Այս էջը հաստատված է

ենք, մեր սարերը» (1969, երկուսն էլ՝ ռեժ.՝ Հ. Մալյան), «Սարոյան եղբայրներ» (1968, ռեժ-ներ՝ Խ․ Աբրահամյան, Ա. Հայրապետյան), «Նռան գույնը» (1969, ռեժ.՝ Սերգեյ Փարաջանով) կինոնկարները, որոնք արժանացել են միութ. և միջազգ. կինոփառատոների մրց-ների և ներկայացնում են հայկական կինոյի «նոր ալիքը»։

«Նոր ալիքի» ձևավորմանը նպաստել են դրամատուրգներ Առնոլդ Աղաբաբովի, Աղասի Այվազյանի, Հրանտ Մաթևոսյանի, Մանուկ Մնացականյանի, օպերատորներ Սերգեյ Իսրայելյանի, Ալբերտ Յավուրյանի, կոմպոզիտորներ Մարտին Վարդազարյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Տիգրան Մանսուրյանի և ուրիշների ստեղծագործությունները։ 1970-ական թթ-ին սկսվել է հայկական կինոյի կայունության շրջանը, ընդլայնվել է կինոարտադրությունը։ Կինոռեժիսորներն անդրադարձել են և՛ ժամանակակից թեմաներին («Այստեղ, այս խաչմերուկում», 1974, ռեժ.՝ Կարեն Գևորգյան, «Սպիտակ ափեր», 1975, ռեժ.՝ Ա. Մանարյան), և՛ ազգային դասական երկերին («Ժայռ»՝ ըստ Վրթանես Փափազյանի, 1973, ռեժ.՝ Վարդան Աճեմյան, Ա. Հայրապետյան, «Քաոս»՝ ըստ Շիրվանզադեի, 1975, ռեժ.՝ Լ. Վաղարշյան, և այլն)։

Այդ շրջանի հաջողված կատակերգություններից են «Տղամարդիկ» (1972, ռեժ.՝ Էդմոնդ Քեոսայան), «Հարսնացու հյուսիսից» (1975, ռեժ.՝ Ներսես Հովհաննիսյան) և այլն։ Հայկական կինոյում առավել ուշագրավ են «Երկունք» (ռեժ.՝ Ֆ. Դովլաթյան) և «Նահապետ» (ռեժ.՝ Հ. Մալյան, երկուսն էլ՝ 1977) կինոնկարները, առաջինն անդրադարձել է 1920-ական թթ-ին հայկական նորաստեղծ հանրապետության կայացմանը, իսկ երկրորդը՝ հայոց Մեծ եղեռնին։ Սոցիալ-բարոյական խնդիրներ են շոշափում «Կյանքի լավագույն կեսը» (1979), «Հին օրերի երգը» (1982) և «Մեր մանկության տանգոն» (1984, երեքն էլ՝ ռեժ.՝ Ալբերտ Մկրտչյան) ֆիլմերը, որտեղ ձևավորվել են նոր կինոհնչերանգներ և հերոսներ։ 1970-80-ական թթ-ին ազգային վառ ինքնատիպությամբ օժտված, ճշմարտացի կերպարներ են ստեղծել Խ. Աբրահամյանը, Արման Կոթիկյանը, Մ. Մկրտչյանը, Ս. Սարգսյանը, Շահում Ղազարյանը, Գուժ Մանուկյանը, Գալյա Նովենցը, Ազատ Գասպարյանը, Ազատ Շերենցը և ուրիշներ։

Հայ կինոյի հասունության շրջանը 1980-ական թթ-ն են, երբ ստեղծված էին բոլոր գեղարվեստական միջոցները՝ լուծելու բարդ և համապարփակ խնդիրներ. «Կտոր մը երկինք» (ըստ Վահան Թոթովենցի, 1980, ռեժ.՝ Հ. Մալյան), «Երջանկության մեխանիկա» (1982, ռեժ.՝ Ն. Հովհաննիսյան), «Խնձորի այգին» (ըստ Ստեփան Զորյանի, 1985, ռեժ.՝ Գ. Մելիք-Ավագյան), «Մենավոր ընկուզենի» (ըստ Վարդգես Պետրոսյանի, 1986, ռեժ.՝ Ֆ. Դովլաթյան), «Գաղտնի խորհրդականը» (1987, ռեժ.՝ Աղասի Այվազյան), «Շնչառություն» (1988, ռեժ.՝ Ա. Մկրտչյան), «Դեմքով դեպի պատը» (ըստ Հովհաննես Մելքոնյանի, 1989, ռեժ.՝ Միքայել Դովլաթյան), «Քամին ունայնության» (1989, ռեժ.՝ Հարություն Խաչատրյան) և այլն։

Էվերտ Պայազատյան