Հայկական ժողովրդական և եկեղեցական տոներ
Ավանդաբար փոխանցվող կրոնաեկեղեց. և ժողովրդական տոներն են, որոնք սկզբնավորվել են հիմնականում նախաքրիստ. շրջանում և հետագայում հարմարեցվել քրիստ. տոնացույցին՝ պահպանելով հնագույն ծիսակարգին ու հավատալիքներին առնչվող մի շարք սովորույթներ և արարողակարգեր։
Եկեղեց. տոները նվիրված են Հիսուս Քրիստոսին, Մարիամ Աստվածածնին, Սբ Խաչին, սրբերին, ազգային նշանավոր դեմքերին ու իրադարձություններին։
Ամանոր/Նոր տարին ժամանակագր. առումով առաջին ժողովրդական տոնն է։ Մինչև XIX դ. հայերը տարվա սկիզբը համարել են Նավասարդը, որը շարժական տոն էր. նշվել է օգոստ-ից մինչև հոկտ-նոյեմբ. ամիսները։
XIX դ-ում, ըստ Սիմեոն Ա Երևանցու տոնացույցի, Նավասարդը փոխարինվել է Ամանոր/Նոր տարով, որն էլ դարձել է տարվա սկիզբ, ամրագրվել հունվ. 1-ով՝ իբրև անշարժ տոն։
Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն, Ջրօրհնեք և Մկրտություն անշարժ տոնը հունվ. 6-ին է. խորհրդանշում է Հիսուսի ծնունդն ու մկրտությունը։ Հայ եկեղեցու 5 տաղավար տոներից առաջինն է։ Հորդանան գետում Հիսուսի մկրտության խորհրդով և նախնյաց ծեսի (հնում այդ օրը մարդիկ որևէ իր են գցել հոսող ջրի մեջ՝ միաժամանակ կարևոր մի բան մտքներում պահելով, որովհետև ջուրը մաքրում է հողն ու մարդկանց) նմանությամբ Հայ եկեղեցում հունվ. 6-ին՝ Սբ Ծննդյան Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեքի արարողություն, որի ժամանակ Տերունական Խաչն ընկղմում են ջրի մեջ։
Սուրբ Սարգիսը երիտասարդների ու սիրահարների խորհրդավոր երազների կատարման տոնն է, նրանց ճակատագրի նախագուշակը։ Կատարվում է Սբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվ. 18-ի և փետր. 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։
Տյառնընդառաջ/Տրընդեզն անշարժ տոն է, կատարվում է փետր. 14-ին (նշվում է փետր. 13-ի երեկոյից)։ Երբ 40-օրական Հիսուսին ծնողները տարել են տաճար, նրանց ընդառաջ է եկել Սիմեոն ծերունին։ Այստեղից էլ տոնի անունը՝ Տիրոջն ընդառաջ՝ Տյառնընդառաջ գնալ։
Այս տոնը համարվում է գարնան ավետաբեր, առատ բերք ու բարիքի, նոր ամուսնացող զույգերի բարօրության, պտղաբերության նախագուշակ։ Տոնի խորհուրդը խարույկ վառելն է. կրակը խափանում է չարը։ Խարույկի վրայով ցատկում են երիտասարդները, նորապսակները, որպեսզի կատարվեն իրենց նպատակները, տարին բարի լինի, և նորահարսները մայրանան։ Այս տոնին Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ բոլոր եկեղեցիներում կատարվում է երիտասարդների օրհնության կարգ։
Բարեկենդանը Մեծ պահքին նախորդող երկշաբաթյա տոնախմբությունների՝ ժողովրդական պարերի, թատերախաղերի, հարսանիքների ու խնջույքների ժամանակահատված է։ Ավետում է բնության զարթոնքի սկիզբը։ Առանձնանում են հատկապես 2-րդ շաբաթվա հինգշաբթին և վերջին՝ Բուն բարեկենդանի օրերը։ Հինգշաբթին հանգուցյալների հիշատակության հատուկ օր է, Հայ եկեղեցու տոնացույցում հիշատակվում է որպես Վարդանանց նահատակության օր։
Մեծ պահք/Մեծ պասն սկսվում է Բուն բարեկենդանի հաջորդ օրվանից։ Այն 7-շաբաթյա ինքնաքննության, մաքրության ու ժուժկալության ժամանակաշրջան է, որի ընթացքում սովորաբար ուրախ հանդիսություններ, նշանադրություն և հարսանիք չեն անում։ Ընդունված է հատուկ սահմանափակումներով՝ միայն բուս․ կերակրատեսակներով սնվելու կարգ։
Ծաղկազարդ/Ծառզարդարը Մեծ պահքի 6-րդ կիրակին է, ազդարարում է բնության զարթոնքը։ Գլխավոր արարողությունն առաջին ծաղկող ծառի՝ ուռենու և նորածիլ կանաչի օրհնությունն է։ Տոնի խորհուրդը Հիսուս Քրիստոսի հանդիսավոր մուտքն է Երուսաղեմ, երբ ժողովուրդը նրան դիմավորել է մեծ խանդավառությամբ՝ ճանապարհին արմավենու և ձիթենու կանաչ ճյուղեր փռելով։ Հայ եկեղեցին Ծառզարդարի տոնը հռչակել է մանուկների օրհնության օր։
Մեծ պահքի 7-րդ՝ Ավագ շաբաթը Հիսուսի տնօրինական վերջին խորհուրդների հայտնության շաբաթն է։ Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրն ունի իր խորհուրդը։