Այս էջը հաստատված է

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանը գտնվում է Արարատյան դաշտի հյուսիս-արևելքում՝ Երևանյան ամֆիթատրոնաձև գոգավորությունում՝ հս. լայնության 40° 04՛-40° 14՛ և արլ. երկայնության 44° 23՛-44° 37՛ միջև՝ չորրորդ ժամային և երիտասարդ հրաբխային ու նստվածքային ապարներից կազմված 7-8-բալլանոց սեյսմիկ գոտիներում։ Առավելագույն երկար․ հս-ից հվ. 19,7 կմ է, արմ-ից արլ.՝ 19,1 կմ։ Երևանի համայնապատկերի հյուսիս-արևմուտքում Արագածի քառագագաթ լ-զանգվածն է, արևելքում՝ Գեղամա լ-վահանը, հարավ-արևմուտքում՝ Արարատը։ Սահմանակից է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին։

Հրազդանի աջ ափին Եղվարդի սարավանդն է՝ բլրաթմբային ռելիեֆով։ Հս-արևելքում՝ 1000-1300 մ բարձր-ների վրա, Կոտայքի սարավանդն է՝ Գետառի կիրճով բաժանված Քանաքեռի և Նորքի սարավանդների։ Դարավանդների վրա են Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանները։ Արաբկիրի դարավանդը շարունակվում է դեպի հվ. Կոնդի բարձրությունը։ Կան 10-80 մ բարձրությամբ բլուրներ, որոնցից պատմ. նշանակություն ունեն Արին բերդը (հվ-արլ-ում) և Կարմիր բլուրը (հարավ-արևմուտքում)։

Քաղաքի ցածրադիր մասերում ամռանը շոգ է և չոր, ձմռանը՝ չափավոր ցուրտ։ Բարձրադիր մասերն ունեն չափավոր ցամաքային կլիմա՝ համեմատաբար շոգ ամառներով։ Օդի տարեկան բազմամյա միջին ջերմաստիճանը 11,8°C է, հունվարինը՝ -4°C-ից մինչև -6°C, հուլիսինը՝ 22-26°C, առավելագույնը՝ 42°C, նվազագույնը՝ -31°C։ Արևոտ օրերի թիվը 325 է, որից 117-ը՝ պարզկա։

Արևափայլի տևողությունը 2710 ժ է, ակտիվ վեգետացիայի ժամանակաշրջանի ջերմաստիճանների գումարը՝ 38-73°C-ից մինչև 40-103°C, անսառնամանիք ժամանակաշրջանը՝ 213-224 օր, տեղումների տարեկան միջին քանակը՝ 250-300 մմ։ Օդի հարաբեր․ խոնավությունն ամռանը 44-45 % է, ձմռանը՝ 70-80 %։ Կայուն ձնածածկույթ դիտվում է հունվ. և փետր. ամիսներին, սակայն ոչ ամեն ձմեռ։

Խոշոր գետը Հրազդանն է՝ սելավաբեր և տարանցիկ Գետառ, Ջրվեժ, Ողջաբերդ, Մուշաղբյուր վտակներով։ Ներկայումս դրանք վերցվել են արհեստ․ հուների մեջ և սելավներից ու հեղեղումներից վնասազերծվել։ Կառուցվել են Երևանյան լճի, «Հաղթանակ» զբոսայգու և այլ ջրամբարներ։ Տարածքը՝ 226,59 կմ։

Երևանի տարածքն ընդգրկված է 865-1390 մ լանդշաֆտային 2 գոտում, մինչև 1000 մ բարձր-ներում՝ անապատային-կիսանապատային, ավելի բարձր չոր տափաստանային լանդշաֆտներ են։ Բնական լանդշաֆտները քաղաքի տարածքում վերածվել են անտառատնկարկների, զբոսայգիների և պուրակների, քաղաքամերձ շրջաններում՝ մշակովի լանդշաֆտների (խաղողի և մրգատու այգիներ, բանջարանոցներ)։

XIX դ-ի սկզբին, պարսկ. տիրապետության ժամանակ, Երևանը գավառ․ քաղաք էր՝ մոտ 10 հազար բնակչությամբ։

Ռուս․ տիրապետության հաստատման, 1828-ի Թուրքմենչայի պայմանագրով կազմակերպված պարսկահայության մի մասի վերաբնակեցման և սոցիալ-տնտ․ կյանքի աշխուժացման շնորհիվ XIX դ-ում Երևանի բնակչության թիվը, շարունակաբար աճելով, դարավերջին հասել է 29 հազարի։ XX դ-ի սկզբից Երևանի բնակչության թվի նկատելի աճը պայմանավորված էր առևտրի և տնտեսության զարգացմամբ, ինչպես նաև Առաջին աշխարհամարտի (1914-18) ժամանակ Երևանի բնակչության թվի արհեստ․ աճով (հարևան գյուղերից մարդկանց վերաբնակեցման և Արևմտյան Հայաստանից բնակչության ներհոսքի հաշվին)։ Առաջին աշխարհամարտի սկզբին Երևանի բնակչությունը մոտ 30 հազար էր, ավարտին՝ ավելի քան 50 հազար։ 1926-ի մարդահամարի տվյալներով՝ ՀԽՍՀ-ում ապրել է 881 հազար մարդ, որից 64,6 հազարը (7,3 %)՝ Երևանում։

Երևանի բնակչության թիվը կտրուկ աճել է 1926-ից՝ պայմանավորված երկրի