Այս էջը հաստատված է

Երևանում գործում են շուրջ 20 նախնական (արհեստագործ.) և ավելի քան 30 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ։

Առաջին բուհը՝ Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ), հիմնադրվել է 1919-ի մայիսի 16-ին, մինչև 1920-ի հունիսը գործել է Ալեքսանդրապոլում։ Հետագայում ԵՊՀ ֆակ-ների հիմքի վրա ստեղծվել են մանկավարժ., գյուղատնտեսական, բժշկ., շին., քիմիա-տեխնոլոգ., առևտրակոոպերատիվ ինստ-ները։ ՀՀ-ում գործող 25 պետական բուհերից Երևանում են ԵՊՀ-ն, ՀՊՃՀ-ն, ՀՊՄՀ-ն, ԵՃՇՊՀ-ն, ՀՊՏՀ-ն, ԵՊԼՀ-ն, ԵՊԲՀ-ն, ՀՊԱՀ-ն, ՌՀՊՀ-ն, ՀԱՀ-ն, ՀՖՀ-ն, Կոմիտասի անվան կոնսերվատորիան, ՖԿՀՊԻ-ն, ԵԹԿՊԻ-ն, ԵԳՊԱ-ն, ԵԿՏԱ-ն, ՀՀ Պետական կառավարման, ՀՀ ոստիկանության, Ճգնաժամային կառավարման ակադ-ները, ՀՀ ՊՆ ռազմ. և ՀՀ ՊՆ ռազմ. ավիացիայի ինստ-ները։

Երևանում է նաև ՀՀ ոչ պետական (շուրջ 40) բուհերի մեծ մասը՝ «Հրաչյա Աճառյան», «Անանիա Շիրակացի», «Գլաձոր», «Գալիք», «Հայբուսակ», «Հյուսիսային», Մեսրոպ Մաշտոցի անվան, Մովսես Խորենացու անվան, «Մանց» ևն։

1920-ական թթ-ից ԵՊՀ-ն դարձել է նաև գիտական կենտրոն։ 1925-ին ստեղծվել են Արվ-ի և գիտության ինստ-ը, ԳՀ լաբորատորիաներ՝ արդյունաբերական առանձին ձեռնարկություններին կից։ 1935-ին Երևանում հիմնադրվել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղը՝ ԱրմՖԱՆ-ը, որը միավորել է ՀԽՍՀ գիտական հաստատությունները, 1943-ին ԱրմՖԱՆ-ի հիմքի վրա ստեղծվել է ՀԽՍՀ ԳԱ-ն (այժմ՝ ՀՀ ԳԱԱ)՝ սկիզբ դնելով գիտության զարգացման նոր փուլի։

Տես նաև Կրթություն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա։

ՀՈԳԵՎՈՐ ԿՅԱՆՔԸ

Երևանցիների 90-95 %-ը Հայաստանյայց առաքել. եկեղեցու հետևորդ է։ Կան նաև կաթոլիկներ և բողոքականներ, տարատեսակ աղանդավոր. կազմակերպությունների, Ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդներ։

Երևանն Արարատյան հայրապետական թեմի կազմում է։ Այն ստեղծվել է IV դ-ի սկզբին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո (XV դ-ից հայտնի է «Երևանի թեմ» անունով)։ 1996-ից Արարատյան հայրապետական թեմն ընդգրկում է Արարատի մարզը և Երևանը։ Առաջնորդանիստ Սբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ 1987-ին կառուցվել է թեմի առաջնորդարանի նոր շենքը։ 2001-ին, Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առթիվ, բացվել է Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին (տեղավորում է 3 հազար մարդ, նստարանները նախատեսված են 1700 հոգու համար)։ Երևանում գործում է 15 եկեղեցի։ Լույս է տեսնում Արարատյան հայրապետական թեմի «Շողակն Արարատյան» պաշտոն. երկշաբաթաթերթը։ Գործում են հոգևոր-մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունը և «Վէմ» ռադիոկայանը։

Տես նաև Հայաստանյայց առաքելական եկեղեցի։

ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ, ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ

Երևանում ստեղծվել է գրադարանների, թանգարանների լայն ցանց։ Ներկայումս ՀՀ-ում գործող 986 գրադարանից 34-ը Երևանում են։ Մշակութային խոշոր կենտրոններից է Հայաստանի ազգային գրադարանը, գրքային հարուստ ֆոնդ ունեն ՀՀ ԳԱԱ հիմնարար, ԵՊՀ-ի, Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային կենտր., Խնկո-Ապոր անվան ազգային մանկ. գրադարանները։ Գործում են նաև հանրապետական գիտատեխ., գիտաբժշկ., երաժշտագիտական և մասնագիտական այլ գրադարաններ։

Երևանում են ՀՀ-ում գործող 95 թանգարանից 57-ը, այդ թվում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանը (Հին ձեռագրերի ԳՀԻ-թանգարան), ՀՊԹ-ն, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստ-ը,