, սակայն, չի ուղեկցվել գեղարվեստական որակի բարձրացմամբ, քանի որ թատրոնները մեծ խնդիրներ լուծելու հնարավորություններ չեն ունեցել։ Մի շարք հմուտ և շնորհալի դերասաններ ու ռեժ-ներ (Ա. Խարազան, Արուս Խուդանյան, Հրանուշ Բաբաջանյան, Լևոն Աբրահամյան, Աշ-Մաթ, Կարո Ալվարյան և ուրիշներ) մեծ քաղաքներից դուրս ստեղծել են թատեր. կյանք, աչքի ընկել ուշագրավ անձնավորումներով և բեմադրություններով։ Սակայն թատրոնի պատմության ուղին որոշում էին մեծ թատրոնների ռեժ-ներն ու դերասանները (Ա. Գուլակյան, Վ. Աճեմյան, Տ. Շամիրխանյան, Վավիկ Վարդանյան, Հասմիկ, Ա. Ոսկանյան, Օ. Գուլագյան և ուրիշներ)։
Հայ թատրոնի պատմության 1941-45 թթ-ի շրջափուլն ընթացել է «ամեն ինչ հանուն հաղթանակի» նշանաբանով։ Թատրոնների խաղացանկում գերակշռել են հայրենասիր. գործերը (Նաիրի Զարյանի «Վրեժ», Կոնստանտին Սիմոնովի «Ռուս մարդիկ», Ալեքսանդր Կոռնեյչուկի «Ռազմաճակատ», Դ. Դեմիրճյանի «Երկիր հայրենի», Ալեքսանդր Արաքսմանյանի «Հրաբուխի վրա», «Գևորգ Մարզպետունի»՝ ըստ Մուրացանի, և այլն)։ Բեմադրվել են նաև Վիլյամ Շեքսպիրի պիեսներից («Համլետ», «Օթելլո», «Ամառային գիշերվա երազը» և այլն), որոնց շնորհիվ Շեքսպիրյան համամիութ. փառատոնը 1944-ին տեղի է ունեցել Երևանում։ Այդ շրջանի ձեռքբերումներից է Երևանի երաժշտ. կոմեդիայի թատրոնի բացումը (1942)՝ Վ. Աճեմյանի ղեկավարությամբ։ Այստեղ են ստեղծագործել անվանի դերասաններ Թ. Սարյանը, Հայկ և Իզաբելլա Դանզասները, Կարպ Խաչվանքյանը, Սվետլանա Գրիգորյանը և ուրիշներ։ Ստեղծվել են նաև մի շարք շրջանային թատրոններ, հիմնադրվել է Երևանի թատեր. ինստ-ը (1944)։
1945-55-ին՝ հետպատերազմ. տարիներին, թատրոնն ապրել է «անկոնֆլիկտ դրամատուրգիայի» շրջան, երբ, ժամանակակից դրական հերոսների ստեղծման պահանջից ելնելով, գրվել են պատեհապաշտ դատողություններով և անգույն