Այս էջը հաստատված է

Լենինգրադում, Մերձբալթիկայում հրատարակվող ազատ-ժողովրդավարական, ազգայնական, փիլ. ուղղվածության «ինքնահրատը»։

Խորհրդահայ մամուլի վրա «հրապարակայնությունը» առանձնապես չի ազդել, քննադատությունն ու ինքնաքննադատությունը մամուլում չեն անցել «թույլատրելի սահմաններից»։ Այդ իսկ պատճառով հայ ընթերցողը վերակառուցման առաջին տարիներին նախընտրել է ավելի համարձակ և «վերակառուցողական» միութեն. մամուլը։ Կենտրոնը նույնիսկ քննադատել է հանրապետության ղեկավարությանը Հայաստանում տիրող «տեղապտույտի» համար։ Սակայն 2 տարի անց պատկերը սկսել է փոխվել։ 1987-ին Պարույր Հայրիկյանի նախաձեռնությամբ լույս են տեսել քաղաքական կալանավորների պաշտպանության հայկական կոմիտեի երկլեզու «ՔԿՊՀԿ-ի տեղեկագիրը» և «Հրապարակայնություն» պարբ-ը, որոնք, սակայն, հայ հասարակության լայն շրջանների համար անհայտ են մնացել։ 1987-ի հոկտ-ին սկսել է հրատարակվել «Անկախություն» թերթը (հիմնադիր-խմբ.՝ Պ. Հայրիկյան), որը կայուն պարբերականությամբ և բացահայտ լույս տեսնող առաջին ընդդիմադիր թերթն էր և մեծ գործ է կատարել հայ հասարակության գիտակցության մեջ անկախության գաղափարի արմատավորման համար։

1988-ի Ղարաբաղյան շարժման ազդեցությամբ աննախադեպ աճել է ժող-ի ազգային ինքնագիտակցությունը, որն ուղղակի հեղաբեկում է առաջացրել մամուլում։ Շարժմանն առնչվող առաջին հրապարակումը՝ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի ելույթը, հանրապետական թերթերում տպագրվել է 1988-ի փետր. 22-ին։ 1988-ի փետր-ի սումգայիթյան ողբերգությանը մամուլը քաղաքական գնահատական չի տվել, այն ներկայացրել է որպես «խուլիգանական տարրերի կազմակերպած անկարգություններ»։ Միայն 1988-ի մարտից որոշ հանրապետական թերթեր, մասնավորապես՝ «Երեկոյան Երևանը» (խմբ.՝ Կամո Վարդանյան), ներկայացրել են պատմ. ակնարկներ և սկսել լուսաբանել Ղարաբաղյան հիմնախնդիրը։ Կենտրոնական մամուլում ծավալված հակահայկական հիստերիայի պատճառով հանրապետական մամուլը դարձել է ավելի ինքնուրույն։ Ղարաբաղյան շարժման նկատմամբ Մոսկվայի պաշտոն․ վերաբերմունքն արտահայտող «Պրավդա» թերթում լույս տեսած «Հույզեր և բանականություն։ Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին» հոդվածի հրապարակումից հետո արդեն հանրապետական մամուլը գաղափարապես տարանջատվել է կենտրոնականից և դարձել ավելի անաչառ, բովանդակալից, ժողովրդավարական։

1988-ի Սպիտակի աղետալի երկրաշարժը երկրորդ պլան է մղել մամուլում հրապարակումների այլ թեմաները. տպագրվել են նյութեր աղետի գոտու, ինչպես նաև միջազգային և ԽՍՀՄ-ի մարդասիր. օգնության մասին։ Ստեղծվել են ռուսալեզու նոր պարբ-ներ՝ աղետի գոտում աշխատող միութ. հանրապետություններից եկած բանվորների և մասնագետների համար։ Դրանցից էին «Ռաբոչի» (1989-90, «Բանվոր» թերթի հավելված, Լենինական), «Ուկրաինսկի ստրոիտել», «Դրուժբա» (1989-91, Կիրովական, բոլորն էլ՝ ռուսերեն) պարբ-ները։

