Այս էջը հաստատված է

«Էրեբունի» պատմահնագիտ. արգելոց-թանգարանը, ՀԱՊ-ը, Երևան քաղաքի պատմության, Ժողովրդական արվ-ի, Ժամանակակից արվ-ի, Ռուս. արվ-ի թանգարանները, Գեղագիտության ազգային կենտրոնը, «Գաֆեսճյան» արվ-ի կենտրոնը, Եղիշե Չարենցի անվան գրակ-յան և արվ-ի թանգարանը, Խաչատուր Աբովյանի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Եղիշե Չարենցի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի, Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանները, Հովհաննես Թումանյանի, Երվանդ Քոչարի, Սերգեյ Փարաջանովի, Կալենց (Գալենց) թանգարանները, Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստ-ը ևն։

Տես նաև Գրադարաններ, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան, Թանգարաններ:

Երևան քաղաքի պատմության թանգարան

Երևան քաղաքի պատմության թանգարանը (ԵՔՊԹ) հիմնադրվել է 1931-ին, մինչև 1936-ը կոչվել է Կոմունալ թանգարան (գործել է Հրշեջ վարչության շենքում, 1936-94-ին՝ Կապույտ մզկիթում, 1994-97-ին՝ նախկին Հռիփսիմյան իգական գիմնազիայի շենքում, 1997-2005-ին՝ Շահումյանի անվան №1 միջնակարգ դպրոցի մասնաշենքում, 2005-ից՝ Երևանի քաղաքապետարանի նորակառույց համալիրում) վերաբացվել է 2007-ին։

Թանգարանում պահվում են շուրջ 88 հազար հնագիտական, ագգագր. և այլ ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են Հայաստանի 12-րդ մայրաքաղաքի՝ Երևանի 2793-ամյա պատմությունը, նյութ. և հոգևոր մշակույթը՝ հնագիտական, ազգագր., դրամագիտական, կերպարվ-ի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ՝ մ. թ. ա. VIII դ-ից։ Ունի գիտացուցադր. 3 բաժին՝ հնագույն և միջնադարյան (մինչև XIX դ-ի սկիզբը), նոր (մինչև 1917-ը) և նորագույն ժամանակաշրջանների, ինչպես նաև ֆոնդերի հաշվառման և պահպանման, գիտական վերականգնման բաժիններ, կինոսրահ։

Հնագիտական հավաքածուի մեջ առանձնանում են շուրջ 100 հզ. տարվա հնության «Երևանյան» քարայրից (ցուցադրված է նաև մանրակերտը) հայտնաբերված վանակատե գործիքները, Կարմիր բլուրից (մ. թ. ա. VII դ.)՝ գարեջրի խեցեղեն անունները, Կարմիր բերդից (մ. թ. ա. I հազարամյակ, ներկայիս Աջափնյակ վարչական շրջանի տարածքում)՝ բրոնզե գոտիները, խեցե անոթները, քարե կառքերը, զարդերը, նետասլաքները, դանակները ևն։ Քաղաքի հելլենիստ. մշակույթը ներկայացված է Ավան-Առինջի տարածքից հայտնաբերված առարկաներով։

Թանգարանի հավաքածուն մշտապես համալրվում է քաղաքի պեղումների գտածոներով, ինչպես նաև նվիրատվություններով։

Թանգարանում են պահվում Երևանի խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը, օրհներգը, Երևանի քաղաքապետի խորհրդանիշ լանջաշղթան՝ Հայոց մայրաքաղաքների անվանատառերով։

Թանգարանում կազմակերպվում են հնագիտական, ազգագր., լուսանկարչ., ձեռագործության և այլ ցուցահանդեսներ։ Հրատարակվում են կատալոգներ (առաևձնապես ուշագրավ են 2790-ամյակին նվիրվածները), ուղեցույցներ ևն։ 2001-ից տնօրենն Արմինե Սարգսյանն է։