Երևանի տարածքում պահպանվել են զարգացած քաղաքաշին. մշակույթով հնագույն բնակավայրեր Շենգավիթը (մ. թ. ա. IV-II հազարամյակներ), Էրեբունին և Թեյշեբաինին (մ. թ. ա. VIII-VII դդ.)։ Կանգուն են Ավանի Սբ Հովհաննես (VI դ.) և Կաթողիկե (XIII դ.) եկեղեցիները։ Պատմիչները հիշատակում են Երևանի միջնադարյան «Երկու երեսանի», Սբ Հակոբ, Սբ Հովհաննես, Գեթսեմանի եկեղեցիների մասին (չեն պահպանվել)։ 1679-ի երկրաշարժից ավերվել են Երևանի եկեղեցիների մեծ մասը, կամուրջները, կարավանատները, բերդը։ XVII դ-ում վերակառուցված Պողոս-Պետրոս եկեղեցին քանդվել է 1930-ական թթ-ին (տեղում կառուցվել է «Մոսկվա» կինոթատրոնի շենքը, 1937)։
Քաղաքաշինությանը վերաբերող հնագույն գրաֆիկ․ վավերագրեր են ֆրանսիացի ճանապարհորդներ Ժան-Բատիստ Տավեռնիեի (1655) և Ժան Շարդենի (1673) կազմած համայնապատկերները։
Միջնադարում Երևանն ունեցել է քաղաքաշին. երկաստիճան համակարգ՝ բերդ և բնակելի թաղամասեր՝ պարիսպներից դուրս։ Բերդը կառուցվել է 1582-83-ին՝ Հրազդան գետի ձախ ափին՝ հնի տեղում։ Տարածքը (790 մ x 850 մ՝ բացի հս-արևմուտքից) շրջափակվել է երկտակ պարիսպներով։ Ունեցել է Հրազդանի ձորն իջնող գաղտնուղի, պարիսպների արտաքին պարագծով՝ հողապատնեշներ և ջրլեցուն խանդակներ։ Բերդի ներսում էին սարդարի պալատը, 2 մզկիթ, բաղնիքը և այլն։ Եղել է թուրք և պարսիկ տիրակալների կարևոր ռազմ․ հենակետը Արարատյան դաշտում։ XIX դ-ի 2-րդ կեսից լքվել է։ Հետագայում մի մասն զբաղեցրել են Շուստովի կոնյակի գործարանի շինությունները, իսկ 1930-ական թթ-ին տեղում կառուցվել է գինու գործարանի համալիրը։
Երևանի գլխավոր հրապարակը՝ Մեծը կամ Շուկայականը (Ղանթար), գտնվում էր բերդից դեպի քաղաքի կենտրոն ձգվող ճանապարհին և, բացի առևտրից, նաև ժամանցի ու մրցումների վայր էր։
Ուշ միջնադարի կառույցներից է Կոնդի Զորավոր եկեղեցին (կառուցել է մեծահարուստ Խոջա Փանոսը 1693-ին), որին արևմուտքից հարում է Սբ Անանիայի դամբարանը (1889)։ Երևանի տարածքում են Քանաքեռի Սբ Աստվածածին և Սբ Հակոբ (երկուսն էլ վերակառուցվել են 1695-ին), Նորագավթի Ծիրանավոր (XVII դ.) և Կոնդի Սբ Հովհաննես Մկրտիչ (1710) եկեղեցիները։ Պարսկ. ճարտ-յան լավագույն նմուշ է Կապույտ (Գյոյ) մզկիթը (1766)։
XVII-XVIII դդ-ում կառուցվել են նաև բազմաթիվ քաղաքաց. շենքեր՝ աղյուսաշեն գմբեթավոր բաղնիքներ, կարավանատներ, կամուրջներ։ Պահպանվել են Գետառի միաթռիչք (1664) և Հրազդանի Կարմիր կամ Խոջա Փլավի (XVII դ.) կամուրջները։ Վաղ բնակելի տները մեկհարկանի էին՝ որպես մառան ծառայող կիսանկուղային հարկով, ներքին բակով, փողոցից մեկուսացած էին խուլ պատով։