Այս էջը հաստատված է
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվ-ի թանգարանը (ԳԱԹ) կազմավորվել է 1954-ին Երևանում՝ գրակ-յան, թատեր. թանգարանների և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտ. կաբինետի նյութերի հիման վրա (1967-ից՝ Ե. Չարենցի անվան)։ Հետագայում ընդգրկել է նաև հայ կինոարվ-ին վերաբերող հավաքածուն։ Թանգարանում պահվում են Սայաթ-Նովայից մինչև նորագույն շրջանի հայ գրակ-յան և արվ-ի անվանի գործիչների ձեռագրերը, նամակները, անձն․ ու բեմ. իրեր, լուսանկարներ, ազդագրեր, ձայնագրություններ, քանդակներ, գեղանկարչ. գործեր, անձն․ գրադարաններ, երաժշտ. գործիքներ, Սփյուռքին վերաբերող փաստաթղթեր, 1000-ից ավելի անհատ․ ֆոնդեր և հավաքածուներ, որոնք ընդգրկում են շուրջ 1 մլն նմուշ։ «Սայաթ-Նովայից Չարենց» վերտառությամբ մշտ. ցուցադրությունում ներկայացված են թանգարանային եզակի նմուշներ։ Կազմակերպվում են թեմատիկ ցուցահանդեսներ, գրական-երաժշտ. ցերեկույթներ, դասախոսություններ, հանդիպումներ մշակույթի գործիչների հետ։ Թանգարանային նյութերը հիմք են դարձել բազմաթիվ ակադ. հրատ-ների և գիտական ուսումնասիրությունների։ 1990-ական թթ-ից ԳԱԹ-ը հրատարակել է նշանավոր գրողների (Երվանդ Օտյան, Ռուբեն Սևակ և ուրիշներ), արվեստագետների (Սայաթ-Նովա, Կոմիտաս և ուրիշներ) նամակներն ու ստեղծագործությունները։

2011-ից տնօրենը Կարո Վարդանյանն է։


Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, բացվել է 1963-ին Երևանում՝ երկհարկանի այն տանը, որտեղ 1947-57-ին ապրել է բանաստեղծը։ Թանգարանում պահպանվում են Իսահակյանի կյանքին ու ստեղծագործությանը վերաբերող 10 հզ-ից ավելի ցուցանմուշներ։ Ցուցադրությունը 2 մասից է՝ գրական և հուշային։ 1-ին հարկում աշխատասենյակն է (անձն․ գրադարանով՝ 5 հազարից ավելի գիրք), ննջասենյակը և հյուրասենյակը, մյուս 2 սրահներում և 2-րդ հարկում ներկայացված են բանաստեղծի փաստաթղթերը, ձեռագրերը, անձն․ իրերը, գրքերը, լուսանկարները, երկերի տարբեր հրատ-ներն ու բազմաթիվ լեզուներով թարգմանությունները և այլն։ Թանգարանում կազմակերպվում են գիտական ընթերցումներ, գրական-երաժշտ. ցերեկույթներ, բանավեճեր, համերգներ, ցուցահանդեսներ և այլն։ Վերջին տարիներին ավանդույթ է դարձել Ա. Իսահակյանի անվան դպրոցի առաջին դասարանցիներին «իսահակյանցի» օծելու, ավարտ․ վկայականներ հանձնելու խորհրդանշ. արարողությունները։

1987-ից տնօրենը Հասմիկ Մելքոնյանն է։