Այս էջը հաստատված է

հալվա (քաղցրավենիք՝ բոված ալյուրով, յուղով ու մեղրով կամ դոշաբով) և խավիծ (բոված ալյուրով, յուղով ու մեղրով կամ շաքարաջրով եփած խյուս՝ հատկապես ծննդկանների համար)։

Ծիս. ուտեստ էր նաև ածիկը․ ցորենի ծլեցրած ծիլերը ծեծում են, ապա աղում և եփում՝ մինչև թանձր քաղցրահամ խյուս դառնալը։

Խմորից պատրաստված ուտեստների շարքում առանցքային դեր ունի հացը, որն արտահայտվել է անգամ լեզվամտածողության մեջ. հայ-ում «հաց ուտել» և «սնվել» արտահայտությունները նույնիմաստ են։ Հացի հանդեպ վերաբերմունքը որոշ դեպքերում հասել է պաշտամունքի, հացը սրբություն է համարվել, այն չէր կարելի դանակով կտրել՝ համարելով, որ այդպիսով կնվազի տան առատությունը, հացը չէր կարելի գետին գցել, տրորել, այն գետնից վերցնում, համբուրում և դնում էին բարձր տեղ՝ թռչուններին կեր։ Հայկական ժողովրդական ընկալումներում հացին վերագրվել է առատացնող, չարխափան, մաքրագործող զորություն։

Հացը հիմնականում թխում են ցորենի ալյուրից, սակայն երբեմն խառնում են գարու կամ կորեկի, եգիպտացորենի ալյուր, որոշ դեպքերում՝ նաև կարտոֆիլի։ Հայոց ավանդ․ մշակույթում տարածված են բազմաթիվ հացատեսակներ (լավաշ, մատնաքաշ, բլիթ, բոմբի, պան և այլն)։ Հացը թխում են թոնրում կամ փռում։ Հացի նախնական տեսակներից է մոխրի մեջ թխվող կրկենին կամ բաղարջը։ Առօրյա գործածության համար թխել են թթխմորով հաց։ Անթթխմոր հացն ուներ ծիս. նշանակություն, թխում էին հատուկ առիթներով [օր.՝ հոգեհացի կամ հաց զոհաբերելու ծեսի (հացի մատաղ)]։

Հացաթխման մշակույթի բարձրակետը հայկական լավաշն է, որը թխում են թոնրում։ Լավաշը մոտ 1 մ երկարությամբ և 0,5 մ լայնությամբ բարակ, ձվաձև հացատեսակ է։ Թխում են կանայք, համարվում էր, որ տղամարդու ներկայությունը թոնրատանը կարող էր ազդել հացի որակի վրա։ Վառելիքը խնայելու, աշխատատար լինելու պատճառով լավաշ թխում են մեծ քանակությամբ՝ մի քանի ամիս օգտագործելու համար։ Չոր լավաշը թարմացնելու համար ցողում են ջրով։ Լավաշի կենսունակությունը պայմանավորված է նաև օգտագործման եղանակների բազմազանությամբ, այն ուտում են ինչպես չոր, այնպես էլ թարմ, կարող է ծառայել որպես պնակ, գդալ, սփռոց և այլն, լավաշի մեջ փաթաթում են պանիր, ձու, մսեղեն, կանաչի և այլն։

Տարբեր տոների առթիվ թխում էին նաև զանազան տոնածիս. հացեր՝ տարեհաց, մարդակերպ, տարբեր գյուղատնտեսական և արհեստագործ․ գործիքների տեսքով (հատկապես տոն. գուշակությունների նպատակով), համեմի սերմերով և ուրցով և այլն։ Ամանորի ծիս. հացը տարեհացն է, որը թխում էին ընտանիքի և նրա առանձին անդամների հաջողությունը, բարեկեցությունն ապահովելու համար։ Տարեհացը պատրաստում են առավելապես կլոր։ Տարեհացի խմորը հունցում են ցորենի ալյուրով, ջրով, ավելացնում մեղր, դոշաբ, ընկույզ, կանեփ, չամիչ կամ պատրաստում են առանձին միջուկ՝ ընկույզով, չամիչով։ Տարեհացի խմորի մեջ դնում են որևէ նշան՝ լոբի, սիսեռ, ուլունք կամ դրամ, որը խորհրդանշում է գալիք տարվա հաջողությունը։ Տարեհացի երեսը նախշազարդում են տարբեր պատկերներով՝ աստղազարդ երկինք, թռչուններ, խաչ, հավերժության տարբեր խորհրդանիշներ, երբեմն վրան գրում են տարեթիվը կամ տարեհացի երեսը զարդարում հատուկ հարմարանքով՝ գաթանախշիկով։ Տարեհացը պատրաստում և կտրում է տան ավագ և փորձառու կինը։ Տարեհացը թխում են Նոր տարվան նախորդող երեկոյան, կտրում են հունվ. 1-ի գիշերը կամ առավոտյան և կամ Սբ Ծննդյան ճրագալույցին և բաժանում ընտանիքի անդամներին։ Տարեհացի միջից խորհրդանշ. իրը գտնողն էլ համարվում է տվյալ տարվա առավել հաջողակը։

Խմորեղենի տեսակներից թխում են քաղցր միջուկով գաթա, կաթնահունց, քաղաքային կենցաղում՝ փախլավա։ Հայտնի են գաթայի պատրաստման տարբեր եղանակներ, հիմնականում՝ կլոր։ Գաթայի միջուկը՝ խորիզը, պատրաստում են յուղով և որևէ քաղցր մթերքով՝ դոշաբով, մեղրով, ժամանակակից կենցաղում ավելի հաճախ՝ շաքարավազով։ Որոշ շրջաններում (օր.՝ Զանգեզուրում) գաթայի խորիզը պատրաստում են ծեծած ընկույզի և մեղրի խառնուրդով։ Գաթայի երեսը զարդարում են գաթանախշիկով կամ շուրջբոլորը կսմթում են մատներով։