Այս էջը հաստատված է

ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության պետականության խորհրդանիշներն են ՀՀ պետական դրոշը, ՀՀ պետական զինանշանը և ՀՀ պետական օրհներգը։

ՀՀ պետական դրոշը հաստատվել է «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքով (1990-ի օգոստոսի 24), որը Հայաստանի առաջին հանրապետության 1919-ին ընդունած դրոշն է:

2006-ի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր օրենք։

ՀՀ դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։

Դրոշի լայնության և երկարության հարաբերությունը 1։2 է, որի պահպանմամբ կարող է օգտագործվել ցանկացած չափի դրոշ։ ՀՀ պետական զինանշանը։ «Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունվել է 1992-ի ապրիլի 19-ին, որով վերականգնվել է Հայաստանի առաջին հանրապետության զինանշանը (1919)։

2005-ի նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո 2006-ի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը։

ՀՀ զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևի ձախում՝ Բագրատունիների, վերևի աջում՝ Արշակունիների, ներքևի ձախում Արտաշիսյանների, ներքևի աջում՝ Ռուբինյանների զինանշանները։

Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ,հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։

Զինանշանի հիմնական գույնը ոսկեգույնն է, պատմական Հայաստանի թագավորությունների զինանշաններինը՝ վերևի ձախում ու ներքևի աջում՝ կարմիր, վերևի աջում ու ներքևի ձախում՝ կապույտ, կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն, որոնք խորհրդանշում են ՀՀ դրոշի գույները։

Զինանշանի հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։

ՀՀ պետական օրհներգը՝ «Մեր Հայրենիքը», սահմանել է ՀՀ ԳԽ-ն 1991-ի հուլիսի 1-ին՝ հիմք ընդունելով Հայաստանիառաջին հանրապետության օրհներգը (1919)։

Սահմանվել են նաև պետական պարգևներ՝ շքանշաններ, մեդալներ և պատվավոր կոչումներ, այդ թվում՝ Հայաստանի բարձրագույն պետական պարգևը՝ Ազգային հերոսի կոչումը, և «Հայրենիք» շքանշանը։

ՀՀ շքանշանների, մեդալների և պատվավոր կոչումների մասին տես Հավելված 1-1։