առաջին քաղաքապետ է ընտրվել Հովհաննես Ղորղանյանը (1879-84)։ 1892-ի նոր կանոնադրությամբ սահմանափակվել են քաղաքային ինքնավար մարմինների իրավունքները։
Գյուղաց. ռեֆորմը Հայաստանում իրականացնելուց (1870) հետո կապիտալիստ. արդ-յան ստեղծման համար նախադրյալներ են ստեղծվել նաև Երևանում։ Անհրաժեշտ հումքը (բամբակ, շինանյութեր, կաշի, խաղող և այլն), դրամ․ միջոցները կենտրոնացված էին խոշոր վաճառականների ձեռքում, որոնք էլ հիմնադրել են արտադրական առաջին ձեռնարկությունները։ 1885-ին Ն. Թաիրովը (Թաիրյան) հիմնել է գինու, օղու և սպիրտի առաջին գործարանը Երևանում։ 1887-ին այդ գործարանին կից կազմակերպվել է կոնյակի առաջին արտադրությունը։ Գործել են Դ. Սարաջևի (1894-ից), Կ. Աֆրիկյանի և Գ. Գյոզալյանի (1897-ից) կոնյակի գործարանները։ XX դ-ի սկզբին Երևանում կար կոնյակի, օղու, սպիրտի, գինու 5 գործարան։ 1899-ին ռուս խոշոր ձեռնարկատեր Ն. Շուստովը գնել է Թաիրովի գինու-կոնյակի գործարանը, կարճ ժամանակամիջոցում ընդլայնել մի քանի անգամ, իսկ 1907-ին կառուցել նոր մեքենայացված, օդամղիչ և տակառի գործարաններ, նկուղներ, սպասարկման կետեր, օժանդակ այլ հարմարություններ և փոքր ջրէկ՝ Հրազդան գետի վրա։ Երևանում արտադրվող կոնյակի և սպիրտի մեծ մասն աստիճանաբար կենտրոնացվել է «Շուստով և որդիներ» ընկերության ձեռքում։
Խաղողի թափոնների և գինու նստվածքների հիման վրա ընդարձակվել է նաև օղու և սպիրտի արտադրությունը։ 1891-ին գործել է Տեր-Ավետիքյան եղբայրների մեխանիկական գործարանը, որն սպասարկել է հիմնականում գինու, կոնյակի, օղու արտադրության ձեռնարկություններին։ Գործել են նաև պահածոների, բամբակազտիչ, գարեջրի ու հանք․ ջրերի և այլ գործարաններ, տպարաններ, ձիթհաններ։
1896-ին Երևանում ընդհանուր առմամբ եղել է 129 գործարան։ Երևանի տնտեսական կյանքում էական նշանակություն է ունեցել Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղու կառուցումը (1899-1909)։ Ներքին ու արտաքին առևտրի զարգացմանը նպաստել է նաև Երևան-Աղստաֆա, Երևան-Ջուլֆա և Երևան-Իգդիր խճուղիների բարեկարգումը։
XIX դ-ի վերջին քառորդից շատ արհեստներ (ներկարարություն, կտավագործություն, բրուտագործություն և այլն) կորցրել են լայն պահանջարկը։ XX դ-ի սկզբին վերացել են համքարությունները։ Փոխարենն առաջացել են նոր պահանջներին համապատասխան արհեստներ (ժամագործություն, խառատություն և այլն), աշխուժացել են որոշ հին արհեստներ (քարտաշություն, որմնադրություն, հյուսնություն և այլն)։
XIX դ-ի վերջին և XX դ-ի սկզբին էական փոփոխություններ են տեղի ունեցել Երևանի ներքին կյանքի, մշակույթի և այլ բնագավառներում։ Ձիակառքերից բացի՝ գործել են ձիաքարշ տրամվայներ, որոնց երթևեկության համար ստեղծվել է 4 վերստ երկար․ գիծ (1906)։ 1907-ին «Ամպեր» ընկերության միջոցներով կառուցվել է ևս մեկ ջրէկ, որը ծառայել է քաղաքի լուսավորմանը։ 1911-ին «Երևանի ջրմուղի ընկերության» ջանքերով և քաղաքի մեծահարուստների միջոցներով կառուցվել է Երևանի ջրմուղը, որը խմելու ջուր է մատակարարել քաղաքին։ 1913-ից գործել է հեռախոսային ցանց։ Կառուցվել են նոր բաղնիքներ, դպրոցներ, զբոսայգիներ, հիվանդանոցներ ու դեղատներ, կազմակերպվել թատեր. խմբակներ,