XIX դ-ի 2-րդ քառորդից, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, Երևանի ճարտ-քաղաքաշին. կերպարը հետզհետե փոխվել է. տարածվել է ռուս․ կլասիցիզմի ոճը, գերիշխել է կանոնավոր հատակագծումը։ 1837-ին կատարվել է քաղաքի տեղեկագր. հանույթը, 1856-ին կազմվել է ուրվագծային հատակագիծ։ Կրեպոստնայա փողոցը բարեկարգվել է և 1863-ին վերանվանվել Աստաֆյան՝ նահանգապետ Աստաֆևի անունով (այժմ՝ Աբովյան), մինչև դարավերջ կառուցվել են դրան զուգահեռ և ուղղահայաց փողոցներ, որոնցով քաղաքի կենտրոնում ստեղծվել է տրանսպորտային ուղիների հարմարավետ ցանց։ Առավելապես սև տուֆից կառուցվել են արդյունաբերական, երկհարկ և եռահարկ բնակելի ու հասարակական շենքեր, նաև «եկամտաբեր» տներ, որտեղ ժողովրդական բնակելի տան ավանդ․ ճարտ. տարրերից լայնորեն տարածված էին դեպի բակ բացվող պատշգամբները։
XIX դ-ի վերջի-XX դ-ի սկզբի Երևանի հասարակական շենքերից ուշագրավ են արական (1896, ճարտ.՝ Նիկոլայ ֆոն դեր Նոննե), Հռիփսիմյան իգական (1898, ճարտ.՝ Ի. Վագապով, 1905, ճարտ.՝ Վասիլի Միրզոյան) գիմնազիաները, Արքուն. պալատի և նահանգ․ գանձարանի, նահանգապետարանի շենքերը (XX դ-ի սկիզբ), պետական բանակի բաժանմունքը (1902, երեքն էլ՝ ճարտ.՝ Վ. Միրզոյան), նահանգապետի գրասենյակը և տունը (1905), ուսուցչական սեմինարիան (1905, ճարտ-ներ՝ Ն. Կիտկին, Վ. Միրզոյան), Քաղաքային դումայի և վարչության շենքը (1907), Թիֆլիսի առևտր. բանկի Երևանի բաժանմունքը (1910, ճարտ.՝ Բորիս Մեհրաբյան)։ XIX դ-ի 2-րդ կեսին և XX դ-ի սկզբին Երևանում կառուցվել են Սբ Սարգիս (1842), Սբ Գրիգոր Լուսավորիչ (քանդվել է 1947-ին, տեղում Ե. Չարենցի անվան դպրոցն է), Սբ Նիկոլաևյան ռուսական (1913, ճարտ.՝ Վ. Միրզոյան, քանդվել է 1931-ին, տեղում Ստեփան Շահումյանի հուշարձանն է) եկեղեցիները։
1924-ին հաստատվել է Երևանի կառուցապատման և զարգացման 1-ին գլխավոր հատակագիծը (ճարտ.՝ Ա. Թամանյան), որտեղ կարևորվել է Բ. Մեհրաբյանի կազմած տեղագր. հատակագիծը (1906-11)։ Գլխավոր հատակագիծը կազմվել է 15 տարի հաշվարկային ժամկետով, 60-150 հզ. բնակչության հեռանկարով, ընդգրկել է Երևանյան գոգավորությունը՝ Նորքի, Քանաքեռի և Կոնդի լանջերից մինչև Արարատյան դաշտի հյուսիս-արլ. մատույցները՝ հիմնականում պահպանելով քաղաքի փողոցների արդեն ստեղծված հատակագծային ցանցը։
1934-ին Ա. Թամանյանի սկսած «Մեծ Երևանի» գլխավոր հատակագիծը 1936-39-ին ճարտ-ներ Ի. Մալոզեմովը, Նորայր Զարգարյանը, Ս. Կլևիցկին մշակել են 450 հազար բնակչի համար՝ 15 տարվա հեռանկարով։ Ընդգրկել է նաև Արաբկիրի, Նորքի, Քանաքեռի սարահարթերը, Հրազդան գետի աջ ափը։ Երևանի անկանխատեսելի ընդլայնմամբ պայմանավորված՝ 1951-ին վերանայվել է գլխավոր հատակագիծը (ճարտ.՝ Ն. Զարգարյան և ուրիշներ)։ 1961-ից կազմվել են Երևանի զարգացման տեխնիկատնտեսական ցուցանիշները՝ 1959-75-ի հեռանկարով, որի վրա հիմնվել է նոր գլխավոր հատակագիծը (1971, ճարտ-ներ՝ Միքայել Մազմանյան, Էդուարդ Պապյան, Գեորգի Մուրզա, Ցոլակ Չախալյան)։ 25 տարում քաղաքի տարածքը հասնելու էր 16 հզ. հա-ի՝ հիմնականում կառուցապատումը խտացնելու, նաև նոր տարածքներ ընդգրկելու հաշվին, իսկ բնակչությունը՝ 1,1 մլն-ի՝ բնական և արհեստ․ աճի շնորհիվ։ Գլխավոր հատակագծում արտահայտվել է քաղաքի հիմնական ուրվագիծը՝ 9 հատակագծային գոտիներով՝ 5-9 և 16-հարկանի բնակելի և արտադրական շենքերով՝ առաջացնելով