Այս էջը հաստատված է
ԿԻՆՈ
Հայկական կինոյի սկզբնավորումը։ Համր կինո

Հայկական կինոարվ-ն սկզբնավորվել է ռուս և եվրոպացի կինոօպերատորների նկարահանած փաստավավերագր. ֆիլմերով։ Առաջին կինոկադրերն ստեղծվել են 1907-1914-ին. 1907-ին՝ Մկրտիչ Ա Վանեցի (ցուցադրվել է Թիֆլիսում և Բաքվում), 1910-ին՝ Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի (օպերատորներ՝ Ալեքսանդր Դիգմելյով և Ա. Միներվին) կաթողիկոսների թաղումները։

1913-ին Իվան Պերեստիանին Ալեքսանդր Խանժոնկովի ստուդիայում էկրանավորել է Շիրվանզադեի «Նամուս» վիպակը (ֆիլմը՝ «Երդումով կապվածները», սցենարիստ և գլխ. դերակատար՝ Վահրամ Փափազյան)։ Նախահեղափոխական շրջանի ռուս․ կինոյում նկարահանվել են դերասաններ Արշավիր Շահխաթունին, Արուս Ոսկանյանը, Արշակ Բուրջալյանը, Օլգա Մայսուրյանը, թուրք․ կինոյում՝ Վ. Փափազյանը և Հրաչյա Ներսիսյանը։ 1915-ին Ա. Միներվինը Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար) մի խումբ հայ սիրող դերասանների մասնակցությամբ նկարահանել է «Թուրքահայերի ողբերգությունը» կինոնկարը։ Մինչև հեղափոխությունը ռուս․ կինոյի ճանաչված դերասան էր հետագայում հայկական գեղարվեստական կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանը։

Ռուս կինոօպերատորներն Առաջին համաշխ. պատերազմի (1914-18) տարիներին Կովկասյան ռազմաճակատում փաստագր. բազմաթիվ նկարահանումներ են կատարել, որոնց մեծ մասը նվիրված է հայ ժողովրդի կյանքին։ Կինոնյութեր են ստեղծվել նաև 1918-20-ին։ 1920-ին կինոօպերատոր Ալեքսանդր Լեմբերգը նկարահանել է վավերագր. կինոակնարկ՝ նվիրված Հայաստանում խորհրդային կարգերի հաստատմանը։

ՀԽՍՀ ժողկոմխորհը 1923-ին (համարվում է հայկական կինոյի ծննդյան տարեթիվը) որոշում է ընդունել մասնավոր կինոթատրոններն ազգայնացնելու և Պետկինո հիմնելու մասին։ 1923-ի աշնանը Պետկինոյի հիման վրա ստեղծվել է Պետֆոտոկինո բաժնետիր. ընկերությունը, որը մինչև 1928-ը կոչվել է Կինոֆաբրիկա, ապա՝ Հայկինո, 1938-ից՝ Երևանի կինոստուդիա, 1957-ից՝ Հայֆիլմ (1966-ից՝ Հ. Բեկնազարյանի անվան)։

1924-ից կինոթատրոններ են բացվել Երևանում, Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր), Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ), Ստեփանավանում։ Նույն թվականին օպերատոր Իգոր Կրասլավսկու ղեկավարությամբ նկարահանվել է «Խորհրդային Հայաստան» 6-մասանոց վավերագր. ֆիլմը (սցենարը՝ Եղիա Չուբարի, Դանիել Դզնունու, Պ. Ֆոլյանի)։ Հայտարարվել է լավագույն սցենարի մրցույթ առաջին գեղարվեստական ֆիլմի համար, սակայն գեղխորհդի որոշմամբ էկրանավորվել է Շիրվանզադեի «Նամուսը»։ Նկարահանել է Հ. Բեկնազարյանը, որը 1921-ից աշխատում էր վրաց. կինոստուդիայում (Հայաստանում հաստատվել է 1926-ին)։ «Նամուս»-ում նկարահանվել են դերասաններ Հովհաննես Աբելյանը, Հասմիկը, Համբարձում Խաչանյանը, Օլգա Մայսուրյանը, Ավետ Ավետիսյանը, Հրաչյա Ներսիսյանը, Նինա Մանուչարյանը։ Ֆիլմն աչքի է ընկնում արտահայտիչ կինոլեզվով, ժողովրդի բարքերն ու կենցաղի մանրամասերը պատկերելու հավաստիությամբ։

Հ. Բեկնազարյանի այդ և հաջորդ կինոնկարները հաստատել են նրա վարպետությունն ու ինքնատիպությունը։ Մեծակտավ, էպիկական «Զարե» (1926, քրդերի մասին) և «Խասփուշ» (1927, Իրանում գյուղացիների ապստամբության մասին) ֆիլմերում հայ կինոգործիչներն անդրադարձել են նաև այլ ժողովուրդների հոգսերին։ Այդ կինոնկարներում Արևելքն արտացոլված է հակասությունների իրական համատեքստում։

Հայկական կինոյի համր շրջանը հարուստ է կատակերգ. կինոնկարներով՝ «Շոր և Շորշոր» (1926, ռեժ.՝ Հ. Բեկնազարյան), «Մեքսիկական դիպլոմատները» (1931, ռեժ.՝ Ամասի Մարտիրոսյան), «Կիկոս» (1931, ռեժ.՝ Պատվական Բարխուդարյան)։