Այս էջը հաստատված է

երաժշտ., հաշվապահ., կարի և այլ դասընթացներ, ստեղծվել են պարբ-ներ, տպարաններ, բացվել կինոթատրոններ։

Առաջին համաշխ. պատերազմին մասնակցել են նաև երևանցի բազմաթիվ կամավորներ, որոնք հայկական ջոկատների հետ ռուս. զորքի կազմում կռվել են Հայաստանը թուրք. լծից ազատագրելու համար։ 1915-ի Մեծ եղեռնից փրկված բազմաթիվ գաղթականներ ապաստանել են Երևանում։ 1918-ի գարնանն Ալեքսանդրապոլը գրավելուց հետո թուրք. զորքերի մի մասը շարժվել է դեպի Երևան։ Քաղաքն առանց դիմադրության հանձնելու քաղաքային դումայի որոշմանը հակառակ՝ Երևանի և շրջակա գյուղերի (Քանաքեռ, Ավան, Առինջ ևն) բնակչությունը, Արամ Մանուկյանի գլխավորությամբ աշխարհազոր կազմած, մասնակցել է քաղաքի պաշտպանությանը։ 1918-ի մայիսի 22-28-ին հայկական զորքերի հետ Սարդարապատի մոտ պարտության են մատնել թուրք. բանակին, որը նահանջել է՝ չկարողանալով մտնել Երևան։ 1918-ի հուլիսին Երևան է տեղափոխվել նույն թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում հռչակված Հայաստանի Հանրապետության Կառավարությունը։ Երևանը դարձել է Հայաստանի առաջին հանրապետության մայրաքաղաքը։

1920-91-ին Երևանը Հայկական ԽՍՀ մայրաքաղաքն էր։ Խորհրդ. իշխանության տարիներին Երևանը կառավարել է ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհուրդը։

Հայրեն. մեծ պատերազմից (1941-45) հետո Երևանում բացվել են նոր արդյունաբերական ձեռնարկություններ, հանրակրթական, բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններ, գիտական հիմնարկներ, գրադարաններ, կինոթատրոններ, հրատարակչություններ, եկեղեցիներ, մշակութային այլ օջախներ, ստեղծվել է ռադիոհեռուստատեսային լայն ցանց։ Երևանը դարձել է Այսրկովկասի ու Առաջավոր Ասիայի արդյունաբերական խոշոր կենտրոններից։

1991-ից Երևանը ՀՀ մայրաքաղաքն է։ 1995-ի հուլիսի 5-ին ընդունված ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրվել է Երևանի՝ ՀՀ մայրաքաղաքի իրավ. կարգավիճակը։

Տես նաև Պատմություն հոդվածաշարը։


ԵՐԵՎԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

1995-ի ՀՀ նոր վարչատարածքային բաժանմամբ՝ Երևանն ստացել է մարզի (Երևանի քաղաքապետին նշանակում էր ՀՀ նախագահը), սահմանադրական փոփոխություններից հետո (2005)՝ համայնքի (հոդված 108) կարգավիճակ, ունի դրոշ, զինանշան և օրհներգ։ Տեղական ինքնակառավարումը Երևանում իրագործվում է «Տեղական ինքնակառավարման մասին» (2002) և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» (2008) ՀՀ օրենքներին համապատասխան։ Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններն են ավագանին և քաղաքապետը։ Ավագանին ընտրվում է համամասնական ընտրակարգով՝ 5 տարի ժամկետով։ Քաղաքապետ է ընտրվում ավագանու ձայների 50 %-ից ավելին ստացած կուս-յան ցուցակի 1-ին համարի անձը։ Եթե նա հրաժարվում է կամ տարբեր պատճառներով չի համապատասխանում քաղաքապետին ներկայացվող պահանջներին, ապա քաղաքապետին ընտրում է ավագանին՝ գաղտնի քվեարկությամբ։

Երևանի ավագանու 1-ին ընտրություններում նախատեսված նվազագույն 7 %-ի շեմը հաղթահարել են Հայաստանի հանրապետական՝ 47,43 % (35 մանդատ), «Բարգավաճ Հայաստան» 22,65 % (17 մանդատ) կուս-ները և «Հայ ազգային կոնգրես» դաշինքը՝ 17,57 % (13 մանդատ)։ Վերջինս, վիճարկելով ընտրությունների