Այս էջը հաստատված է

Գալուստ Գյուլբենկյան, Պողոս Նուբար, Հովհաննես Լազարյան, Միքայել Արամյանց, Ալեք Մանուկյան, բոլորը՝ 2011, քանդ.՝ Ֆերդինանդ Առաքելյան, «Բարերարների ճեմուղի»՝ Օղակաձև զբոսայգում՝ ԵՊՀ-ին հարակից հատվածում)։

2002-11-ին «Թամանյան» պուրակում տեղադրվել են Լին Չեդուիքի «Նստած պատկերաքանդակներ» (1980), Բարրի Ֆլանագանի «Ակրոբատներ» (1988), Սարաջ Գուհայի «Այծքաղի ցատկը» (2005, երեքն էլ՝ Մեծ Բրիտանիա), Ֆեռնանդո Բոտերոյի «Հռոմեացի զինվոր» (1986), «Կատու» (1999, երկուսն էլ՝ Կոլումբիա), Ժոմ Պլենզայի «Ստվերներ 1» (2006, Իսպանիա) և այլ գործեր, իսկ Ֆրանսիայի հրապարակում՝ Օգյուստ Ռոդենի «Նկարիչ Ժյուլ Բաստիեն-Լեպաժ» արձանը (2011, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի նվերը, բացվել է նրա մասնակցությամբ)։

1999-ին ՀՆՄ-ում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում կազմակերպված քանդակի ցուցահանդեսին մասնակցել են Աշոտ Բաղդասարյանը, Գարեգին Դավթյանը, Սամվել Ղազարյանը, Գետիկ Բաղդասարյանը, Գագիկ Ղազարյանը, Մարիամ Հակոբյանը, Էմին Պետրոսյանը և ուրիշներ (մանրաքանդակներ և բրոնզե արձանիկներ)։

2001-ի աշնանը «Հաղթանակ» զբոսայգում տեղի է ունեցել «Քրիստոնյա Հայաստան» հոբելյան․ միջազգային սիմպոզիումը, որին մասնակցել է հայ և օտարազգի շուրջ 20 քանդակագործ։

2004-ի ապրիլի 1-ին՝ Ծիծաղի օրը, Երևանում հիմնադրվել է Հայաստանի երգիծանկարիչների ընկերակցությունը, որին անդամակցում են նաև սփյուռքահայ արվեստագետներ։ Նույն օրը ՀՆՄ-ի ցուցասրահում բացվել է «Ականազերծում հայկական ձևով» ցուցահանդեսը՝ ահաբեկչության դեմ։ Երևանում կազմակերպվել են նաև «Արվեստն ընդդեմ կոռուպցիայի» («Մոսկվա» կինոթատրոն), «Ահաբեկչությունը տեղ չունի երկրագնդի վրա» (ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատուն), «Նկարիչներն ընդդեմ ծխելու (No smoking)» (Ամերիկյան համալսարանի բիզնես-կենտրոն) (բոլորը՝ 2004), ավանդ. «Տեղ արևի տակ» ապրիլմեկյան (2005, ՀՆՍ), «Լվացք» (2006, բացօթյա), «Մեր քսան տարիները» (2011) ցուցահանդեսները։

ՀԱՊ-ում կազմակերպվել են Հակոբ Հովնաթանյանի (2006), Գևորգ Բաշինջաղյանի, Գառզուի (երկուսն էլ՝ 2007), Վարդգես Սուրենյանցի (2009), Ռիշար Ժերանյանի, բրազիլահայ լուսանկարիչների գործերի (երկուսն էլ՝ 2011), ինչպես նաև «Ռուսական ավանգարդը, ակունքներ, զարգացում» (2007), «Հայաստան-Ռումինիա. մշակութային կապեր», «Արևմտաեվրոպական ժամացույցներ, XVIII-XX դդ.» (երկուսն էլ՝ 2008), «Դալին և սյուրռեալիզմը, սյուրռեալիզմը և հայ գեղանկարիչները», «Հայ գեղանկարիչները պատկերասրահին» (նվիրված էր Հայաստանի անկախության 20-ամյակին, երկուսն էլ՝ 2011) ցուցահանդեսները։

Տես նաև Կերպարվեստ։


ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Հին Երևանի երաժշտ. կյանքի մասին տեղեկությունները սակավ են։ Վաղ անցյալում ռազմերթերը, հուղարկավորության և զոհաբերության ծիսակատարություններն ուղեկցվել են հարվածային գործիքների նվագակցությամբ։ Հայտնաբերված ամենահին գործիքները բրոնզե զանգակներ ու բոժոժներ են (մ. թ. ա. II հազարամյակ)։

Կարմիր բլուրում 1948-ին պեղվել են նաև զույգ բրոնզե ծնծղաներ, որոնք գործածվել են մ. թ. ա. VII դ-ում։ Երևանում ընդօրինակված (XIII-XV դդ.) ձեռագիր մատյանների մանրանկարներում հանդիպում են փողային գործիքների (շվի, ռազմ․ շեփոր և այլն) պատկերներ։

Ուշ միջնադարում երաժշտ. կյանքը զարգացել է տաղասացների, զուռնաչիների և աշուղների գործունեության շնորհիվ։ Շրջիկ երգահանները սազի նվագակցությամբ երգել են սեփական ստեղծագործությունները։ Երգչախմբեր են գործել Երևանի ուսուցչ. սեմինարիայում, Գայանյան օրիորդաց ուսումնարանում և Հռիփսիմյան գիմնազիայում, զբոսայգիներում՝ նվագախմբեր, կազմակերպվել են պարահանդես-համերգներ։

Երևանում կարևոր իրադարձություններ