Այս էջը հաստատված է

Գուրզադյան) և «Հաղթանակ» զբոսայգու տարածք հասնող «Հայաստան» («Կասկադ») հուշահամալիրը՝ սանդուղքների, ցուցասրահների, շատրվանների համակարգով (1980-2010, ճարտ-ներ՝ Ջ. Թորոսյան, Ս. Գուրզադյան, Ասլան Մխիթարյան)։ Նույն լանջին՝ Տերյան փողոցի առանցքով 1970-85-ին կառուցվել է Երիտասարդության պալատի համալիրը (ճարտ-ներ՝ Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Հրաչյա Պողոսյան, Մարտին Զաքարյան, ապամոնտաժվել է 2008-ին)։ Օպերայի և բալետի թատրոնից Մարշալ Բաղրամյան պողոտայով դեպի վեր հերթագայում են ճարտ-քաղաքաշին․ տպավորիչ լուծումներով ՀՀ ԳԱՄ նախագահության (1954) և ինստ-ների շենքերի (1955-72, երկուսն էլ՝ ճարտ.՝ Ս. Սաֆարյան և ուրիշներ) համալիրը, ներկայիս ՀՀ ԱԺ-ի շենքը (1946-50), ՀՀ նախագահի նստավայրը (1958, երկուսն էլ՝ ճարտ.՝ Մարկ Գրիգորյան), Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքը (1979, ճարտ-ներ՝ Մ. Գրիգորյան, Հ. Առաքելյան), Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» (1981, ճարտ-ներ՝ Սպարտակ Կնդեղցյան, Ալեքսանդր Զուրաբյան) և «Բարեկամություն» (1981, ճարտ.՝ Ֆենիքս Դարբինյան) կայարանները։ Երևանի նոր համալիրների շարքում ուրույն տեղ ունեն խոշոր բնակելի զանգվածները՝ Աջափնյակը, Նոր Նորքը, Ավանը, Էրեբունին, Ավան-Առինջը, Հարավարևմտյանը։ Համալիր կառուցապատման ուշագրավ օրինակներ են Աբովյան, Հալաբյան (Հրազդանի ձորի տարածքով) փողոցները, Մաշտոցի, Կիևյան, Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Ազատության պողոտաները և այլն։ Մարզ․ կառույցների համալիր է ստեղծվել «Հրազդան» մարզադաշտի (1972, ճարտ-ներ՝ Կորյուն Հակոբյան, Գուրգեն Մուշեղյան, կոնստրուկտոր՝ Էդուարդ Թոսունյան) տարածքում, որին հարում է Ծիծեռնակաբերդի զբոսայգին՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրով (1967, ճարտ-ներ՝ Ա. Թարխանյան, Սաշուր Քալաշյան) և թանգարան-ինստ-ով (1995, ճարտ-ներ՝ Ս. Քալաշյան, Լյուդմիլա Մկրտչյան), Մարզահամերգային համալիրով (1984)։

Վերջին տարիներին ծավալուն աշխատանքներ են կատարվել Երևանի քաղաքաշին. կերպարի բարեփոխման, ծավալատարած. հորինվածքի հարստացման ուղղությամբ, որտեղ կարևոր են Հյուսիսային և Գլխավոր պողոտաների, Կոնդի կառուցապատումը, կենտրոնի քաղաքաշին. մի շարք հանգույցներում որակ․ բարձր հատկանիշներով բնակելի և հասարակական շենքերի, նաև տարանցիկ ճանապարհների, գծանցումների, ուղեանցումների կառուցումը, որոնք զգալիորեն թեթևացրել են քաղաքի տրանսպորտային բեռը։ Շահագործման է հանձնվել Մատենադարանի նոր մասնաշենքը (2011, ճարտ.՝ Արթուր Մեսչյան)։ Կառուցապատմանը զուգընթաց կատարվել են խոշոր բարեկարգման աշխատանքներ՝ հատկապես Երևանի կենտրոնում, Հրազդանի կիրճում, Գետառի ձորում (հանգստի գոտիներ, առևտր. և ռեստորանային համալիրներ)։

Տես նաև Ճարտարապետություն:

ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

XIII դ-ում Երևանում հայտնի էին Կաթողիկե և Սբ Սարգիս եկեղեցիների գրչատները, որտեղ ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագիր մատյաններ (զգալի մասը ոչնչացվել է կամ հայտնվել աշխարհի տարբեր երկրներում)։ 1920-ական թթ-ին Երևանի եկեղեցիներից հավաքվել է ընդամենը 78 ձեռագիր։

Առաջին հայտնի նկարիչը, որ ստեղծագործել է Երևանում, Նաղաշ Հովնաթանն է։ 1679-ի մեծ երկրաշարժից հետո նա նկարազարդել ու նորոգել է Երևանի եկեղեցիների (Սբ Պողոս-Պետրոս, Սբ Անանիա, չեն պահպանվել) որմնանկարները։ XVIII դ-ի 2-րդ կեսին Հովնաթան Հովնաթանյանին հրավիրել են Երևան՝ նկարազարդելու խանի պալատը (պահպանվել են այդ աշխատանքների լուսանկարները)։

1780-ական թթ-ին Երևան են այցելել մի շարք ռուս նկարիչներ, այդ թվում՝ Միխայիլ Իվանովը, որի ալբոմում հայկական այլ բնանկարների շարքում պահպանվել են «Երևանի շրջակայքում», «Երևանի մի մասը» ջրաներկ թերթերը։ Երևան է այցելել նաև Գ. Սերգեևը, որի «Երևան քաղաքի տեսարանը Արարատ սարի մոտ՝