Այս էջը հաստատված է

հեռարձակում, բջջային հեռախոսով հեռուստալուրերի տարածման հնարավորություն։

1994-ին Գյումրիում հիմնադրվել է մարզային «Շանթ» հեռուստաընկերությունը։ 1996-ին իր մասնաճյուղն է բացել Երևանում, որը շուտով ստեղծագործ. և տեխ. հնարավորություններով գերազանցել է հիմնադիր հեռուստաընկերությանը։

Այնուհետև իրար են հաջորդել մայրաքաղաքային մասնավոր՝ «Ար» (1997-ից), «Հ2» (1999-ից), «Արմենիա» (1999-ից), «Երևան» (1999-ից), «ATV» (2002-ից, մինչև 2009-ը՝ «ԱրմենԱկոբ»), «Շողակաթ» (2002-ից), «Լայմ» (2002-ից, մինչև 2012-ը՝ «Հայ TV»), «Կենտրոն» (2003-ից), «Դար-21» (2003-ից), «Արմնյուզ» (2003-ից), «Երկիր Մեդիա» (2004-ից) հեռուստաընկերությունները՝ դառնալով հանրապետական և մայրաքաղաքային հեռուստալսարանի սիրված հեռուստաալիքներ։ 2002-10-ին գործել է «ԱԼՄ» հեռուստաընկերությունը։

Մարզային հեռուստաընկերություններից են Գյումրիի «Ցայգը» (1992-ից), «Գալան» (գործել է 2004-09-ին), Հրազդանի «Հրազդանը» (1992-ից), Ալավերդու «Անկյուն + 3»-ը, Ստեփանավանի «Ֆորտունան» (երկուսն էլ՝ 1997-ից), Վանաձորի «Լոռին», Կապանի «Խուստուփը», Էջմիածնի «Էջմիածինը», Չարենցավանի «Լուսալիքը», Աբովյանի «Նարեկը» (բոլորն էլ՝ 1998-ից), Իջևանի «Իջևանը», Տավուշի «Քամուտը», Արմավիրի «Նոյ-Հայաստանը» (երեքն էլ՝ 1999-ից), Գավառի «Քյավառը», Մարտունիի «Զանգակը», Սևանի «ՍԹՎ»-ն (վերջին երեքը 2010-ին միավորվել են, ստեղծվել է Գավառի «Գեղամա» հեռուստահոլդինգը) ևն։

Ներկայումս ՀՀ-ում գործում է 65 հեռուստաընկերություն, որից 42-ը հաղորդումները հեռարձակում են վերգետնյա եթերային, 2-ը՝ եթերամալուխային, 21-ը՝ մալուխային կապուղիներով։

Հեռուստաշուկայում իր ստեղծագործ., տեխ. և ֆինանսական հնարավորություններով առաջատարը ՀՀՀ-ն է։ Բացի ՀՀՀ-ից՝ հանրապետական հեռարձակման ռեժիմով են աշխատում նաև «Հ2», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Շանթ», «Արմենիա» հեռուստաընկերությունները, որոնք, բացառությամբ «Կենտրոնի», ունեն նաև արբանյակային հեռարձակման հնարավորություն։

Վերջին տարիներին ակներև է հեռուստահոլդինգների և հեռուստակազմակերպությունների հիմնադրման միտումը, առաջինն «Արմենիա» մեդիա-հոլդինգն է, որն ունի 3 հեռուստաալիք, ռադիոալիք, տպագիր մամուլ, արբանյակային կապ, ընդգրկված է արտասահմ. մի շարք հեռարձակողների հիմն. ցանկում։

Հիմնադրվում են նաև հեռուստածրագրեր արտադրող պրոդյուսեր. ֆիրմաներ («Կայմ», «Սիգմա TV», «Վերսուս», «Վան», «Նոյեմ» ևն), որոնք հեռուստադաշտում ձևավորել են մրցակցային շուկա։ Նրանց հեռուստաարտադրանքը շարունակաբար հեռարձակում են հայաստանյան առաջատար հեռուստաընկերությունները։

Շուկայական հարաբերությունների պայմաններում հայկական հեռուստառադիոլրագրության զարգացմանը մեծապես նպաստել են նաև նոր տեղեկատվ. տեխնոլոգիաների ներդրումը՝ մալուխային, արբանյակային, համացանցային, բջջային հեռուստատեսությունը, համացանցային ռադիոն, համակարգչային տեղեկատվ. բանկի ստեղծումը, մուլտիմեդիան, համացանցը և համացանցային ժուռնալիստիկան։

Հանրապետության հեռուստառադիոդաշտի բնականոն գործունեությունը կարգավորվում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով (2000). սահմանվել է հեռուստա- և ռադիոընկերությունների կարգավիճակը, կանոնակարգվել են դրանց հիմնադրման, արտոնագրման ու ղեկավարման սկզբունքները, իրավունքների և պարտավորությունների հիմքերը, հեռուստա- և ռադիոընկերությունների ստեղծման ու գործունեության ընթացքում ծագող իրավահարաբերությունները։ 2001-ին կազմավորվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, որը կարգավորում է մասնավոր հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեության արտոնագրումն ու վերաարտոնագրումը, ապահովում լրատվության միջոցների ազատությունը, անկախությունն ու բազմազանությունը, անցկացնում է մշտադիտարկում, իրականացնում է եթերային կապուղիների հրապարակային և մրցութային հատկացում, վերահսկում հեռուստահաղորդումների համապատասխանությունը գործող օրենսդրությանը ևն։

Հեռուստատեսության և ռադիոյի բնագավառում առանձին հարցեր կարգավորվում են նաև «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» (1991), «Լեզվի մասին» (1993), «Գովազդի մասին» (1996), «Հեռահաղորդակցության մասին» (1998), «Հեռուստատեսութան և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ-օրենք» (2001), «Լիցենզավորման մասին» (2001) և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» (2006) ՀՀ օրենքներով։

Գրկ. Հովսեփյան Մ. Մ., Ռադիոշուկայի օրինաչափությունները և զարգացման միտումները Հայաստանի Հանրապետությունում, Ե., 2002։ Երիցյան Ս. Ս., Հեռուստատեսություն, գործառույթները, զարգացման միտումները և հեռանկարները, Ե., 2005։ Ժուռնալիստիկա (տեսության և պատմության հարցեր), Պրակ Ա-Ժ, Ե., 1999-2010։

Մուշեղ Հովսեփյան