էլեկտրատրանսպորտով։ Երևանն ունի երկթղ. կայարան, որն օդանավակայանի հետ ապահովում է կապն արտաքին աշխարհի հետ։ Երևան քաղաքի տրանսպորտի ապահովման համար օրական գործում են 413 ավտոբուս, 2670 միկրոավտոբուս և 88 տրոլեյբուս։
Երևանում տրամվայ գործել է 1933-ից, իսկ 1980-ական թթ-ի վերջերից տրամվայի ցանցի երկարությունը հասել է 96 կմ-ի։ 2004-ից տրամվայը Երևանից հանվել է, գծերն ապամոնտաժվել են։
Տրոլեյբուսի երթևեկությունը Երևանում սկսվել է 1949-ին։ 1980-ական թթ-ի վերջերին տրոլեյբուսի երթուղիների երկար-ը հասել է 256 կմ-ի, որից գործում է 72 կմ-ը (5 երթուղի) (2012)։ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի հաշվեկշռում կա 89 տրոլեյբուս։
Երևանի մետրոպոլիտենի (1999-ից՝ Կ. Դերիրճյանի անվան) շին-ն սկսվել է 1972-ին։ Առաջին գիծը՝ 11,47 կմ երկարություն, շահագործման է հանձնվել 1981-ին՝ «Բարեկամություն», «Սարալանջի» (այժմ՝ «Մարշալ Բաղրամյան»), «Երիտասարդական», «Լենինի հրապարակ» (այժմ՝ «Հանրապետության հրապարակ») և «Սասունցի Դավիթ», 1983-96-ին՝ «Գործարանային», «Հոկտեմբերյան» (այժմ՝ «Զորավար Անդրանիկ»), «Շենգավիթ», «Սպանդարյան հրապարակ» (այժմ՝ «Գարեգին Նժդեհի հրապարակ») և «Չարբախ» կայարանները։ Շահագործվող գծի երկարություն 13,4 կմ է, ուղևորահոսքը՝ 50 հազար մարդ/օր (2012)։ Երևանի մետրոպոլիտենի զարգացման հեռանկարային սխեմայի (ճարտ-ներ՝ Է. Պապյան, Ֆ. Մարկոսյան, ճարտարագետ՝ Է. Ստեփանով) համաձայն՝ մետրոյի ցանցը կլրացվի դեպի Աջափնյակ, Նոր Արեշ, Սեբաստիա, Նորքի զանգված տանող ուղիներով։
Երևանի ճոպանուղին գործել է 1967-2004-ին։ Այն ուղիղ տրանսպորտային կապ է ապահովել Հերացու փողոցից դեպի Նորք։
Երևանը ՀՀ գլխավոր օդային դարպասն է՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով, որը 2011-ին փոխադրել է 1,6 մլն ուղևոր։
Երևանում են ՀՀ սևեռված, բջջային և համացանցային կապի ոլորտում բարձրակարգ ծառայություններ մատուցող բոլոր խոշոր ընկերությունների («Վիվա-Սել-ՄՏՍ», «Բիլայն», «Օրանժ Արմենիա») կենտր. գրասենյակները, իսկ կապի ծառայություններից ստացված հասույթը 2008-ի ընթացիկ գներով, առանց ավելացված արժեքի հարկի, կազմել է 156,56 մլրդ դրամ։
Առևտուր։ 2010-ին մանրածախ առևտրի շրջանառությունը Երևանում կազմել է 980 մլրդ դրամ, որը 2009-ի համեմատությամբ ավելացել է շուրջ 9 %-ով։
2010-ին Երևանում միջին հաշվով մեկ բնակչին ընկնող առևտրի տարեկան շրջանառությունը կազմել է 876 հզ դրամ, որը 2009-ի համեմատությամբ ավելացել է շուրջ 9 %-ով։ Մեկ բնակչին ընկնող առևտրի շրջանառությունը հանրապետության միջին ցուցանիշը գերազանցել է 244,6 %-ով։
Մանրածախ առևտրի օբյեկտների թվաքանակում (11.210, 2010) մեծ է խանութների (8772) և կրպակների (2278) տեսակարար կշիռը, որոնք կազմում են հանրապետության՝ համապատասխանաբար՝ 67 % և 39 %-ը։ 2005-10-ին այդ օբյեկտների քանակն ավելացել է 1853 միավորով։
Հանրապետության արտահանման ընդհանուր ծավալում 2005-ին Երևանին բաժին է ընկել 59,02 %-ը, 2007-ին՝ 57,75 %-ը, 2008-ին՝ 55,3 %-ը, 2010-ին՝ 53 %-ը։ 2005-10-ին, ներմուծման ծավալների աճին զուգընթաց, դիտվել է ներմուծման ծավալների տեսակարար կշռի աճ, որը հանրապետության ներմուծման ընդհանուր ծավալում կազմել է՝ 2005-ին՝ 69,8 %, 2006-ին՝ 71,9 %, 2008-ին՝ 82,0 %, 2010-ին՝ 80,7%։
Տես նաև Արդյունաբերություն, Գյուղատնտեսություն, Տրանսպորտ և կապ, Առևտուր հոդվածները Տնտեսության բաժնում։