Այս էջը հաստատված է
ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

ՀՀ վարչատարածքային միավորներ են մարզերը և համայնքները։ Մարզերը կազմավորվել են խորհրդ․ շրջանի նախկին գյուղ․ շրջանների միավորմամբ (միավորվել են 2, հիմնականում՝ 3,4, երբեմն՝ 5 նախկին վարչական շրջաններ)։

Ներկայումս ՀՀ-ն ունի 10 (Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ) մարզ, 49 քաղաքային և 866 գյուղ․ համայնքներ։

Մինչև 2005-ի սահմանադրական փոփոխությունները Երևանն ունեցել է մարզի կարգավիճակ՝ 12 թաղային համայնքներով։ Սահմանադրական փոփոխություններով Երևանին տրվել է համայնքի կարգավիճակ (հոդված 108)՝ 12 վարչական շրջաններով։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով (2008) սահմանվել են մայրաքաղաքում տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման առանձնահատկությունները։

Հայաստանի վարչական բաժանման պատմությունից

Հայաստանի առաջին վարչատարածքային բաժանումը կատարվել է Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորության շրջանում (մ. թ. ա. II դ. − մ. թ. I դ.), երբ Հայկական պետությունը վարչականորեն բաժանվել է 120 գավառի և 4 սահմանակալության (բդեշխություն)։

IV-VII դդ-ում Հայաստանում եղել են 70-90 նախարար․ տներ, որոնց համապատասխան՝ երկիրը բաժանված էր մեծ և փոքր վարչատարածքային միավորների՝ նախարարությունների։

Բյուզանդիայի Հուստինիանոս I կայսեր (527-565) վերափոխությունների հետևանքով Արևմտյան Հայաստանը բաժանվել է վարչական 4 միավորի՝ պրովինցիայի՝ Առաջին, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Հայքերի։ Արևելյան Հայաստանում (Մեծ Հայքի մեծ մասը) V-VII դդ-ում ընդհանուր առմամբ պահպանվել է երկրի ներքին վարչական բաժանման համակարգը՝ հայկական նախարարությունները։ Արևելյան Հայաստանը, Վիրքն ու Աղվանքը՝ իբրև մարզպանություններ, մտել են Սասանյան տերության 4 քուստակներից (երկրամաս)՝ Հյուսիսային (կամ Կապկոհ) քուստակի մեջ։

Հայկական մարզպանությունը բաղկացած էր Այրարատ, Վասպուրական, Տուրուբերան, Տայք, Սյունիք և Մոկք աշխարհներից (նահանգ)։ Ծայրամասային Գուգարք, Ուտիք, Արցախ, Փայտակարան, Պարսկահայք, Աղձնիք ու Կորդվաց աշխարհները միացվել են այլ մարզպանությունների ու քուստակների։ Հայ մատենագրության մեջ մինչև XIX դ. (որոշ առումով՝ նաև ցայսօր) գործածական են եղել հին հայկական վարչատարածքային միավորների՝ աշխարհների ու գավառների անունները, որոնք ամբողջական ու համակողմանի ներկայացված են Մովսես Խորենացու (V դ.) «Հայոց պատմութիւն» և Անանիա Շիրակացու (VII դ.) «Աշխարհացոյց» աշխատութուններում։ Ըստ վերջինի՝ Մեծ Հայքը բաղկացած էր 15 աշխարհից կամ նահանգից՝ Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան, Մոկք, Կորճայք (Կորդուք), Նոր Շիրական (Պարսկահայք), Վասպուրական, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Ուտիք, Տայք, Գուգարք, Այրարատ (201 գավառ)։ Մեծ Հայքի թագավորության տարածքը 320 հազար կմ² էր, Փոքր Հայքինը (Եփրատ գետից արմ.)՝ 80 հազար կմ2։

Արաբ․ խալիֆության վարչաքաղաքական բաժանմամբ՝ VIII-IX դդ-ում Հայաստանը, Վրաստանը, Աղվանքը և Դերբենդը միասին կազմել են Արմինիա փոխարքայությունը՝ Դվին, ապա՝ Պարտավ կենտրոնով։

XIII դ-ում մոնղոլ-թաթարներն իրենց նվաճած երկրները բաժանել են կուսակալությունների։ Արևելյան Վրաստանը, Հայաստանը, Առանը, Շիրվանը և Ատրպատականը կազմել են 1 կուսակալություն, որն իր հերթին բաժանված էր 5 վիլայեթի՝ կազմված ռազմավարչական միավորներից՝ թումաններից։ Վրաստանը և Զաքարյան իշխանությունը միավորվել էին Գյուրջիստանի վիլայեթում, վերջինս սկզբում բաժանվել է 8 թումանի, որոնցից 5-ը վրացական էին, 3-ը՝ հայկական։ Հայաստանի հվ. և արմ. նահանգները կազմել են 1 վիլայեթ։

Կիլիկիայի հայկական պետությունը (XI-XIV դդ.) վարչականորեն բաժանվել է 45 միավորի՝ գավառների, երկրների, պարոնությունների։ Առավել մեծ միավորները, որոնց մեջ մտնում էին մի քանի գավառներ, կոչվել են կոմսություն և աշխարհ, դրանց կառավարիչները՝ պարոն, իշխան, մեծ իշխան, կոմս և գավառապետ։

Պարսկ. տիրապետության շրջանում (XVI-XVIII դդ.) Արևելյան Հայաստանը բաժանվել է վալիությունների։ Սեֆյանների տերությունը բաժանվել է 4 վալիության և 13 բեգլարբեգության։ Արևելյան Հայաստանն ընդգրկվել է Ատրպատականի, Չուխուր-Սադի, Ղարաբաղի և Շիրվանի բեգլարբեգությունների մեջ։ Գուգարքը գրեթե ամբողջությամբ մտել է Արևելյան Վրաստանի կամ Քարթլի-Կախեթի վալիության մեջ։

XVI-XVIII դդ-ում օսմանյան կայսրության տարածքը բաժանվել է նահանգների կամ կուսակալությունների (էլայեթ կամ վիլայեթ), որոնք կառավարել են սուլթանի նշանակած բեյլերբեյները կամ միրիմիրանները։ Յուրաքանչյուր նահանգ իր հերթին բաժանվել է մեծ կամ փոքր շրջանների, որոնք կոչվել են սանջակներ կամ լիվաներ։ XVII դ-ում կայսրության հայկական տարածքները բաժանվել են Էրզրումի, Վանի, Կարսի, Չըլդրի, Ռումի (Սեբաստիա), Դիարբեքիրի վարչական միավորների՝ վիլայեթների։

XIX դ-ի սկզբին Պարսկաստանի կազմում Արևելյան Հայաստանն ընդգրկել է Երևանի, Նախիջևանի, Մակուի, Գանձակի և Ղարաբաղի խանությունները։ Երևանի խանությունը բաժանվել է վարչական 15 միավորի՝ մահալի։