Այս էջը հաստատված է

Կարին քաղաքի մատենադարանը։ 1298-ին Եգիպտոսի մամլուքներն ավերել են կաթողիկոսանիստ Հռոմկլա ամրոցը և իրենց հետ տարել բազմաթիվ գրչագրեր։ Էջմիածնի գրատան կողոպուտը XVII դ-ում արձանագրել է Առաքել Դավրիժեցին, 1804-ի ավերումը՝ Ներսես Ե Աշտարակեցին։

Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանի հետ միացումից (1828) հետո Մատենադարանի ձեռագրական հավաքածուն զգալիորեն ավելացել է. եթե 1828-ին այնտեղ հաշվվում էր 1809 ձեռագիր, ապա 1914-ին՝ արդեն 4660։ XIX դ-ի վերջից Էջմիածնի ձեռագրատան նյութերի հիման վրա սկսված պատմաբանասիր. աշխատանքներն ընդհատվել են Առաջին աշխարհամարտի (1914-18) պատճառով։ Հայոց ցեղասպանության տարիներին Արևմտյան Հայաստանի ողջ տարածքում ոչնչացվել են հայ մշակույթի բոլոր կենտրոններն ու այնտեղ պահվող հազարավոր ձեռագիր մատյաններ։ Բարեբախտաբար, բազմաթիվ մատյաններ էլ փրկվել են Մեծ եղեռնից մազապուրծ հայերի շնորհիվ։

1920-30-ակաև թթ-ին Մատենադարանի հավաքածուն համալրվել է Վասպուրականից և Տարոնից բերված, ԽՍՀՄ տարածքում գտնվող հայկական վանքերից ու եկեղեցիներից հավաքված, Մոսկվայի Լազարյան ճեմարանից, Թիֆլիսի հայոց ազգագր. ընկերությունից ու Ներսիսյան դպրոցից, Նոր Նախիջևանից, Նոր Բայազետից, Կարինի Սանասարյան վարժարանից, Թավրիզի առաջնորդարանից, Դարաշամբից (մինչև 1946-ը՝ գյուղ՝ Իրանի Մակու գավառում), Հայաստանի պետական թանգարանից և այլ տեղերից ստացված, ինչպես նաև զանազան անհատների նվիրած կամ վաճառած ձեռագրերով, որոնք ցուցակագրվել ու նկարագրվել են։ 1965-70-ին 2 հատորով հրատարակվել է Մատենադարանի հայերեն ձեռագրերի համառոտ ցուցակը, իսկ 1984-ից սկսած՝ «Մատենադարանի հայերեն ձեռագրերի մայր ցուցակի» Ա-Ե հատորները, տպագրության են պատրաստ Զ և Է հատորները։ 1959-ից ցայսօր Մատենադարանը լույս է ընծայել ավելի քան 300 անուն գիրք։

Մատենադարանում պահվող շուրջ 18 հազար ձեռագրերից ավելի քան 11,2 հազարը հայերեն ամբողջ․ ձեռագրեր են, մնացածը՝ հայերեն ձեռագրերի պատառիկներ, հմայիլներ, նորագույն և օտարալեզու (արաբ., պարսկ., թուրք., ասոր., հին վրաց., հուն., լատ., ռուս․ և այլն) ձեռագրեր։ Արխիվային ֆոնդում պահպանվում են ավելի քան 100 հազար վավերագրեր։ Վերջին տասնամյակներում նկատելիորեն հարստացել է Մատենադարանի օտարալեզու ձեռագրերի հավաքածուն։

Հայ ժողովրդի գրավոր հնագույև հուշարձանները V-VI դդ-ից մնացած մագաղաթի պատառիկներ են, պահպանվել են նաև ամբողջ․ ձեռագրեր VII և հետագա դարերից, հին ժամանակների քարացած մատյաններ ու մագաղաթի կտորներ են հայտնաբերվել քարայրերում։

Մեզ հասած հնագույն ամբողջ․ ձեռագիրը VII դ-ում ընդօրինակված մագաղաթե Ավետարան է (հայտնի է «Վեհամոր» կամ «Բանանցի Ծեր Ավետարան» անուններով), որի վրա ձեռքը դրած երդվել են ՀՀ 3 նախագահները։ Եզակի ձեռագրերից է Լազարյան Ավետարանը, որն ունի ճշգրիտ թվական՝ 887։ Հնագույն հայերեն թղթե ձեռագիրը 981-ին կազմված գիտական և պատմափիլ. երկերի ժողովածու է («Մատեան գիտութեան եւ հաւատոյ»). մատյանի 1000-ամյա հոբելյանի առթիվ 1995-ին Երևանում լույս է ընծայվել ձեռագրի նմանահանությունը (ֆաքսիմիլե)։

Հայկական ձեռագրերն ունեն տարբեր չափսեր ու ծավալներ։ Ամենամեծը 1200-02-ին Երզնկայի Ավագ վանքում գրված և ծաղկված «Մշո Ճառընտիրն» է (55,5 X 70,5 սմ). քաշը՝ 28 կգ, ամենափոքրը 1434-ի «Տօնացոյցը» (3,4 x 4 սմ). քաշը՝ 19 գ։

Մատենադարանի ծրագրերում ուրույն տեղ է հատկացված Աստվածաշնչի քննական բնագրի պատրաստմանը. հրատարակվել են «Ծննդոց», «Ելից», «Ղեւտացոց», «Թիւք», «Երկրորդումն օրինաց», «Մակբայեցւոց», «ԺԲ մարգարեից» գրքերի բնագրերը, հաջորդաբար լույս կընծայվեն նաև մյուսները։ Շարունակվում են «Պատմագիրք Հայոց» մատենաշարի գիտաքննական աշխատանքները, լույս են տեսել Մովսես Խորենացու, Եղիշեի, Սեբեոսի, Մովսես Կաղանկատվացու, Հովհաննես Դրասխանակերտցու, Մեսրոպ Երեցի, Արիստակես Լաստիվերցու, Կիրակոս Գանձակեցու, Առաքել Դավրիժեցու, Թովմա Արծրունու պատմությունների գիտական բնագրերը։ Մատենադարանը սերտորեն համագործակցում է «Մատենագիրք Հայոց» ծավալուն մատենաշարի հրատ-յան աշխատանքներին։

Պատմ. կարևոր սկզբնաղբյուրներ են նաև հայկական ձեռագրերի հիշատակարանները, լույս են ընծայվել Ե-ԺԲ, ԺԳ, ԺԴ, ԺԵ և ԺԷ դդ-ի հիշատակարանների հատորները։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջնադարյան հայ փիլ-յան և իրավունքի եզակի հուշարձաններին. հրատարակվել են Մխիթար Գոշի Դատաստանագրքի և «Աստրախանի հայոց դատաստանագրքի» քննական բնագրերը։

Միջնադարյան հայ գեղարվեստական գրակ-յան բնագրերից տպագրվել են Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Տղայի, Հովհաննես Երզնկացու, Բաղղասար Դպիրի, Նաղաշ Հովնաթանի և այլ տաղերգուների ժառանգությունները, «Հայրենների» ամբողջ․ քննական բնագիրը, միջնադարյան