երիտասարդների սիրո և սերնդաճի խորհուրդ ունեցող արարողություններում (առավելապես՝ ամուսնահարսանեկան) նուռը որպես պտղաբերության խորհրդանիշ օգտագործելը։ Մրգերն «ապահովում» էին նաև ընտանեկան ներդաշնակությունը՝ նպաստելով «քաղցր», հաշտ, համերաշխ հարաբերությունների ձևավորմանը։ Այս նպատակով ընդունված էր Ամանորի սեղանին տարատեսակ մրգերի և չրերի առկայությունը։ Դրանք նաև տոների ժամանակ հարսնացուներին ուղարկվող սկուտեղների զարդն էին։ Ընդունված սովորույթի համաձայն՝ մի շարք տոների ժամանակ (Ամանոր, Սբ Ծնունդ, Նավասարդ) միմյանց շնորհավորում էին թարմ և չոր մրգերով՝ երդիկներից կախելով մրգերի և չրերի շարոցներ։
Ընտանեկան ներդաշնակ հարաբերություններ ապահովելուն նպաստող խորհրդանիշ էր նաև մեղրը, որով տարվա առաջին օրը հյուրասիրում էին ընտանիքի անդամներին՝ ողջ տարվա ընթացքում նույնպես «մեղրի նման քաղցր կյանք» և հարաբերություններ ունենալու ակնկալիքով։ Նույն միտումն ուներ նաև հայոց հարսանեկան ծիսակարգում սկեսրոջ՝ նորապսակներին մեղր հրամցնելու սովորույթը։
Հայոց ավանդ․ տոնածիս. մշակույթում մի շարք մթերքների և ուտեստների վերագրվում էր կյանքի շարունակականության ապահովման, հարատևության, զարթոնքի խորհուրդ։ Այն դրսևորվում էր հատկապես բնության զարթոնքին, նոր կյանքին, հարությանը նվիրված տոներում (օր.՝ Զատկի տոնին ձու ներկելու, սեղանին թարմ կանաչիներ դնելու սովորույթում)։
Տնտեսության մեջ ունեցած կարևոր արժեքով պայմանավորված՝ խորհրդանշ. հատկանիշներ էին վերագրվում նաև մսին, յուղին, կարագին։ Հատկապես Բարեկենդանի տոնին պատրաստում էին յուղալի և մսեղեն կերակուրներ՝ «զոհաբերելով» տնտեսության մեջ ամենաթանկարժեք մթերքները՝ բերքատվությունը բարձրացնելու և բեղունությունն ապահովելու նպատակով։
Հայոց ավանդ․ կենցաղում ուտելիքի պատրաստումը համարվել է առավելապես կնոջ զբաղմունք։ Գլխավոր տանտիրուհին՝ նահապետի կինն էր պատրաստում կերակուրը։ Միայն նրա պարտականությունը կամ իրավունքն էր ընտանիքի կենսագործունեության համար կարևորագույն մթերքների պատրաստումը կամ այդ գործընթացի վերահսկումը (հաց թխելը, յուղ հալելը, պանիր պատրաստելը)։ Ընտանիքի մյուս կանայք և աղջիկներն օգնում էին տանտիրուհուն։ Որոշ կերակրատեսակներ պատրաստում էին կա՛մ միայն տղամարդիկ, կա՛մ նրանց մասնակցությամբ, հատկապես բացօթյա պայմաններում՝ տարբեր խնջույքների, ուխտագնացությունների, մատաղի արարողության ժամանակ (խորոված, հարիսա, մատաղ և այլն)։ Տղամարդը կերակուր պատրաստում էր հատկապես ծիս. առիթների ժամանակ, քանի որ, ըստ պատկերացումների, տղամարդն առավել մոտ էր սրբազանին, ծիսականին, իսկ կինն առավել աշխարհիկ էր։
Պատրաստի կերակուրը մատուցում էր տանտիկինը։
Մատուցման կարգում հաշվի էին առնում սեռատարիքային տարբերությունները և մարդկանց դիրքը։ Առաջինը կերակուր մատուցում էին տան գլխավորին՝ գերդաստանի նահապետին, ապա, ըստ առաջնահերթության, հյուրերին, տան մյուս տղամարդկանց, հետո՝ կանանց, վերջում՝ երեխաներին ու հարսներին։ Տղամարդիկ միասին էին ճաշում, իսկ կանայք՝ նրանցից հետո՝ առանձին։ Տանտիկինը որոշ դեպքերում ճաշում էր տղամարդկանց հետ՝ փոքր-ինչ կողմ քաշված։ Երեխաները ճաշում էին կանանց հետ, հասունանալով՝ նրանք նույնպես բաժանվում էին ըստ սեռի։
Հայոց ավանդ․ կենցաղում օրվա ընթացքում սնվում էին 3 անգամ՝ նախաճաշ, ճաշ և ընթրիք, նախաճաշը էական չէր համարվում, ուստի ընտանիքի համատեղ ներկայություն չէր ենթադրում։ Հիմն․ ընտանեկան համատեղ հացկերույթը ընթրիքն էր։ Տարվա եղանակով պայմանավորված՝ ընթրիքի ժամերը և կերակրատեսակները նույնպես փոփոխվում էին։
Ընթրում էին գետնատարած կարպետի վրա կամ քուրսու շուրջը։ Կերակուրն ընդհանուր պնակով դրվում էր հացկերույթի մասնակիցների առջև, ուտում էին ձեռքերով, լավաշով կամ փայտե գդալներով։ Ժամանակի նորամուծությունները՝ սեղանի, աթոռների, սպասքի պարագաների ներթափանցումը, փոփոխություններ են մտցրել նաև հացկերույթի մշակույթում։
Աշխարհում տեղի ունեցող համակարգային փոփոխությունները՝ պայմանավորված տնտեսվարման ձևով, բերել են նաև ավանդ․ կենցաղի փոփոխություններ, որոնք արտահայտվում են նաև ուտեստի համակարգում, բաղադրատարրերի ընտրության մեջ, ուտեստի համակարգի կազմակերպման սոցիալական սկզբունքներում։ Միաժամանակ, ՀՈՒՀ-ի փոփոխությունների վրա էականորեն ազդել է Հայոց ցեղասպանությունը, երբ արևմտահայ խոհանոցը և նրա անմիջական կրողները բնաջնջվել կամ տեղահանվել են իրենց ձևավորման հիմն․ տարածքից, որի հետևանքով խաթարվել է ՀՈՒՀ-ի շարունակականությունը։
ՀՈՒՀ-ն, չնայած տարբեր նորամուծությունների և միջամտությունների ազդեցության, ընդհանուր գծերով պահպանել է ավանդ․ ուտեստի համակարգի տրամաբանությունն ու կազմակերպման սկզբունքները, հիմն․ բաղադրատարրերը։ Առավել շատ փոփոխվել է տոնածիս. ուտեստը՝ կորցնելով ավանդ․ մշակույթի՝ ուտեստներին վերագրվող ծիսականությունը։ Միաժամանակ, ՀՈՒՀ-ի վրա ազդում են նաև համաշխարհայնացման ժամանակակից մշակութային գործընթացները, միգրացիոն շարժերի ակտիվացումը, հաղորդակցության միջոցների բազմազանությունն ու մատչելիությունը։