Այս էջը հաստատված է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ

Հայաստանի ազգային արխիվն ստեղծվել է ՀԽՍՀ Կենտգործկոմի 1923-ի սեպտ. 26-ի որոշմամբ. բացվել է 1924-ի հոկտ. 1-ին։ Սկզբն. շրջանում այստեղ կենտրոնացվել են Ռուս. կայսրության օրոք Հայաստանի տարածքում գործող հիմնարկների և կազմակերպությունների արխիվները, ինչպես նաև Հայ եկեղեցու՝ Էջմիածնում պահվող արխիվային հավաքածուները։

1935-ի սեպտ-ին Պետական կենտրոնական արխիվի հիմքի վրա ստեղծվել են 2՝ Հոկտեմբերյան հեղափոխության և Պատմության արխիվները։ 1936-ի ապրիլի 1-ին ստեղծվել է Կուս-յան կենտրոնական արխիվը։

1938-ի օգոստ-ին արխիվային վարչությունը փոխանցվել է ՆԳ ժողկոմատի համակարգին։

1943-ին հիմնադրվել է Կինեմատոգրաֆիայի փաստաթղթերի պետական կենտրոնական արխիվը։ Հանրապետությունում ստեղծվել են նաև հայ պարբ. մամուլի (հետագայում՝ արվ-ի և գրակ-յան), գիտատեխ. փաստաթղթերի կենտրոնական պետական, Երևանի քաղաքային արխիվները։

ԽՍՀՄ փլուզումից հետո 1991-ին ՀԿԿ ԿԿ արխիվը վերանվանվել է ՀՀ հաս-քաղաքական կազմակերպությունների փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվի։

Նորանկախ ՀՀ-ում իրականացված ժողովրդավար․ բարեփոխումները հնարավորություն են ընձեռել վերակառուցելու արխիվային գործը։ ՀՀ Կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությունը վերակազմակերպվել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության աշխատակազմի արխիվային գործի գործակալության, 2003-ի մարտին վերակազմավորվել՝ Հայաստանի ազգային արխիվի, մարզերի պետական արխիվները՝ ազգային արխիվի մասնաճյուղերի, իսկ դրանց նախկին մասնաճյուղերը՝ տարածքային ներկայացուցչությունների։

1999-ին ՀՀ պետական արխիվային ծառայությունն ընդունվել է Արխիվների միջազգային խորհրդի, 2000-ի սեպտ-ին՝ «Եվրասիկա» բաժանմունքի կազմում։

Արխիվում պահվող ամենահին վավերագիրը Պարսից Շահ Աբբասի 1607-ի հրովարտակն է՝ ուղղված Ղարաբաղի մելիքներին։

Կարևոր են Հայ եկեղեցու բոլոր թեմերի պատմությունն արտացոլող մեծաքանակ վավերագրերը, որոնք ընդգրկում են XVIII դ-ից մինչև մեր օրերը։

Փաստաթղթերի մի ստվար մասը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը և Հայկական հարցին, դրանք փաստաթղթեր ու լուսանկարներ են թուրքերի բարբարոսությունների, եվրոպ. պետությունների դիվանագիտական խաղերի ու մեր ժողովրդի կրած անլուր տառապանքների մասին։ Ուշագրավ և արժեքավոր են հայ ազգ-ազատագր. շարժումների, կամավոր․ ջոկատների, ֆիդայիների, Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերին վերաբերող փաստաթղթերը։

Պատմ. և ճանաչողական տեսակետից առանձնահատուկ կարևորություն ունեն Հայաստանի առաջին հանրապետության հռչակման, գոյատևման և անկման պատմության մասին վավերագրերը, որոնք ներառում են նաև պատմ. այդ ժամանակաշրջանի պետական, քաղաքական, կուսակցական և ռազմական գործիչների (Սիմոն Վրացյան, Ալեքսանդր Խատիսյան, Դրաստամատ Կանայան, Արամ Մանուկյան, Խաչատուր Կարճիկյան, Համո Օհանջանյան և ուրիշներ) ձեռագրեր ու նրանց մասին պատմող նյութեր։ Արժեքավոր են նաև ՀՅԴ-ի, ՀԿԿ-ի, ՌԱԿ-ի (հնչակյան, արմենական), ՀԺԿ-ի գործունեություններն արտացոլող վավերագրերը։

Արխիվում պահպանվում են խորհրդային Հայաստանի վերաբերյալ մեծածավալ փաստաթղթեր, որտեղ արտացոլված են հանրապետության հաս-քաղ․ կյանքի, գիտության, մշակույթի, ժողտնտեսության պատմության կարևոր իրադարձությունները։ Այստեղ են կենտրոնացված նաև հայ բազմաթիվ նշանավոր հոգևոր, պետական, քաղաքական, ռազմ., գիտության և մշակույթի գործիչների (Թովմաս Նազարբեկյան, Ստեփան Շահումյան, Ալեքսանդր Մյասնիկյան, Սահակ Տեր-Գաբրիելյան, Արտակ Դարբինյան, Արշակ Չոպանյան, Գաբրիել Նորատունկյան, Անդրանիկ Օզանյան, Գարեգին Նժդեհ, Գյուտ Աղանյան, Գևորգ Չորեքչյան, Հովհաննես Բաղրամյան, Հովհաննես Իսակով, Անտոն Քոչինյան, Անդրանիկ Մարգարյան և ուրիշներ ) անձն․ արխիվները, հայ գաղթավայրերի պատմությունը լուսաբանող բազմաթիվ նյութեր։

Արխիվը շարունակաբար լրացվում է հանրապետության պետական մարմինների, կազմակերպությունների և գործիչների փաստաթղթերով։

Հայաստանի ազգային արխիվը հայ ժողովրդի պատմության ուսումնասիրության ԳՀ հարուստ կենտրոն է։ Արխիվային նյութերի հիման վրա հանրապետության և Սփյուռքի բազմաթիվ գիտնականներ կատարել են հետազոտ․ աշխատանքներ, գրել են ատենախոսություններ, կազմել փաստաթղթերի ժող-ներ ու հավաքածուներ։

Հայաստանի ազգային արխիվի տնօրեններ են եղել Խաչիկ Սամվելյանը (1923-31), Լևոն Յաղուբյանը (1931-33), Սուրեն Մարկոսյանը (1933-35), Կարապետ Ստեփանյանը (1935-51), Վարդգես Կզարթմյանը (1952-63), Աշոտ Հարությունյանը (1963-86), Պավել Սաֆյանը (1987-91), Հարություն Ֆելեքյանը (1991-2001), 2003-ից Ամատունի Վիրաբյանն է։