Այս էջը հաստատված է

ԿՐԿԵՍ

Կրկեսը մինչև XX դարը

Կրկեսը խաղային բանահյուսության և խորհրդապաշտ. արվ-ի հնագույն ձևերից է՝ հայ միջնադարյան թատրոնի ամենաընդունված տեսակը, և կոչվել է թատր կամ թէատրոն։ Գրական սակավաթիվ վկայություններից ամենահինը վերաբերում է V դ-ին (Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց», Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց» և այլն)։ Հայ միջնադարյան կրկեսային արվ-ի մասին հիշատակված է նաև ուշ շրջանի աղբյուրներում. 1248-ին Ժուանվիլ անունով խաչակիր մի ասպետ Երուսաղեմի ճանապարհին հանդիպել է ուխտագնաց և ձեռնածու-ակրոբատների Մեծ Հայքից։

Տեղեկություններ կան նաև հեծելախաղային կրկեսի մասին։ Միջնադարում կրկեսը եղել է նաև ուժային ցույցերի, կռփամարտի և ըմբշամարտի վայր։ Հայկական հնադարյան կրկեսի ամենաերկարակյաց ժանրը լարախաղացությունն է, որը հասել է մեր ժամանակները։ Լարախաղացը ներկայացվել է որպես հրաշագործ հերոս և Սբ Կարապետի նվիրյալը, իսկ նրա խաղընկեր ծաղրածուն կերպավորել է երկրայինը և պարսավելին։

Միջնադարյան կրկեսը լարախաղացության մեջ դրսևորվել է իր իմաստաբան․ և գեղագիտական գծերով։ Կրկեսի հետքերն ակնհայտ են նաև միջնադարյան բազմաթիվ մանրանկարներում։ Հայկական հին և միջնադարյան կրկեսը, ըստ մատենագր. տվյալների, ներկայացված է որպես շրջիկ թատրոն։ Հովհան Ա Մանդակունի կաթողիկոսի (478-490) անունով պահպանված ճառում լեզվ. փաստերը ենթադրում են նաև կրկեսի շենքի գոյության մասին (թէատրոնը միջնադարյան բառարաններում բացատրվում է «խաղատեղի թատեր», «հանգամանք խաղացողաց», Մատենադարան, ձեռ. № 450, 623)։ Միջնադարյան կրկեսի հետքերը պահպանվել են նաև խաղային բանահյուսության մեջ. դրանք Բարեկենդանի հետ կապված հեծելախաղերն են, լարախաղերը, խոյակռիվը, աքլորակռիվը, ըմբշամարտը և այլն։ Միջնադարյան քաղաքների և քաղաքային կյանքի անկումով պրոֆեսիոնալ կրկեսային արվ-ը մասամբ անհետացել է, մասամբ գաղթել իր բնաշխարհից, մասամբ էլ տարրալուծվել ժողովրդական հանդիսանքների մեջ և այլն։

Կրկեսը թատրոն անվանելու միջնադարյան ավանդույթը Եվրոպայում պահպանվել է մինչև 1806-ը, երբ Նապոլեոնի հրամանագրով Ֆրանսիայի մանեժային սրահներն ու խմբերը կոչվեցին կրկես (circus-շրջան), իսկ հայելակամար (պորտալային) սրահներն ու խմբերը՝ թատրոն։

Հայկական միջավայրում «թատր» և «թէատրոն» անվանումները XIX դ-ի սկզբին դեռևս գործածվել են իրենց համապատասխան իմաստով։ Ուստի 1846-ին Կ. Պոլսում հիմնադրված հայկական կրկեսը կոչվել է «Արամյան թատրոն» (ունեցել է կենտրոնացույց ու հայելակամար)։ Թատրոնը հիմնել է լարախաղաց, ծանրամարտիկ և դերասան Հովհաննես Գասպարյանը։ Թատրոնի շենքը փայտաշեն մեծ տաղավար էր՝ մանեժով և բեմով, ուներ մշտ. խումբ (մնջկատակներ, էկվիլիբրիստներ, պարուհիներ, դրամատիկ, դերասաններ), եվրոպ. տիպի նվագախումբ, կոմպոզիտոր-դիրիժորն էր Կարապետ Փափազյանը։ Ներկայացումներն ունեցել են կրկեսային, բալետային, մնջկատակային և դրամատիկ․ բաժիններ։ Կրկեսային բաժինն ընդգրկել է ուժային, տեխ. բարդ և թատերասյուժետային լարախաղեր (պար, մենամարտ, խնջույք լարի վրա և այլն), նաև զանազան ցույցեր։ Բալետում հանդես են եկել իտալացի պարուհիներ (Լիզա, Հայտե, Ռոզա, Միքելա), մնջկատակային ինտերմեդիաներում՝ Հ. Գասպարյանը, Ա. Մինասյանը, Մ. Փամբուկչյանը, Գ. Չիլինկիրյանը և ուրիշներ։ Դրամատիկ․ բաժնում ներկայացվել են արկածային մելոդրամաներ, պատմ. ողբերգություններ, որոնց մասնակցել է ամբողջ թատերախումբը (մոտ 26 մարդ), այդ թվում՝ հայ օրիորդներ Թագուհին, Մառին և Անտիկը։

Կ. Պոլսի իտալ. և ֆրանս. կրկեսային խմբերը, չդիմանալով «Արամյան թատրոնի» մրցակցությանը, փակվել են։ 1849-50-ի թատերաշրջանում թատրոնը ներկայացումներ է խաղացել Թիֆլիսում, որտեղ ոմն Հակոբ աղա խմբի համար կառուցել է հատուկ շենք՝ 1000-տեղանոց, 72 կրկնահարկ, թավշապատ օթյակներով։ Այնուհետև կրկեսը շրջագայել է Վրաստանի հայաշատ վայրերում (Փոթի, Քութայիս, Սուրամ, Գորի, Մցխեթ)։ 1850-53-ին խումբը ելույթներ է ունեցել