Այս էջը հաստատված է

տեղահանության վայրերը։ Ներքին բակի եզրանիստերին փորագրված են Ֆրիտյոֆ Նանսենի, Անատոլ Ֆրանսի, Վալերի Բրյուսովի, Արմին Վեգների, Ալբերտ Էյնշտեյնի, Յոզեֆ Մարկվարտի և ուրիշների՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող խոսքերը։ Թանգարանում պարբերաբար կազմակերպվում են ժամանակավոր ցուցադրություններ՝ Հայոց ցեղասպանության պատմության տարբեր դրվագների վերաբերյալ։

2006-ից տնօրենը Հայկ Դեմոյանն է։

«Գաֆեսճյան» արվեստի կենտրոն

«Գաֆեսճյան» արվ-ի կենտրոնը (ԳԱԿ) բացվել է 2009-ին (հիմնադիր՝ Ջերալդ Լ. Գաֆեսճյան) Երևանի Կասկադ համալիրում (ճարտ-ներ՝ Ջիմ Թորոսյան, Սարգիս Գուրզադյան, Ասլան Մխիթարյան)։ ԳԱԿ-ը ներկայացնում է Ջ. Գաֆեսճյանի՝ ժամանակակից արվ-ի գործերի (մոտ 5000 նմուշ) հավաքածուն (ապակեգործներ Ստանիսլավ Լիբենսկի, Յարոսլավա Բրիխտովա, Բոհումիլ Էլիաս, Յարոմիր Ռիբակ, քանդակագործներ Ֆեռնանդո Բոտերո, Լին Չեդուիք, Ժաումե Պլենզա, նկարիչներ Արշիլ Գորկի, Ջենիֆեր Բարթլեթ և ուրիշներ)։ Ցուցադրված են նաև Գրիգոր Խանջյանի մոնումենտալ եռամաս որմնանկարը, «Սասունցի Դավիթ» պարտեզի և «Արծիվ» սրահներում՝ ժամանակակից արվ-ի լավագույն նմուշներից։ «Սասունցի Դավիթ» սրահում է Գաֆեսճյանի հավաքածուում ընդգրկված գործերի մի մասի մշտ. ցուցադրությունը։ Կենտրոնում գործում են նաև «Արծիվ» պարտեզի և «Սվարովսկի» սրահները։ Քանդակները տեղադրված են Կենտրոնի պարտեզում։ Կասկադի մուտքի նախասրահում «Այցելուների կենտրոնն» է, որի հարևանությամբ «Պատկերասրահ Մեկ»-ն է, իսկ լայնամասշտաբ էկրանին ցուցադրվում են տեղեկատվ. տեսանյութեր, տեղի և արտերկրի արվեստագետների գործեր։

ԳԱԿ-ը կազմակերպում է ցուցահանդեսներ (2009, 2010, 2011), «Հատուկ միջոցառումների սրահում»՝ համերգաշարեր, հանդիպումներ, դասախոսություններ և կինոփառատոներ։ Գործում են մեծահասակների և երեխաների համար նախատեսված բազմաբնույթ կրթական ծրագրեր։

Երևան քաղաքի պատմության թանգարանի մասին տես Երևան հոդվածում։

Գեղագիտության ազգային կենտրոնի մասին տես Կրթությունը Հայաստանի Հանրապետությունում հոդվածի Արտադպրոցական դաստիարակություն ենթաբաժնում։