Այս էջը հաստատված է

ընդգրկում է բազմաթիվ հայկ. և կովկասյան բնաշխարհիկներ։

Այս գոտում սողունների ֆաունան համեմատաբար աղքատ է։ Ալպյան մարգագետինների ցածրադիր մասերում երկկենցաղներից ապրում են փոքրասիական գորտը (Rana macrocnemis), լճագորտը (R. ridibunda), կանաչ դոդոշը (Bufo viridis), կոտրտվող իլիկամողեսը (Anguis fragilis), Վալենտինի ժայռային (Darevskia valentinae) մողեսները, լորտուներ, Coronella austriaca, Vipera darevskii, V. erivanensis օձերը։

Թռչունների ֆաունան բազմազանությամբ զիջում է մյուս գոտիներին, սակայն աչքի է ընկնում հազվագյուտ և փոքրաքանակ տեսակներով, որոնք գրանցված են ՀՀ կենդանիների Կարմիր գրքում։ Դրանցից են ալպյան արոտներին բնորոշ ՀՀ ամենամեծ հավազգին՝ վայրի հնդկահավը կամ կասպիական ուլարը (Tetraogallus caspius), ալպիական ճայը (Pyrrocorax graculus), կարմրակտուց ճայը (Pyrrocorax pyrrocorax), գառնանգղը (Gypaetus barbatus), խայտաբղետ նրբագեղիկը (Prunella ocularis), կարմրաթև մագլցողը (Tichodroma murana), ձյան ճնճղուկը (Montifringilla nivalis) ևն։ Բազմաթիվ են աղավնիները: Ճնճղուկանմաններից բնադրում են մի շարք ալպյան տեսակներ (օր.՝ եղջերավոր արտույտը)։ Գիշատիչ թռչուններից տարածված են ցիները և գառնանգղները, հաճախ են հանդիպում բազեները։

Կաթնասուններից այս գոտում հիմնականում հանդիպում են կրծողների լայնորեն տարածված տեսակներ, մասնավորապես՝ մկնանմանների ընտանիքի (Muri-dae) ներկայացուցիչներ՝ սովորական (Microtus arvalis) և ձնային (Chionomys nivalis) դաշտամկները, երբեմն՝ անտառային մուկը (Sylvaemus sylvaticus)։

Անտառները ՀՀ-ում մեծ տարածք չեն զբաղեցնում, լայնատերև ծառատեսակներից գերակշռում են կաղնին, հաճարենին, բոխին, տեղ-տեղ հանդիպում են փշատերևներ՝ հիմնականում Լոռի-Փամբակում, Աղստև-Տավուշում, Վայքում, Զանգեզուրում։ Այս լանդշաֆտային գոտու անողնաշարների ֆաունան ընդհանուր առմամբ բավական հարուստ է։ Շատ են ծղրիդները, այդ թվում՝ ծառերի վրա ապրող տերիտոնիաները։ Ճռիկներից բնորոշ են բաց կանաչ, տափակ էկանտուսները։ Հանդիպում են սովոր. աղոթարարը, ֆորֆիկուլա ականջմտուկը, կիսակարծրաթևներից՝ զոլավոր կարմիր գրաֆոզոմները, դոլիկորիսները. էվրիդեմները, կարպոկորիսները, կամտոպուսները, խոշոր ցիկադներից՝ տիբիցինները, փոքրերից՝ ցերկոպիսը, դիկտիոֆորան, խոշոր գնայուկ բզեզներից՝ կառաբուս տեսակները, գնայուկներից՝ հսկա կապույտ պրոցերուսը, լուսատտիկները, բազմաթիվ են բրոնզաբզեզները, երկարակնճիթների անտառային խմբերը, կեղևակերները, ոսկեբզեզները, երկարաբեղիկները, հազվադեպ՝ ալպիական ռոզալիան։ Բնորոշ են պիրոխրոա և լիտտա տեսակները։ Ցերեկային թիթեռներից տարածված են եղնջաթիթեռը, սգաթիթեռը, սադափաթիթեռները, սատիրները, կապտաթիթեռները, գիշերային թիթեռներից՝ ծառերի վրա ապրող բոժոժահյուսները և երկրաչափները, սովորական է ոսկետուտը։ Բացատներում հանդիպում են նեոիտամուս, խոշոր կոնոսիրֆուս (կովկասյան բնաշխարհիկ է) գիշաճանճերը և այլն։ Բազմաթիվ են ֆագիա սեռի տախինները։ Հանդիպում են խայտաբղետ կարիճը, փափկամարմիններից՝ վերտիգոն, ցիրկասիան, արմենիկան։

Անտառային գոտում հանդիպում են նաև միջատներ, որոնք բնորոշ են նաև լ-տափաստանային և ֆրիգանային գոտիներին (օր.՝ շալա ծղրիդը)։ Զանգեզուրի անտառներում հանդիպող որոշ տեսակներ բնորոշ են Փոքր Կովկասին կամ Անդրկովկասի հվ-արլ. շրջաններին (օր.՝ հիրկանոլեստես, կոլումելա և արմենիկա փափկամարմինները)։