Ռուբեն և Ռաֆֆի Ադալյանների, Ռոբերտ և Հենրի Էլիբեկյանների, Արա Շիրազի, Արտո Չաքմաքչյանի, Երվանդ Գոջաբաշյանի, Արմեն Գևորգյանի, Գաբրիել Մանուկյանի, Ալբերտ Հակոբյանի, սփյուռքահայ նկարիչներ Ժիրայր Օրագյանի, Ժանսեմի, Գառզուի, Ասատուր Պզտիկյանի և ճանաչված այլ արվեստագետների գործերից։
2004-ին բարերար Գրիգոր Մուրադյանը թանգարանին նվիրել է ամերիկաբնակ ճանաչված նկարիչ և քանդակագործ Էմիլ Գազազի աշխատանքներից։ Թանգարանը կազմակերպում է ցուցահանդեսներ, հրատարակում ալբոմներ («Քոչար», «Մինաս Ավետիսյան», «Վրույր Գալստյան» և այլն)։ 2006-07-ին Ֆրանսիայում՝ «Հայաստանի տարի», 2007-ին Հռոմում «Հայ մշակույթի օրեր» ծրագրերի շրջանակներում թանգարանը կազմակերպել է նոր ցուցադրություններ, հրատարակել կատալոգներ։ 2010-ից տնօրենը Նունե Ավետիսյանն է։
Հայոց ազգագրության և ազատագր. պայքարի պատմության ազգային թանգարանը բացվել է 1978-ին՝ Սարդարապատի հուշահամալիրի արլ. կողմում կառուցված երդիկավոր, 10 մ բարձրությամբ երկհարկանի շենքում (1974-77, ճարտ.՝ Ռաֆայել Իսրայելյան)։ Թանգարանի նախնական ֆոնդը ձևավորվել է Հայաստանի պատմության և այլ թանգարանների հատկացրած նմուշներով, որը հետագայում համալրվել է Հայաստանի շրջաններում ու հնավայրերում հնագիտական պեղումների և ազգագր. արշավախմբերի գտածոներով, նաև գնումներով ու նվիրատվություններով։
Թանգարանում պահվում են 70 հազարից ավելի մշակութային արժեքներ։ Ունի հնագիտական (հնագույն և միջնադարյան արվ․, արհեստներ, կրոնապաշտամունքային առարկաներ), ազգագր. (աշխատանքի գործիքներ, ազգային խոհանոց, գորգ ու կարպետ, կահույք, ժանյակ ու ասեղնագործություն, ազգային տարազ ու զարդեր և այլն) նմուշների, լուսանկարների, գեղանկարների, փաստաթղթերի, արխիվային նյութերի, ժամանակակից դեկորատիվ-կիրառ. արվ-ի և այլ ժողովուրդների էթնիկ. մշակույթների հավաքածուներ։ Գործում է ցուցանմուշների վերականգնման և պահպանման լաբորատորիա, կազմակերպվում են կինոցուցադրություններ ու դասախոսություններ։
Թանգարանի հիմն․ նմուշները վերաբերում են հայ ազգագրությանը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, և 1918-ի Սարդարապատի մայիսյան հերոսամարտերի պատմությանը։ Թանգարանը ցուցահանդեսներ է ունեցել ԽՍՀՄ գրեթե բոլոր և աշխարհի շուրջ 10 երկրներում։ 2007-ին Ֆրանսիայում «Հայաստանի տարի» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Հայաստանի արհեստներ-Հայաստանի գանձեր» խորագրով ցուցահանդեսը։ 2005-ից հրատարկում է «Նոր ազգագրական հանդեսը»։ Թանգարանն ունի մասնաճյուղ («Մուսա լեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազատագրության թանգարան») Մուսալեռ գյուղում (Արմավիրի մարզ)։
2007-ից տնօրենը Կարեն Արիստակեսյանն է։