Այս էջը հաստատված է

ՀՀ-ում օզոնային շերտի ուսումնասիրություններ կատարվում են 2000-ից՝ Արագածի հվ. լանջին՝ «Ամբերդ» օդերևութաբան. կայանում (բարձրություն՝ 2070 մ), դիտարկումների արդյունքները փոխանցվում են օզոնային և անդրամանուշակագույն ճառագայթման տվյալների համաշխ. կենտրոն։

1999-ից ՀՀ-ն միացել է «Օզոնային շերտի պահպանման մասին» Վիեննայի համաձայնագրին (1985), «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությանը (1997) և ստանձնել է համապատասխան պարտավորություններ։

Մթնոլորտում ջերմոցային գազերի (ածխածնի երկօքսիդ, մեթան, օզոն, ազոտի երկօքսիդ, ֆրեոններ) պարունակության աճի հետևանքով տեղի է ունենում երկրագնդի կլիմայի աստիճան, տաքացում։ Ջերմոցային գազերի հիմն․ աղբյուրն այրվող հանածո վառելանյութերն են՝ ածուխը, նավթը, բնական գազը (տարեկան ընդհանուր համաշխ. ծախսը ներկայումս ավելի քան 9 մլրդ տ է), այրվող կենսազանգվածը, ստորերկրյա հանքարդյան արտանետած գազերը և այլն։

Մթնոլորտում ջերմոցային գազերի պարունակության աճը հանգեցրել է կլիմայի համընդհանուր տաքացման, նախաարդ. ժամանակաշրջանի (XIX դ-ի վերջ) համեմատությամբ Երկրի միջին ջերմաստիճանն աճել է 0,3-0,6 °C-ով և 2020-ին կարող է կազմել 2,2-2,5 °C։ ՀՀ Աժ-ն 1993-ին վավերացրել է «Կլիմայի փոփոխության մասին» միջազգային համաձայնագիրը, որի նպատակը մթնոլորտում ջերմոցային գազերի կոնցենտրացիայի կայունացումն է՝ կլիմայի վրա մարդահարույց վտանգավոր ազդեցությունը կանխելու համար։ Համաձայնագրին անդամակցող երկրները 1997-ի Կիոտոյի երրորդ համաժողովում ստորագրել են արձանագրություն, որը զարգացած երկրների համար սահմանում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման պարտադիր քանակ, ցուցանիշներ։

Կլիմայի փոփոխության համաձայնագրի Կիոտոյի արձանագրության (1997) Մաքուր զարգացման մեխանիզմների շրջանակներում ՀՀ-ում իրականացվում է բնապահպան. կարևոր նշանակության 2 նախագիծ.

ա. Նուբարաշենի աղբավայրում կենսագազի օգտահանման նախագիծը, որով կկանխվի աղբի ինքնաայրման հետևանքով ծխի, դիօքսինների և այլ վնասակար նյութերի տարածումը մթնոլորտ:
բ. Լուսակերտի թռչնաբուծ. ֆաբրիկայի թռչնաղբից կենսագազի և էլեկտրաէներգիայի ստացման նախագիծը, որի իրագործումը կբացառի կենսբ. լճակներից վնասակար նյութերի տարածումը մթնոլորտ։

Մթնոլորտային օդի մաքրության ու որակի բարելավման ապահովումը, մթնոլորտային օդի վիճակի վրա ֆիզիկական, քիմիական, կենսբ. և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը երկրում կարգավորվում են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքով (1994)։

Ջրոլորտի պահպանություն

ՀՀ տարածքում ձևավորվող ջրի պաշարների բազմամյա միջին հոսքը 6,2 մլրդ մ3 է։ Մեկ շնչին բաժին է ընկնում 2,7 հազար մ3 (համաշխ. միջին ցուցանիշը 14 հազար մ3 է) ջուր։ Ադրբեջանում և Վրաստանում այդ ցուցանիշը համապատասխանաբար 3,8 հազար մ3 և 11,6 հազար մ3 է։

Ջրի աղտոտման հիմն․ աղբյուրներն արդյունաբերական և կենցաղային հոսքաջրերն են, ձնհալի և անձրևաջրերի հետ հողահանդակներից տարվող պեստիցիդները, բնակավայրերից արտանետվող վնասակար նյութերը, անձրևի և ձյան հետ մթնոլորտից թափվող աղտոտող նյութերը։ Արդ․ հոսքաջրերն առավել հաճախ աղտոտված են նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով (սնդիկ, կապար, կադմիում, պղինձ և այլն) և բարդ օրգ. միացություններով (սինթետիկ լվացամիջոցներ, ներկեր,