Այս էջը հաստատված է

ԵՐԵՎԱՆ

Երևանը ՀՀ մայրաքաղաքն է, ՀՀ վարչաքաղաքական, տնտեսական ու մշակութային գլխավոր կենտրոնը, այստեղ են ՀՀ նախագահի նստավայրը, ՀՀ ԱԺ-ն ու Կառավարությունը, բոլոր նախարարություններն ու հիմն․ գերատեսչությունները, հասարակական և այլ կազմակերպությունների, տարբեր միությունների, հիմնադրամների, հանձնաժողովների, դատաիրավական մարմինների, բանկերի ու բորսաների ճնշող մեծամասնությունը, բուհերի ու ԳՀ հիմնարկների մոտ 98 %-ը, ԶԼՄ-ների մեծ մասը, արտասահմ. երկրների դեսպանատները, ՄԱԿ-ի և մյուս միջազգային կազմակերպությունների ու ներկայացուցիչների գրասենյակները և այլն։ Երևանը խոշորագույնն է ոչ միայն ՀՀ ներկայիս 49 քաղաքներից, այլև պատմ. Հայաստանի մայրաքաղաքներից (Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Երազգավորս, Կարս, Անի)։

ԵՐԵՎԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ

1995-ին ընդունվել է Երևանի զինանշանը, 2004-ին՝ օրհներգն ու դրոշը։

Զինանշանի կապույտ ֆոնին հայերեն բրոնզագույն մեծատառերով մակագրված է «ԵՐԵՎԱՆ», պատվանդանին գլուխը հետ շրջած, իշխանության խորհրդանիշ գավազանը բռնած առյուծն է։ Նրա գլխավերևում թագն է՝ մեջտեղից բարձրացող Կենաց ծառի խորհրդանիշ վարսանդով։ Առյուծի կրծքին՝ հավերժության նշանի վրա, Արարատ լեռան պատկերն է՝ երիզված ուղղանկյունաձև վահանակով։ Գործածված են բրոնզագույն և կապույտ երանգները։

Դրոշի ուղղանկյուն խաղապատկերն ընտրված է սպիտակ՝ որպես մաքրության, պարզության, անաղարտության միացյալ խորհրդանիշ։ Կենտրոնում Երևանի զինանշանն է՝ շրջապատված 12 կարմիր եռանկյուններով, որոնք խորհրդանշում են Հայաստանի 12 մայրաքաղաքները։

ՀՀ պետական դրոշի գույները (կապույտ, կարմիր, նարնջագույն) ընտրված են ընդգծելու դրոշի մայրաքաղաքային նշանակությունը։

Դրոշի լայնության և երկարության հարաբերությունը 1։2 է։ Նույն հարաբերության պահպանմամբ կարելի է օգտագործել նաև ցանկացած չափի դրոշ։

Օրհներգն «Էրեբունի-Երևան»-ն է (խոսք՝ Պարույր Սևակի, երաժշտություն՝ Էդգար Հովհանիսյանի)։

Երևանի օրհներգի տեքստը և երաժշտությունը

Երևան դարձած իմ Էրեբունի,

Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,

Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,

Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք։


Կրկներգ

Երևան դարձած իմ Էրեբունի,

Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,

Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,

Մեծանաս դարով, Երևան։


Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,

Անկատար տենչեր ունենք դեռ շատ,

Մեր կանչն առանց քեզ՝ իզուր կկորչի,

Առանց քեզ՝ մեր տաք տենչն էլ կսառչի։


Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,

Իսկ մենք բոլորս ենք քեզնով հարբել,

Տաք է սերը մեր՝ շեկ քարերիդ պես,

Հին է սերը մեր՝ ձիգ դարերիդ պես։