Այս էջը հաստատված է

Ամենաստվարաթիվը կուս․ մամուլն էր. Հայաստանի առաջին հանրապետությունում գործող 10 կուս-ներից իրենց սեփական հրատ-ներն ունեին ՀՅԴ-ն՝ 13 անուն, Սոցիալ-դեմոկրատ բոլշևիկյան կուս-ը՝ 14, Սոցիալ-դեմոկրատ մենշևիկյան կուս-ը՝ 3, Սոցիալիստ-հեղափոխական կուս-ը (էսեռ)՝ 3, ՀՍՌԿ-ն՝ 3, Հայ ժողովրդական կուս-ը (ՀԺԿ)՝ 2, և այլն։ Ըստ գաղափարաքաղաքական ուղղվածության՝ դրանք բաժանվել են 3 խմբի՝ աջակողմյան, ձախակողմյան և ձախ կենտրոնամետ (ձախակենտրոն)։ Աջակողմյան էին ՀԺԿ-ի և ՀՍՌԿ-ի, ձախակենտրոն՝ ՀՅԴ-ի, ձախակողմյան՝ բոլշևիկյան, մենշևիկյան և էսէռական թերթերը։

1918-ի օգոստ. 14-ից Երևանում սկսել է լույս տեսնել ՀԺԿ «Ժողովուրդ» պաշտոնաթերթը (խմբ. խորհուրդ՝ Երվանդ Հարությունյան, Հովհաննես Ստեփանյան և Տիգրան Հախումյան), որի քաղաքական կշիռն ավելի է մեծացել, երբ 1918-ի նոյեմբին ՀԺԿ-ն ՀՅԴ-ի հետ կազմել է կոալիցիոն կառավարություն։ «Ժողովուրդ»-ի էջերում արտացոլվել են ՀԺԿ-ի ազատ․ գաղափարները, նրա վերաբերմունքը հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը, միջկուսակցական խնդիրներին, Հայկական հարցին և այլն։ Թերթը Հայաստանի անկախության գաղափարի ջերմ պաշտպանն էր, ընդունել է ազգային շահերի գերակայությունը դասակարգայինի նկատմամբ։ Երկրի քաղաքական կողմնորոշման հարցում չի առաջնորդվել գաղափարաքաղաքական կաղապարներով և միակողմանիորեն չի ջատագովել ռուս․ կողմնորոշումը՝ համոզված լինելով, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է ունենան հայկական կողմնորոշում։

ՀՍՌԿ-ի ամենաազդեցիկ պարբ-ը հասարակական քաղաքական, գրական շաբաթաթերթ «Վան-Տոսպն» էր (1911-14, Վան, 1915-18, Թիֆլիս, 1919, Երևան, խմբ-ներ՝ Հովհաննես Ավագյան, Նշան Հակոբյան, Վարդան Պապիկյան, Արտակ Դարբինյան, Ա. Ավետիսյան), ապա՝ նրա իրավահաջորդ «Հայաստանի ձայնը» (1919-ի սեպտ. 24-ից, Երևան, խմբ.՝ Արտակ Դարբինյան)։ Թերթի գերակա խնդիրները Արևմտահայաստանի և արևմտահայ գաղթականության հիմնահարցերն էին. ներկայացրել է երիտթուրքերի ոճրագործությունները Մեծ եղեռնի ժամանակ, պաշտպանել Հայաստանը Թուրքիայից անջատելու, հայրենիքի երկու հատվածները ազատ և ամբողջացած տեսնելու գաղափարը և այլն։ Աջակողմյան էին նաև տեղական նշանակության «Նոր կյանք» (1919, Ալեքսանդրապոլ, խմբ.՝ Տ. Հախումյան) և ռամկավարների աշակերտ․ միության «Վերածնունդ» (1919-20, Երևան) թերթերը։

