«Մոսկվա» կինոթատրոնը (երկդահլիճ, ճարտ-ներ՝ Տիրան Երկանյան և Գևորգ Քոչար), 1968-ին ամառային դահլիճը (ճարտ-ներ՝ Սպարտակ Կնդեղցյան և Թելման Գևորգյան)։ Կինոթատրոնն ունի սրճարաններ՝ ներսում և բացօթյա, տեսաերիզների խանութ, գործում են համակարգչային ծառայություններ և այլն։
Մինչև 1990-ական թթ․ գործել են խոշոր կինոթատրոններ «Այրարատը», «Արագածը», «Հայրենիքը», «Կոմիտասը», «Անին», «Զվարթնոցը», «Սևանը», «Երևանը»։
1923-ին հիմնադրվել է Պետկինոն (1957-ից՝ Հայֆիլմ, 2005-ին մասնավորեցվել է)։ Գործում են հեռուստաֆիլմերի «Երևան» (1958-ից), վավերագր. ֆիլմերի «Հայկ» (1990-ից) ստուդիաները, Մուլտֆիլմերի ստեղծագործական միավորումը (1988-ից)։
1990-ական թթ-ին հիմնադրվել են «Նավիգատոր», «Այսօր», «Արվեստ», «Վարդա-Նովա», «Խութ», «Ռոբերտ Սահակյանց Պրոդաքշն», «ԱԿՕ» և այլ մասնավոր ստուդիաներ։
2004-ից Երևանում կազմակերպվում է «Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը (տնօրեն՝ Հարություն Խաչատրյան), որտեղ սահմանված են «Ոսկե ծիրան», «Արծաթե ծիրան», «Ոսկե կորիզ» և այլ մրց-ներ։ 8-րդ փառատոնին (2011) 631 հայտից 66 ֆիլմ մասնակցել է 4 հիմնական մրցույթների («Ոսկե ծիրան», «Արծաթե ծիրան», «Ժյուրիի հատուկ», «Հատուկ հիշատակում»), իսկ 9-րդին (2012)՝ 1250 հայտից՝ 65-ը (գեղարվեստական, վավերագր., «Կորիզ», «Հայկական համայնապատկեր»)։
«Ոսկե ծիրանի» շրջանակներում կազմակերպվում են համերգներ, քննարկումներ, հայկական ուտեստի՝ տոլմայի տարատեսակների բացօթյա ցուցահանդես-մրցույթ (2011, 2012)։
2010-ից կազմակերպվում է «Կինոաշուն» փառատոնը, 2011-ին տեղի է ունեցել «Ոսկե ծիրանի» 1-ին համահայկական համացանցային կինոփառատոնը, 2012-ին՝ ամենամյա «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխությունը։
2006-ից Երևանում գործում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։ Կինոյի մասնագետներ են պատրաստում ԵԹԿՊԻ-ն, ՀՊՄՀ-ն, նաև մասնավոր ստուդիաները և այլն։ Տես նաև Կինո։
ՄԱՄՈՒԼ ԵՎ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Երևանում հրատարակված առաջին պարբ-ը «Պսակ» (1880-84) գրական, մանկավարժական շաբաթաթերթն է։ Մինչև 1920-ական թթ. քաղաքում լույս են տեսել շուրջ 30 անուն թերթ ու հանդես («Հրազդան», 1908-09, «Նոր ձայն», 1911-12, «Խոսք», 1913-19, «Կայծ», 1918-19, և այլն)։ 1920-30-ական թթ-ին Երևանում հրատարակվել է ավելի քան 100, մինչև 1990-ը՝ շուրջ 370 պարբ.։
1957-99-ին լույս է տեսել «Երեկոյան Երևան» օրաթերթը (մինչև 1990-ը՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի և ժողովրդական պատգամավորների քաղխորհրդի պաշտոնաթերթ, խմբագիր՝ Կամո Վարդանյան), որը արցախյան շարժման տարիներին աչքի է ընկել իր համարձակությամբ ու անկողմնակալությամբ։
Ներկայումս ՀՀ-ում տպագրվող շուրջ 200 պարբ-ների և հանդեսների մեծ մասը հրատարակվում է Երևանում, օրաթերթերից՝ «Հայաստանի Հանրապետություն»,