Այս էջը հաստատված է

մանկ․ մամուլը («Թատրոն բարեկամ մանկանց», 1876-78, Կ. Պոլիս, խմբ.՝ Հակոբ Պարոնյան)։ Արևմտահայ մամուլի բաղկացուցիչ մասն է հայատառ թուրք. մամուլը, որը լույս է ընծայվել թրքախոս հայ բնակչության համար։ Առաջնեկն «Ազդարար Բյուզանդյան» (1840-41) շաբաթաթերթն է, որին հետևել են «Մեճմաայը Հավատիս» («Ծաղկաքաղ լուրերի», 1852-77), «Զոհալ» («Երևակ», 1855-56), «Վարագայի Հավատիս» («Նորությունների թերթ», 1864-70), «Էնվարը Շարգիյե» («Արևելքի ճառագայթ», 1866-77), «Մանզումեի Էֆքեյար» («Մտածումների շար», 1866-96, 1901-09, 1912-17), «Ավետաբեր» (1872-1811), «Թերճեմանը Էֆքեյար» («Թարգման մտածումների», 1877-85), «Մեճմուայը Ախպար» («Հավաքածո լուրերի», 1884-1906) և շուրջ 40 այլ պարբ-ներ։

Արևմտահայ մամուլը հետագա զարգացում է ապրել 1860-ական թթ-ին, երբ սոցիալական հակամարտությունների խորացման հետևանքով գաղափարական և քաղաքական պայքարն ավելի է սրվել։ Հատկապես ազգային սահմանադրության ընդունման համար մղվող պայքարում մեծ ազդեցություն են ձեռք բերել ժողովրդավար․ ուղղվածության պարբ-ները՝ «Մեղուն» (1856-65, 1870-74, Կ. Պոլիս)՝ Հարություն Սվաճյանի և Հ. Պարոնյանի խմբագրությամբ, «Մյունատիի էրճիասը» («Արգեոսի մունետիկ», 1859-62, Կ. Պոլիս), «Միությունը» (1860), «Ծաղիկը» (1861-67, երկուսն էլ՝ Զմյուռնիա) և այլն, որոնց էջերում արտացոլվել են ազատագր. պայքարի և ազգային ինքնորոշման գաղափարներ, գրակ-յան, լեզվի, թատրոնի, երաժշտության զարգացման նոր, առաջավոր ըմբռնումներ։ 1870-80-ական թթ-ի ժողովրդավար․ մամուլի ուղեգիծը շարունակել են Հ. Պարոնյանի «Թատրոն» (1874-77), «Լույս» (1874-85), «Խիկար» (1884-88, երեքն էլ՝ Կ. Պոլիս), Մատթեոս Մամուրյանի «Արևելյան մամուլ» (1871-1909, 1919-22, Զմյուռնիա), Մկրտիչ Փորթուգալյանի «Ասիա» (1872-75, Կ. Պոլիս) պարբ-ները։ Ժամանակի մամուլը տնտեսական բարեփոխումներ հետամտող հարցադրումներից աճել և հանգել է ազատագր. պայքարի գաղափարին և Հայկական հարցի միջազգայնացման պայմաններում զգալիորեն նպաստել հայ քաղաքական կուս-ների ձևավորմանը։

1880-ական թթ-ին աբդուլհամիդյան գրաքննությունը հալածել է ազատախոհության ամեն մի դրսևորում, ազատ խոսքի ամեն մի արտահայտություն։

Գրաքննության սաստկացմանը զուգընթաց նոր խնդիրներ են դրվել հայկական մամուլի առջև, որը բավական հաջողությամբ իրականացրել է Կ. Պոլսի «Արևելք» (1884-1912, խմբագրել և աշխատակցել են Լևոն Բաշալյանը, Վահան Թեքեյանը, Երուխանը, Արփիար Արփիարյանը, Երվանդ Օտյանը, Գրիգոր Զոհրապը և ուրիշներ) թերթը։ Ազգային, քաղաքական, ազատախոհ․ որևէ հարցադրումից խուսափելով՝ «Արևելքը», իսկ 1887-89-ին նաև «Մասիսը» հետևողականորեն անդրադարձել են արևմտահայության տնտեսական, մշակութային ու կրոնական խնդիրներին, հասարակության ուշադրությունը բևեռել դրանց արատավոր կողմերի վրա։ Չնայած բազմապիսի արգելքներին՝ նրանք քննադատել են ազգային իշխանավորների գործունեությունը, առաջադրել գավառի տնտեսական քայքայումը կանխելու, գյուղացու ծանր դրությունը մեղմելու միջոցներ։ Նույն նպատակին են ծառայել «Արևելյան մամուլ» (1871-1909, 1919-1922, Զմյուռնիա), «Հայրենիք» (1870- 1896, 1909-10), «Բուրաստան մանկանց» (1882-89), «Ծաղիկ» (1886-1911, երեքն էլ՝ Կ. Պոլիս) թերթերը, որոնց ուշադրության կենտրոնում մշտապես ազգային կյանքն էր, և աչքի են ընկել լրատվության հարստությամբ, բազմաժանրությամբ։ Հիշյալ պարբ-ները Արևմտահայաստանի մասին մշտապես թարմ լրատվությամբ 1880-90-ական թթ-ին իրական հեղաբեկում են կատարել հասարակական կարծիքի մեջ ազգային կյանքի բարելավման հարցում։ Այնտեղ սկիզբ են առել ու զարգացել հայ ռեալիստ․ գրակ-ը, գեղագիտությունն ու գրաքննադատությունը, առավել խոր ու համակողմանի են դարձել մշակութային ու գաղափարական շփումները արևելահայ հատվածի հետ։ Հենց այս կապերի խորացման արդյունքում էլ արևմտահայ գործիչներն սկսել են լրջորեն հետաքրքրվել նաև ռուս․ մշակույթով և հասարակական կյանքով։

1908-ին աբդուլհամիդյան վարչակարգի տապալումից հետո արևմտահայ մամուլը նկատելիորեն զարգացել է։ Բացի Կ. Պոլսից ու Զմյուռնիայից, որտեղ լույս են տեսել հաս-քաղ., գրական, մշակութ․,