Այս էջը հաստատված է

կառավարության սոցիալ-տնտեսական և արտաքին քաղաքականությունը։ 1918-19-ին Ալեքսանդրապոլում լույս է տեսել մենշևիկյան անկախ սոցիալիստների կուս-յան «Մարդկայնություն» եռօրյա պաշտոնաթերթը (խմբ.՝ Լևոն Սարգսյան)։ Մենշևիկյան էր նաև Շուշիի «Նոր կյանք» շաբաթաթերթը։

Ձախակողմյան մամուլի ամենաընդդիմադիր ու ծայրահեղ ձախ թևը ներկայացրել են բոլշևիկների մեկ տասնյակից ավելի պարբ-ները. կենտրոնականը Երևանի կոմունիստական (բոլշևիկյան) կազմակերպության «Խոսք» (1913-14, 1918-19, խմբ.՝ Արշավիր Մելիքյան) պաշտոնաթերթն էր։ Այն զգալի տեղ է հատկացրել կոմունիստական քարոզչությանը, անդրադարձել երկրի սոցիալ-տնտեսական խնդիրներին, ժողովրդի սոցիալական ծանր վիճակին՝ դրա պատճառը միակողմանիորեն համարելով կառավարության վարած «հակաժողովրդական» քաղաքականությունը։ Թերթի նպատակն օր առաջ Հայաստանը խորհրդային Ռուսաստանին միավորված տեսնելն էր։

Սկզբն. շրջանում իշխանությունները բոլշևիկներին չեն հալածել, նույնիսկ նրանցից շատերը պետական պաշտոններ են զբաղեցրել։ Վիճակը կտրուկ փոխվել է 1920-ի սկզբներին, երբ ՌԿ(բ)Կ Հայաստանի կոմիտեն (Արմենկոմը) որոշել է տապալել դաշնակցական վարչակարգը և խորհրդայնացնել երկիրը։ 1920-ի հունվ-ին հայ բոլշևիկները Ալեքսանդրապոլում փորձել են հրատարակել «Ալիք» թերթը։ Սակայն ընդամենը 1 համարից հետո՝ որպես հակակառավարական թերթ, այն փակվել է։ Նույն ճակատագրին է արժանացել «Բանվորը»։ Իսկ «Լոռվա գյուղացու ձայն» երկշաբաթաթերթից լույս է տեսել ընդամենը 5 համար։ Հայաստանի իշխանությունների փակած ու, թերևս, քաղաքական ամենամեծ աղմուկ հանած պարբ-ը Հայաստանի երիտասարդ կոմունիստների (ինտերնացիոնալիստներ) «Սպարտակ» միության համանուն թերթն էր։ Հրատարակվել է «Սպարտակ»-ի ընդամենը 1 համար՝ 1919-ի մայիսի 1-ին (խմբ-ներ՝ Ղուկաս Ղուկասյան, Աղասի Խանջյան և Վահան Խերանյան), որտեղ տպագրվել է միության ծրագրի նախաբանը։ Ձախակողմյան ուղղվածություն են ունեցել «Գյուղացիական միություն» (1919, Ալեքսանդրապոլ), «Գյուղացու ձայն» (1920, Երևան) և այլ թերթեր։

Մայիսյան ապստամբության նախօրյակին ընդհատակյա պայմաններում լույս է տեսել ՌԿ(բ)Կ Երևանի քաղաքային կոմիտեի «Կոմունիստ» (1920, 1 համար) պաշտոնաթերթը, որտեղ Հայաստանի բանվորներին և գյուղացիներին կոչ է արվել տապալել դաշնակցական վարչակարգը և հաստատել խորհրդային իշխանություն։ 11-րդ Կարմիր բանակի զորամասերի՝ 1920-ի ամռանը Զանգեզուր մտնելուց հետո Գորիսում լույս են տեսել «Կարմիր Զանգեզուր» (խմբ.՝ Հակոբ Կամարի) և «Զանգեգուրի կոմունիստ» [խմբ.՝ Սեյրի (Ավետիք Գուլոյան)] բոլշևիկյան լրագրերը։ Իսկ ավելի ուշ՝ 1920-ի նոյեմբ-ին, երբ թուրք. զորքերը բռնազավթել են Ալեքսանդրապոլի գավառը, Հայկոմկուսի Ալեքսանդրապոլի շրջ. կոմիտեն նոյեմբ. 21-ից հրատարակել է «Կոմունիստ» (խմբ.՝ Արշալույս Արշարունի) պաշտոնաթերթը։ Չնայած քաղաքական հետապնդումներին՝ Հայաստանի բոլշևիկներին հաջողվել է հիմնել նաև աշակերտ. թերթեր, դրանցից էր «Նոր սերունդը» (1920-ի մարտ-ապրիլ, Երևան)։

Ի տարբերություն կուս. մամուլի՝ անկուս. (անկախ) և գիտական մամուլը Հայաստանի առաջին հանրապետությունում շատ թույլ էր. արտաքին ու ներքին ազդակներով պայմանավորված՝ հանրապետության կյանքը խիստ քաղաքականացված էր, չկային բավարար նյութ. միջոցներ, իսկ հասարակության մեջ՝ լրագրող. ու քաղաքաց. բավականաչափ հասունություն՝ ազատ ու անկախ մամուլի զարգացման համար։ Անկուսումնական էին ներկայանում «Ալեքսանդրապոլի լրաբերը», «Իդեալը», «Թոթովանքը» (երկուսն էլ՝ Երևան) և այլ պարբ-ներ, որոնք իրականում ընդդիմադիր էին և ավելի հաճախ ունեին ձախակողմյան հակվածություն։

Հանրապետության արտասովոր ծանր վիճակը և կարճատև կյանքը հնարավորություն չեն տվել գիտական բեղուն գործունեություն ծավալելու, ուստի և ունենալու գիտական հաջողված պարբ-ներ։

Հանրապետությունում շատ կարճատև լույս են տեսել նաև գերատեսչ., գիտաուսումնական «Գյուղատնտեսական հանդես», «Առողջապահիկ», «Արարատ» և այլ ամսագրեր։