Այս էջը հաստատված է

(1907-29, Կ. Պոլիս, Փարիզ, խմբ.՝ Թեոդիկ), «Ամերիկահայ տարեցույցը» (1912-13, Բոստոն, խմբ.՝ Մուշեղ Սերոբյան), երգիծ.՝ «Խաթաբալա» (1906-26, Թիֆլիս), «Զուռնա» (1906-09), «Հայելի» (1906-07), «Խաբարդա» (1906), «Մոծակ» (1906-07, բոլորն էլ՝ Թիֆլիս), «Սափրիչ» (1906-07, Ս. Պետերբուրգ), «Միմոս» (1908-09, 1919-22, Զմյուռնիա), «Կավռոշ» (1908-36, Կ. Պոլիս, Փարիզ), «Խարազան» (1909, խմբ.՝ Երվանդ Օտյան), «Կառափնատ» (1909-10), «Կիկո» (1909-14), «Ապուշներու տարեցույցը» (1912), «Սև կատու» (1912-13), «Խելոք Դավիթ» (1918-19), «Իգնատ աղա» (1919-20), «Շավիղ» (1919-20, բոլորն էլ՝ Կ. Պոլիս), կրոն.՝ «Բարի լուր» (1906-07, Բաքու), «Հովիվ» (1906-10, Թիֆլիս), «Տաճար» (1909-18, Կ. Պոլիս), «Կաթողիկե արձագանք» (1911-15, Հռոմ), «Հայ ավետարանական եկեղեցի» (1912-21, Նյու Յորք), առողջապահ․՝ «Առողջապահիկ թերթ» (1903-05, Թիֆլիս), «Առողջապահ» (1910-12, Թիֆլիս), «Բժիշկ» (1911-14, Տրապիզոն), «Առողջ կյանք» (1917, Բաքու), կանանց համար՝ «Ծաղիկ կանանց հատուկ», ապա՝ «Լույս կանանց հատուկ» (1905-07), «Հայ կին» (1919-32, երկուսն էլ՝ Կ. Պոլիս) և այլ պարբ-ներ։

Հայաստանի առաջին հանրապետության (1918-20) մամուլը

1918-ի մայիսի 28-ին անկախ պետականության վերականգնումը, վեցդարյա ընդմիջումից հետո, հայ ժողովրդի կյանքում ունեցել է ոչ միայն քաղաքական, այլև պատմամշակութային խոշոր նշանակություն։ Մշակութային կյանքի կենտրոնը աշխարհացրիվ գաղթավայրերից աստիճանաբար տեղափոխվել է նորանկախ Հայաստանի Հանրապետություն։ Մայրաքաղաք Երևանը մեկ-երկու տարում դարձել է հայ հաս-քաղ․ և հոգևոր մշակութային կյանքի կենտրոն՝ առաջ անցնելով Թիֆլիսից և Կ. Պոլսից։

Մայր հայրենիք են փոխադրվել պետական իշխանության, կուս-ների և այլ հասարակական կազմակերպությունների ղեկավար մարմինները՝ իրենց կառույցներով։ Աշխուժացել են հաս-քաղ․ կյանքը, պարբ. մամուլը, հրապարակախոս․ ու ստեղծագործ. կյանքը։ Չնայած մամուլի մասին օրենքի բացակայությանը՝ բոլոր կուս-ներն օգտվել են ազատ խոսքի ու գործունեության հնարավորությունից, ազատ են եղել գրաքննությունից։ Անկախության հռչակումից հետո, ընդամենը 2,5 տարվա ընթացքում, Հայաստանում լույս է տեսել շուրջ 60 անուն պարբ., ճնշող մեծամասնությունը՝ Երևանում։ Ըստ բնագավառների ու նշանակության՝ դրանք բաժանվում են 3 խմբի՝ պետ-պաշտոն. (14 անուն), կուս․ (38) և անկախ (8)։

Պետ-պաշտոն. էին կառավարության, խորհրդարանի, նախարարությունների ու գերատեսչությունների հրատ-ները։ Գլխավորը Հայաստանի առաջին հանրապետության Կառավարության «Կառավարության լրաբեր» պաշտոնաթերթն էր (1918-ի սեպտ-1920-ի հուլիսի 20)։ Պարբ-ը խորհրդարանի, կառավարության և զանազան գերատեսչությունների պաշտոն․ տեղեկատուի դեր է կատարել, հրապարակել ընդունված օրենքներ, նյութեր է տպագրել հանրապետության ներքին ու արտաքին կյանքի, գաղթականության, կրթության, բանակի, առողջապահ-յան և այլ ոլորտների, Բաթումի հաշտության պայմանագրի, Քաջազնունու կաբինետի ձևավորման, Հայոց կենտր․ ազգ. խորհրդի Երևան ժամանելու, Հայաստանի առաջին գումարման խորհրդարանի ձևավորման մասին և այլն։ Թերթն ուներ ռուս․ հավելված, նաև գովազդի բաժին։

Պաշտոնական էին ռազմ․ նախարարության «Ռազմիկ» (Երևան), ռազմաճակատային «Դիրքերում» (Կարս) թերթերը, որոնք տպագրել են ռազմաքաղաքական թեմաներով նյութեր, բոլոր կուս-ների (բացի բոլշևիկներից) միջկուսակցական խորհրդի միացյալ կոչը՝ ուղղված հայ ժողովրդին՝ հայրենիքը թուրք․ մահաբեր ներխուժումից պաշտպանելու համար ևն։

Կիսապաշտոնական էին «Հայաստանի կոոպերացիա» (1919-20, Երևան, խմբ.՝ Սիմոն Վրացյան, հրատ-ը շարունակվել է նաև Խորհրդային Հայաստանի օրոք), «Ղարաբաղի սուրհանդակ» (1918, Շուշի), «Արցախ» (1919, Շուշի), «Աշխատավորի ձայն» (1920, Կարս) և այլ պարբ-ներ։