Այս էջը հաստատված է
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Երևանում առաջին բժշկ. հիմնարկը՝ զինվորական հոսպիտալը, բացվել է 1828-ին, դեղատունը՝ 1830-ին, որոնք բուժօգնություն են ցույց տվել նաև ազգաբնակչությանը։ 1857-ից Երևանում գործել է ինքնուրույն դեղատուն, 1888-ին՝ բուժարան, որին կից 1893-ին կազմակերպվել է 12 մահճակալով հիվանդանոց, 1898-ին՝ բանտի հիվանդանոցը (25 մահճակալով)։ 1899-ին դեղագործ Շահնազարովի միջոցներով Երևանում բացվել է Հայաստանում առաջին պաշտոն․ դեղատունը։

1880-81-ին քաղաքային բժիշկ Լևոն Տիգրանյանի նախագահությամբ գործել է Առողջապահ․ մշտ. հանձնաժողով։ 1881-ից հրատարակվել է «Առողջապահական թերթը»։ Առողջապահ-յան կազմակերպման նպատակով որոշակի աշխատանք է կատարել Երևանի բժշկ. ընկերությունը (հիմն.՝ 1910-ին)։ Առաջին համաշխ. պատերազմի նախօրյակին Երևանում բացվել են քաղաքային և բանտի հիվանդանոցները, զինվորական հոսպիտալը, ակնաբուժարանը, հոգեկան հիվանդների խնամատունը, Հ. Հովհաննիսյանի և Ա. Տեր-Ավետիքյանի մասնավոր հիվանդանոցները, 1918-ին քաղաքային հիվանդանոցը տեղափոխվել է նորակառույց շենք և վերանվանվել 1-ին քաղաքային հիվանդանոցի, այնուհետև հիմնադրվել են 2-րդ և 3-րդ կլինիկ․ հիվանդանոցները։

Երևանում առողջապահ-յան կազմակերպումն առաջին անգամ պետական ուշադրության է արժանացել խորհրդային իշխանության օրոք. 1920-ին կազմավորվել է Առողջապահ-յան ժողկոմատը (1946-ից՝ ՀԽՍՀ ԱՆ), որի իրավասությանն են հանձնվել բժշկասան. բոլոր հիմնարկները, այդ թվում՝ մասնավորները։ 1921-ին ՀԽՍՀ ժողկոմխորհը հրատարակել է «Երևանը շաբաթօրյակների միջոցով մաքրելու մասին» դեկրետը։ Առաջին հերթին զանգվածային պայքար է ծավալվել բծավոր տիֆի, բնական ծաղիկի, կարմրուկի և քութեշի դեմ։ Կազմակերպվել է սանիտարահակահամաճարակային միասնական համակարգ, մշակվել և հրատարակվել են սան. օրենքներ։

1921-ին Երևանում բացվել են բուժկանխարգելիչ մասնագիտական բուժօգնության բաժանմունքներ, որոնց հիման վրա հետագայում ստեղծվել են մասնագիտացված կլինիկաներ, որտեղ բնակչությունն անվճար օգնություն է ստացել։ 1922-ին քաղաքային 2-րդ կլինիկ․ հիվանդանոցում բացվել է ակնաբուժ. բաժանմունք՝ 25 մահճակալով, որը 1925-ին վերակառուցվել է Աչքի հիվանդությունների կլինիկայի։ Ստեղծվել է մոր և մանկան պահպանության ծառայություն։ Հիմնադրվել են բժշկ. ուսումնական հաստատություններ՝ 1921-ին՝ բժշկ. ուսումնարանը, 1922- ին՝ ԵՊՀ բժշկ. ֆակ-ը (1930-ից՝ ԵԲԻ, 1995-ից՝ ԵՊԲՀ), 1923-ին՝ Տրոպիկ. ինստ- ը, 1933-ին՝ Սան. տեսչությունը, 1937-ին՝ Ախտահանման կայանը։ 1925-26-ին մշակվել է Երևանի բժշկասան. հիմնարկների կառուցման հեռանկարային պլան։ 1929-ին արդյունաբերական ձեռնարկություններում ստեղծվել են բուժկետեր և առկայաններ։ 1931-ին հիմնվել է Շտապ բժշկ. օգնության կայանը։ 1937-ին շահագործման է հանձնվել 4-րդ, 1939-ին՝ 5-րդ և հոգեբուժ. կլինիկ․ հիվանդանոցները։

Հայրեն․ մեծ պատերազմի սկզբին Երևանում գործել են 20 հիվանդանոցային հիմնարկներ, աշխատել է 505 բժիշկ (1000 բնակչին՝ 2,2 բժիշկ)։ Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների շնորհիվ 1941-ի հոկտ-ին Երևանի հիվանդանոցներն ընդունել են նաև առաջին վիրավորներին (Հայաստանի հոսպիտալների 49 %-ը Երևանում էր)։ Պատերազմի տարիներին շարունակվել է բուժկանխարգելիչ ցանցի ընդլայնումը։

Առողջապահության կազմակերպման աշխատանքները լայնորեն ծավալվել են հատկապես հետպատերազմյան ժամանակաշրջանում. հիմնադրվել են Վնասվածքաբանության և օրթոպեդիայի (1946), Ռենտգենաբանության և ուռուցքաբանության (1946) ԳՀԻ-ները։ 1949-ից ամբուլատոր-պոլիկլինիկ. հիմնարկները միավորվել են հիվանդանոցների հետ, և ստեղծվել են բուժմիավորումներ։ 1957-ին Երևանում շահագործման է հանձնվել 8-րդ կլինիկ․ հիվանդանոցը, 1961-ին՝ Սրտաբանության և սրտային վիրաբուժության ԳՀԻ-ն, որի հիմքի վրա 1975-ին հիմնադրվել է ԽՍՀՄ ԲԳԱ համամիութ. գիտական կենտրոնի Երևանի մասնաճյուղը (1991-ից՝ Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ), Շտապ բժշկ. օգնության