1988-ի դեկտ. վերջերին, քաղաքական իրադարձություններով պայմանավորված, հասարակական մտածողության մեջ բեկում է առաջացել, «հնազանդ» մամուլն արդեն չի բավարարել նրա պահանջները։ Բանավեճ է ծավալվել Հայաստանի ապագայի վերաբերյալ, գերակայել է 2 ուղղություն՝ մեկը, որ հայերը, բացի ԽՍՀՄ-ից, այլընտրանք չունեն (Սոս Սարգսյանի «Խառը ժամանակների խառը մտքեր» հոդվածը), մյուսը, որ ԽՍՀՄ-ը փլուզվում է, և Հայաստանի խնդիրն ավերակների տակ չմնալն է (Վազգեն Մանուկյանի «Գնացքից թռչելու ժամանակն է» հոդվածաշարք)։

Մամուլն սկսել է անդրադառնալ նախկինում արգելված թեմաներին՝ փորձելով դեռևս դրանք տեղավորել կոմունիստական գաղափարախոսության շրջանակներում։ Հայտնվել են հոդվածներ Սփյուռքում գործող կուս-ների մասին։ Այդուհանդերձ, սկզբն. շրջանում խորհրդային կարգերի քննադատություն լեգալ մամուլում չի եղել։ Դրանով զբաղվել է «ինքնահրատը»։ 1988-ին լույս են տեսել 10-ից ավելի պարբ-ներ, այդ թվում՝ ԱԻՄ-ի՝ «Հրապարակայնություն», «Ինքնորոշում» և «Հայրենիք», «Ղարաբաղ» կոմիտեի և ՀՀՇ-ի՝ «Ակն», «Մաշտոց», «Տեղեկագիր», «Խոսնակ», «Եվ այլն», Հայ դատի պաշտոն․ ընկերության՝ «Հայ դատ», Հայաստանի ցեղապաշտ․ կուս-յան՝ «Ցեղակրոն», «Ազգային միասնության ուխտ» կազմակերպության՝ «Ազատ Հայք» թերթերը, որոնք խստորեն քննադատել են խորհրդային ներկան և իդեալականացրել անցյալը, ներկայացրել են Հայաստանի զարգացման հեռանկարները, կանխորոշել ապագան։ Սակայն «ինքնահրատը» հաճախ ընկել է ծայրահեղությունների մեջ, ժխտել խորհրդային տարիների ձեռքբերումները, հանդես եկել հակառուսական դիրքերից։

Հրապարակայնության հետևանքով մամուլի կառուցվածքն ավելի բազմազան է դարձել։ Ստեղծվել են մշակութ., հասարակական կազմակերպությունների և շարժումների, հոգևոր-կրոն., բուհ-ուսանող., երգիծ. և այլ պարբ-ներ։ 1988-ին սկսել է հրատարակվել «Անբերրի ֆոնդ», 1989- ին՝ «Եղիցի լույս», «Դաշինք», «Կես կատակ, կես լուրջ», «Հայորդիք», 1990-ին՝ «Ազատ գոտի», «Անդրադարձ», «Արցախականչ», «Երկիր Ավետյաց», «Եղինջ», «Ժողովուրդ» պարբ-երը։

1989-ի մայիս-հունիսից, հանրահավաքների վերսկսվելուց հետո, հանրապետական մամուլն ավելի համարձակ է դարձել, այն հեղեղվել է ազգային անցյալի մասին պատմ. նյութերով՝ ֆիդայական շարժում, Հայկական հարց, Հայաստանի առաջին հանրապետություն, լայնորեն լուսաբանել է ՀՀՇ համագումարի աշխատանքները և այլն։ 1989-ի նոյեմբ. 2-ին լույս է տեսել ՀՀՇ վարչության «Հայք» շաբաթաթերթի (1995-98-ին՝ օրաթերթ) առաջին համարը։

1990-ին մամուլում հայտնվել են հակառուսական հոդվածներ, որի պատճառը Ղարաբաղյան ճակատում