թուրք և պարսիկ տիրակալների բացառիկ կարևոր ռազմ․ հենակետը։ XIX դ-ի սկզբին բերդն զբաղեցրել է 790 մ x 850 մ չափսերի գրեթե քառակուսի տարածք։
1603-ին Աբբաս շահը մոտ 8-9 ամիս պաշարել է Երևանը, թուրք․ կայազորը հարկադրված հանձնվել է։ 1604-ին Աբբասի գերեվարած հայերի թվում եղել են բազմաթիվ երևանցիներ, որոնք 1606-ին Նոր Ջուղայի մոտ հիմնել են ավան և կոչել Նոր Երևան։ 1605-ի դաշնագրով՝ վերականգնվել են 1555-ի թուրք-պարսկ. սահմանները, և Երևանը կրկին մնացել է պարսկ. հատվածում։ 3 դար շարունակ Երևանը 14 անգամ ձեռքից ձեռք է անցնել։
1606-09-ին Երևանի Ամիրգունա խանը Արևմտյան Հայաստանի զանազան շրջաններից գերած բազմաթիվ հայերի բնակեցրել է Երևանի շրջակայքում։ 1635-ին քաղաքը գրավել են Մուրատ սուլթանի, 1636-ին՝ Իրանի շահ Սեֆիի զորքերը։ 1638-ին Երևանը և շրջակա բնակավայրերը գրավել ու ասպատակել են Քանան փաշայի թուրք․ զորքերը, որոնց կազմում եղել են նաև Ղրիմի խանի ջոկատները։ 1639-ին կնքված Կասրե-Շիրինի հաշտությամբ հաստատվել է մոտ 60-ամյա խաղաղություն։ Երևանը եղել է Սեֆյան կայսրության Չուխուր Սաադի բեգլարբեգության կենտրոնը, որը կառավարել է սարդարը, 1747-ից՝ խանը։
1724-ին Երևանի և շրջակա գյուղերի բնակիչները շուրջ 2 ամիս դիմագրավելեն թուրք․ 70-հազարանոց բանակին և միայն պարսիկների դավաճանության պատճառով են պարտվել ու բերդը հանձնել թուրքերին։ Երևանի պատմության այդ էջը ներկայացրել է պատմիչ Աբրահամ Երևանցին, որը, մանրամասն նկարագրելով ճակատամարտը, հիշատակում է, որ 20 հազար զոհ տալով՝ թուրքերին վերջապես հաջողվել է գրավել բերդը։
1735-ին Իրանի Նադիր շահը, թուրքերի հետ նախնական պայմանավորվածությամբ, վերացրել է Կարսի բերդի պաշարումը, փոխարենը երկարատև պաշարումից հետո առանց կռվի (սեպտ. 22-ին) գրավել Երևանը։
XVIII դ-ի 1-ին քառորդից Իսրայել Օրին և ազատագր. շարժման մյուս գործիչները հայ ժողովրդի ազատագր. շարժումներում կարևոր դեր են հատկացրել Երևանին։
XVIII դ-ի 2-րդ կեսին Երևանի խանությունը հարկատու էր Վրաստանի Հերակլ II թագավորին, որից ժամանակ առ ժամանակ հրաժարվելու պատճառով Հերակլը ձեռնարկել է 3 պատժիչ արշավանքներ (1765, 1769, 1779)։ Վերջինի ժամանակ ավերել է Երևանի խանության գավառները, 3 ամիս պաշարել քաղաքը, խանության շատ բնակիչների գաղթեցրել Վրաստան. Երևանից տարածներին բնակեցրել են Տփղիսի Հավլաբար թաղամասում։ XVII-XVIII դդ-ում Երևանն ունեցել է մոտ 15 հազար բն.։ Երևանում էին կենտրոնացված խանության վարչական մարմիններն ու զորքերի մեծ մասը։ Այդ շրջանում Երևանը կառավարել է ոստիկանապետը, որն զբաղվել է քաղաքի կարգուկանոնով և տուրքերի հավաքմամբ։ Թաղերը ենթարկվել են ավագներին։ Պաշտոնյաների թվում էին շուկայի պետը, կշռապետը և ոռոգման ցանցի պատասխանատուն։
XIX դ-ում Երևանում զարգացել են արհեստագործությունը (այդ թվում՝ տնայնագործ.), առևտուրը, այգեգործությունն ու բանջարաբուծությունը, մասամբ՝ երկրագործությունն ու անասնապահությունը։ Հիմն․ արհեստներն էին ներկարարությունը, կաշեգործությունը, հացագործությունը և այլն։ Արհեստավորներն ու առևտրականներն ընդգրկված էին համքարություններում։ Քաղաքում գործել են տնայնագործ․ արտադրական ձեռնարկություններ (ապակու, վառոդի, թնդանոթի և այլն)։ Մեծածախ առևտրով զբաղվել են հարուստ վաճառականները, մանրածախով և շարժականով՝ մանր առևտրականները (բազազներ, մանրավաճառներ)։
Քաղաքն զբաղեցրել է մեծ տարածք՝ անշուք և անկանոն կառույցներով։ Բերդը քաղաքից բաժանվել է մեծ հրապարակով։ Բերդում էին խանի պալատը, հարեմը, զորանոցներ, բաղնիքներ,