Այս էջը հաստատված է

վրա փորագրված Խորխոռյան տարեգրության մեջ, որը 1828-ին հայտնաբերել է արևելագետ Ֆ. Շուլցը, ընթերցվում է նաև Էրեբունի տեղանունը։

Հայ մատենագիրները Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել են Նոյյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ. իբրև երբ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին, և Նոյը, ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է՝ երևա՜ց (այստեղից էլ՝ «Երևան» անվանումը)։

Առավել տարածված է այն տեսակետը, որ «Երևան» անունը կապված է Էրեբունի բերդաքաղաքի անվան հետ։ Սակայն կան նաև այլ տեսակետներ. դրանցից մեկի համաձայն՝ հիմնադրված նոր բնակավայրի անվանակոչման համար Արգիշտի Ա-ն կամ օգտագործել է տարածքում եղած ու նրան հայտնի հնագույն այլ բնակավայրի անուն, կամ կոչել է «երի» կամ «արի» ցեղի (երկրի) անունով։ Հայկական լեռնաշխարհից ու շրջակա տարածքներից հեռացած հնդեվրոպացիների նախնիները՝ արիական ցեղերը, հիշում են իրենց՝ արի ցեղին պատկանելու փաստը և գրավոր աղբյուրներում նշում են այդ մասին (հնդկ. վեդաներ, իրան. «Ավեստա», պարսից Դարեհ Ա-ի Բեհիսթունյան արձանագրություն)։

Երևանը հիշատակվում է III դ-ի սոդդիական-մանիքեական տեքստում, որտեղ նշվում է, որ քրիստ. համայնքի կողքին Մանիի (պարսիկ նկարիչ, մանիքեության հիմնադիրը) աշակերտներից մեկը Երևանում հիմնել է մանիքեական համայնք։

Վանի թագավորության անկումից հետո Երևանի շուրջ 1000-ամյա պատմության մասին հայ մատենագր. աղբյուրները լռում են։ Երևանը կրկին հիշատակվում է VII դարում՝ «Գիրք թղթոցի» մեջ։ Պատմիչ Սեբեոսը վկայում է, որ արաբ․ արշավանքների ժամանակ Երևանը վաճառաշահ ու այգեշատ քաղաք էր։

XII-XIII դդ-ում Երևանը բավական մեծ տարածք է զբաղեցրել, սակայն սելջուկ թուրքերի արշավանքների հետևանքով հիմնովին ավերվել է և, տակավին չվերականգնված, ենթարկվել նոր արհավիրքի՝ մոնղոլ-թաթարների, ապա Լենկթեմուրի ասպատակություններին, և 1387-ին, ի թիվս այլ քաղաքների, կրկին ավերվել է։

Երևանի կարևորությունը մեծացել է 1437-67-ին, երբ դարձել է Արարատյան աշխարհի մեծագույն մասն ընդգրկող կուսակալության կենտրոնը և հաճախ հիշատակվում է որպես «Արարատյան երկրի մայրաքաղաք»։ Կարակոյունլու ցեղապետ Ջհան շահը (1437-67) ստեղծել է Երևան կենտրոնով կուսակալություն և կուսակալ նշանակել Յաղուբ բեկին։ 1502-ին Իրանի Սեֆյան հարստության հիմնադիր Իսմայիլ շահը, ի թիվս Հայաստանի արլ. երկրամասերի, ակկոյունլուներից խլել է նաև Երևանն ու հանձնել Ռևան խանին։ Իբրև սահմանային մեծ խանության կենտրոն՝ Երևանը Ռևան խանի օրոք ձեռք է բերել ռազմ. մեծ նշանակություն։

1555-ի Ամասիայի պայմանագրով՝ Հայաստանը բաժանվել է թուրքերի և պարսիկների միջև, Երևանի խանությունն անցել է Իրանին։

1578-ին թուրք․ զորքերը Մուստաֆա Լալու (Ջաֆեր) փաշայի գլխավորությամբ կրկին հարձակվել են Երևանի խանության վրա և 1579-ին հեշտությամբ գրավել են այն, քանի որ Մահմուդ խանը (Թոխմախ մականունով), լսելով թուրք․ բանակի մոտենալու լուրը, կողոպտել է քաղաքը և դիմել փախուստի՝ իր հետ տանելով հազարավոր գերիներ։ Երևանից բազմահազար (մոտ 60 հազար) գերիներ է տարել նաև թուրք Մուստաֆա Լալու փաշան։ Սակայն շուտով կնքվել է նոր պայմանագիր, որով Երևանը դարձյալ անցել է Իրանին։

1583-ին թուրք․ մի ստվար բանակ Ֆահրադ փաշայի հրամանատարությամբ վերստին արշավել է Երևան։ Մահմուդ խանը նահանջել է արլ.՝ քաղաքը թողնելով թուրքերին։ Ֆահրադ փաշան 1582-83-ին Հրազդանի ձախափնյա զառիթափ ձորեզրին՝ հարթավայրում, կառուցել է Երևանի բերդը, որը եղել է