Հայաստանի առաջին հանրապետությունում ձախ կենտրոնամետ ու կիսապաշտոնական էր միայն ՀՅԴ-ի մամուլը, քանի որ ՀՀ-ի գոյության ողջ ընթացքում ՀՅԴ-ն եղել է հիմն․ կառավարող կուս-ը։ Հրապարակել է նյութեր համազգային իդեալների՝ հայ ժողովրդի ազատության ու անկախության, միացյալ և անկախ Հայաստանի, հայության ու հայրենիքի պաշտպանության թեմաներով։ Հանրապետության տարածքում լույս են տեսել կենտրոնական և տեղական նշանակության 13 անուն ՀՅԴ պարբ-ներ, որոնցից առավել ուշագրավ էին Երևանում լույս տեսնող «Զանգը» (1917-19, խմբ-ներ՝ Ս. Վրացյան, Արշակ Ղազարյան, Նիկոլ Աղբալյան), «Հայաստանի աշխատավորը» (1917-19), «Հառաջը» (1919-20) և «Աշխատանքը» (1915-19)։ Մնացածը եղել են գավառային՝ տեղական նշանակության, և ՀՅԴ աշակերտ․ միության հրատ-ներ:

ՀՅԴ պարբ-ներից կարևոր էր բյուրոյի հրատարակություն «Հառաջ» (1919-20, խմբ-ներ՝ Ս. Վրացյան, Արտաշես Չիլինկարյան, Վ. Նավասարդյան) օրաթերթը՝ հանրապետությունում քաղաքական հիմն․ ուղեգծի և հասարակական կարծիք մշակող ու ներկայացնող գլխավոր տեղեկատվ. միջոցը։ Մեծ քանակությամբ նյութեր է տպագրել սկաուտ․ շարժման մասին։ «Վերջին լուրեր» բաժնում զետեղվել են տեղական և միջազգային նշանակության ամենաթարմ ու հրատապ լուրերը։ Թղթակցել են կուսակցական ու պետական ճանաչված գործիչներ ու մտավորականներ։

ՀՅԴ-ի մնացած 9 պարբ-ներն էին «Նոր կյանք», «Շիրակի աշխատավոր», «Արարատյան աշխատավոր», «Քասախ», «Որոտան», «Սյունիք», «Շանթ», «Երկիր» և «Հույս» թերթերը։

Հայաստանի առաջին հանրապետությունում ձախակողմյան մամուլը ներկայացրել են սոցիալիստ-հեղափոխականները, որոնք ունեին 3 պարբ., սոցիալ-դեմոկրատ մենշևիկները՝ 3, բոլշևիկներն ու նրանց համակիրները՝ 14։ Ձախակողմյան մամուլն արտահայտել է տնտեսապես և իրավապես հարստահարվող ու սեփականազուրկ զանգվածների շահերն ու պահանջները, նրան բնորոշ էր ոչ այնքան ազգային, որքան ժողովուրդների համերաշխության (ինտերնացիոնալիզմ) գաղափարներով առաջնորդվելը, դրսևորելով ընդգծված ռուսական քաղաքական կողմնորոշում՝ այն հայ ժողովրդի ազգային և սոց. ազատագրությունը կապել է ռուս․ հեղափոխությունների հաղթանակների հետ։

1919-ի փետր-ին Երևանում հիմնված էսէռ. կուս-յան Հայաստանի կոմիտեի պաշտոնաթերթ է դարձել «Սոցիալիստ հեղափոխական» (1919-ի մայիս-1920-ի ապրիլ) եռօրյան, անդրադարձել է հողային խնդրին, կոոպերացիային, տեղական ինքնակառավարման բարեփոխումներին և այլն։ Հայաստանի քաղաքական կողմնորոշման հարցում թերթը ռուսամետ դիրքորոշում է ունեցել, քննադատել է կառավարության վարած ներքին և արտաքին քաղաքականությունը, արտահայտվել Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատելու օգտին։ Հակապետական քարոզչության համար 1920-ի մարտին ներքին գործերի նախարարի կարգադրությամբ թերթի հրատարակումն արգելվել է։ Փակվել են նաև էսէռների «Լույս» (1918), «Աշխատանքի դրոշակ» (1920, երկուսն էլ՝ Ալեքսանդրապոլ), «Զնամյա տրուդա» (ռուս․, 1920, Երևան) թերթերը։

Ձախակողմյան ՌՍԴԲԿ (մենշևիկների) «Կայծ» պաշտոնաթերթը (Երևան, 1918-19, խմբ.՝ Թադևոս Ավդալբեկյան) նույնպես խիստ քննադատել է դաշնակցական