Այս էջը հաստատված է

Նորագույն թատրոնը

1980-ական թթ-ի վերջերից՝ դեռևս երկրի անկախացման նախօրեին, հայ թատեր. իրականության մեջ հաստատվել էր ազատ գործունեության սկզբունքը։ Կազմավորվել են նոր՝ սեփական գեղարվեստական ծրագրերով առաջնորդվող թատրոններ և թատերախմբեր, որոնց զուգահեռ շարունակում են ստեղծագործել ավանդ․ խաղացանկային թատրոնները՝ հետևելով տարբեր դպրոցների գեղագիտական դրույթներին։ Ուշագրավ է, որ հայ նորագույն թատրոնի կարևոր ուղղորդիչներից է Վիլյամ Շեքսպիրի աշխարհընկալումը. պատմ. զարգացման շեքսպիրյան ըմբռնումն ու պատկերման ձևերը խիստ արդիական են։ Նրա պիեսներին («Համլետ», «Մակբեթ», «Հուլիոս Կեսար», «Լիր արքա» և այլն) անդրադարձել են Սոս Սարգսյանը, Արմեն Խանդիկյանը, Արթուր Սահակյանը, Հակոբ Ղազանչյանը, Միքայել Կոտոյանը։ Լ. Շանթի պիեսների բեմադրություններում Վ. Շահվերդյանը («Հին աստվածներ», Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն), Հ. Ղազանչյանը («Շղթայվածը») և Միքայել Գրիգորյանը («Ինկած բերդի իշխանուհին», երկուսն էլ՝ Գյումրիի դրամատիկ. թատրոն) ձևավորել են հեղինակի պոետիկայի նորագույն և յուրատիպ ավանդույթներ։ Նշանակալի բեմադրություններ են ստեղծվել նաև Երևանի երաժշտ. կոմեդիայի (Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան», ռեժ.՝ Երվանդ Ղազանչյան), «Համազգային» (Սամվել Կոսյանի «Գուցե փրկվենք», ռեժ.՝ Դավիթ Հակոբյան), Արտաշատի («Միրհավ»՝ ըստ Ակսել Բակունցի, ռեժ.՝ Հայկ Մնացականյան), Գավառի (Բերթոլդ Բրեխտի «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները», ռեժ.՝ Գուժ Մանուկյան) և այլ թատրոններում։

1990-ական թթ-ի կեսերից խաղացանկային-ծրագրային թատրոնների կողքին ձևավորվել են անտրեպրիզային (մասնավոր) ներկայացումներ կազմակերպելու ավանդույթներ, որոնք հնարավորություն են ընձեռում ռեժ-ներին ու դերասաններին հիմնավորելու և հաստատելու տարբեր գեղագիտական ու գեղարվեստական սկզբունքներ։ Անտրեպրիզը եվրոպ. թատեր. իրականության մեջ հաստատված ձև է, որը Ռուսաստանում տարածվել է XIX դ-ի վերջին և գոյատևել մինչև XX դ-ի 20-ական թթ.՝ ընդգրկելով նաև հայ թատրոնը։

Այդ ավանդույթների վերականգնման առաջին դրսևորումները դերասաններ Հրանտ Թոխատյանի, Միքայել Պողոսյանի, ռեժ. Արթուր Սահակյանի («Խաթաբալադա», «Իմ մեղքը»), Վարդան Պետրոսյանի և Խորեն Աբրահամյանի («Ծերունին և սովը») և ուրիշներ բեմադրություններն են, որոնք ներկայացվել են նաև Սփյուռքում։ Անտրեպրիզային ներկայացումների որոշակի ավանդույթներ են ձևավորել դերասաններ Ա. Խոստիկյանը, Կիմ Երիցյանը, Արմեն Մարությանը և Ռաֆայել Քոթանջյանը, որոնց բեմադրությունները գլխավորապես կառուցվել են երգիծ. և կատակերգ. ստեղծագործությունների վրա։

2000-ական թթ-ին անտրեպրիզը դարձել է թատեր. կյանքի անբաժանելի մասը (Արտաշես Հովհաննիսյանի «Առնետորս», «Աշնան արև», «Սարերում կյանք կա», Հակոբ Ղազանչյանի «Կնոջս անունը