Այս էջը հաստատված է

խորհրդային բանակի օժանդակությունն էր ադրբեջանացիներին։ Արծարծվել են նաև բարեփոխումների, պարենային ծրագրի ձախողման և այլ հիմնախնդիրներ, վերլուծվել են 1989-ի խորը սղաճը և 1990-ին մտցված քարտային ռեժիմն ու դրանց պատճառները։ Կարևոր թեմաներից էին 1989-ի ԽՍՀՄ ԳԽ-ի աշխատանքի, 1989-ի նոյեմբ. 30-ին հրավիրված ՀԽՍՀ ԳԽ-ի արտահերթ նստաշրջանի, շրջափակման, սահմանների անվտանգության, փախստականների, աղետի գոտու, 1921-ի մարտի 16-ի ռուս-թուրք. պայմանագրի, ԼՂ-ի վերաբերյալ ՌԿ(բ)Կ ԿԿ Կովկասյան երկրկոմի 1921-ի հուլիսի 5-ի որոշման և այլ հարցերի լուսաբանումը։

Շրջափակման հետևանքով առաջացել է թղթի պակաս, կրճատվել է որոշ պարբ-ների հրատարակումը, միաժամանակ ստեղծվել են նոր պարբ-ներ։ Այդ շրջանում հիմնադրվել են նաև նոր կուս-ներ՝ իրենց պաշտոնաթերթերով՝ ՍԻՄ-ի «Իրավունք» (1989), ՍԴՀԿ-ի «Հնչակ Հայաստանի», ՌԱԿ-ի «Ազգ» ևն։ 1990-ի օգոստ. 23-ին՝ «Անկախության հռչակագրի» ընդունումից հետո, լույս է ընծայվել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը (հիմնադիր՝ ՀՀ ԳԽ, խմբ.՝ Այդին Մորիկյան, ունեցել է նաև ռուս. օրինակ և մի շարք հավելվածներ՝ «Թուղթ ու գիր», «Մենք», «Նաև հացիվ», «Հայելի», «Գումարած դու», «Օրենք, օրենսգիրք, օրինագիծ», «7 օր», «Թատերական օթյակ», «Խորան», «Արմավենի տնտեսական» ևն)։

1990-ին ԽՍՀՄ ԳԽ-ն ընդունել է «Մամուլի և այլ զանգվածային լրատվական միջոցների մասին» ու «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքները։ Վերացվել է գրաքննությունը, որից հետո Հայաստանում օրինականացվել են մի շարք հաս-քաղաքական կազմակերպությունների պարբ-ներ։

1991-ի օգոստ. 18-ի դեպքերից հետո՝ Արտակարգ դրության պետական կոմիտեի կառավարման օրերին, խորհրդահայ մամուլը խիստ զգուշավոր է դարձել։ Իսկ Մոսկվայում խռովության («Պուտչ») ճնշումից հետո մամուլի հիմն. թեմաները դարձել են անկախացման գործընթացը և ԱՊՀ-ի ստեղծումը։ ԽՍՀՄ-ի փլուզումով և ՀՀ-ի անկախացումով ավարտվել է մամուլի խորհրդահայ փուլը։

Նորագույն շրջանի մամուլը

Հայաստանի անկախացումից հետո ընդունվել է «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» ՀՀ օրենքը (1991), որով, փաստորեն, վերջ է դրվել լրատվամիջոցների ղեկավարման միակուս. համակարգին, հայտարարվել է մամուլի ազատություն, վերացվել է գրաքննությունը։

1991-92-ին կտրուկ ավելացել են նոր պարբ-ները՝ 41 անուն թերթ և 55 անուն հանդես։ Խորհրդային տարիներին լույս տեսնող պարբ-ների մեծ մասի տպաքանակը նվազել է, փոխվել են նրանց ուղղվածությունն ու անվանումները։ Ժողովրդավարացման գործընթացներն ու ձևավորվող շուկայական հարաբերությունները ներգործել են մամուլի կառուցվածքի և բովանդակության վրա, որոշ պարբ-ներ իրենց «անկախ» են հռչակել [առաջինը՝ 1992-ին՝ «Հայաստան» (1920-21-ին՝ «Կոմունիստ», 1921-92-ին՝ «Սովետական Հայաստան», ապա՝ «Խորհրդային Հայաստան») և «Վրեմյա» թերթերը], փոխվել են մամուլի լեզուն ու ոճը։ Սկսել են լույս տեսնել ժամանցային-ճանաչող., նաև «բուլվարային» պարբ-ներ։ Հայ ընթերցողի համար նորություն էին «Այբ, բեն, գիմ»-ը, «Կին և տղամարդը», «9-րդ հրաշալիքը» և այլն։ Նոր պարբ-ների ծնունդը պայմանավորված էր ընթերցողների հետաքրքրությունների և ճաշակի բազմազանությամբ, հաս-քաղաքական («Իրավունք և օրենսդրություն»,