Այս էջը հաստատված է

«Ազգ», «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Չորրորդ ինքնիշխանություն», «Երկիր» և այլն, երկօրյա թերթերից՝ «Ռեսպուբլիկա Արմենիա», «Գոլոս Արմենիի» և «Նովոյե վրեմյա» (երեքն էլ՝ ռուսերեն), եռօրյա թերթերից՝ «Իրավունք», «168 ժամ», «Ավանգարդ» և այլն, շաբաթաթերթերից՝ «Հայ զինվոր», «02», «Կանչ», «Կրթություն», «Գրական թերթ», «Մարզաշխարհ», «Ոզնի» և այլն, հանդեսներից՝ «Գարուն», «Շախմատային Հայաստան», «Նորք», «Գիտության աշխարհում», «Հայ ընտանիք», «Առողջապահություն», «Աղբյուր», «Լիտերատուրնայա Արմենիա» (ռուսերեն) և այլն։ Լույս են տեսնում նաև մեծ թվով գիտական, մասնագիտական, ժամանցային պարբ-ներ։

Երևանը հայ գրքի և տպագրության կենտրոն է։ ՀՀ-ում գործող շուրջ 140 գրահրատարակչական համալիրների մեծ մասը («Հայաստան», «Նաիրի», ՀՀ ԳԱԱ-ի, ԵՊՀ-ի, «Լույս», «Արևիկ», «Անահիտ», «Հայկական հանրագիտարան, հրատարակչություն», «Ամարաս», «Էդիթ Պրինտ», «Մուղնի», «Զանգակ-97», «Տիգրան Մեծ», «Մակմիլան Արմենիա» և այլն ) Երևանում է։ Այսօր հայկական տպագիր արտադրանքն աչքի է ընկնում հրատարակչական գեղեցիկ ձևավորմամբ, որակ․ բարձր հատկանիշներով։

Հայերեն առաջին տպագիր գրքի՝ Ուրբաթագրքի տպագրության 500-ամյա հոբելյանի կապակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2012-ին Երևանը հայտարարել է «Գրքի համաշխարհային մայրաքաղաք»։

Տես նաև Հայ գիրքը և տպագրությունը, Հայ պարբերական մամուլը։


ՌԱԴԻՈ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Առաջին ռադիոհաղորդումները Երևանում հեռարձակվել են 1919-ին։ Հանրապետական ռադիոյի պարբեր. հաղորդումներն սկսվել են 1927-ից, սփյուռքահայության համար՝ 1947-ին։ 1988-ին գործել է 3 ռադիոծրագիր՝ օրական 38,5 ժ ընդհանուր տևողությամբ։ 1957-ին բացվել է հանրապետական հեռուստաընկերության տաղավարը, և սկիզբ է դրվել հեռուստատեսության կանոնավոր հաղորդումների։

Ներկայումս Երևանում գործում են 11 ռադիոալիք՝ «Հայկական ռադիո», «Ռադիո Վան», «Ավտոռադիո», «Արձագանք», «Ռադիո Հայ», «Վէմ», «Ջազ ռադիո», «Հայ ԷՖՄ-105.5» և այլն, 12 հեռուստաընկերություն՝ «Հ1», «Հ2», «Կենտրոն», «Երկիր Մեդիա», «Շանթ», «Արմենիա», «Արմնյուզ», «Ար», «Լայմ», «Դար 21», «Երևան», «Շողակաթ», «ATV», հաղորդումներ են հեռարձակում նաև «МИР», «ОРТ», "Россия-РТР", “Россия-К”, «CNN» և օտարերկրյա այլ հեռուստակայաններ։ Համացանցում գործում է տեղեկատվ. 15 կայք։

Տես նաև Հեռուստատեսություն, Ռադիո։


ՄԱՐԶԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ

Երևանը ՀՀ խոշորագույն մարզական կենտրոնն է, որտեղ գործում են մարզ. 4 միություն, 12 ակումբ, 14 լողավազան, փոքր ֆուտբոլի 11 մարզադաշտ, թենիսի 24 կորտ, 3 հրաձգարան, 5 մարզադաշտ, 37 մարզադահլիճ, 1-ական նետաձգարան, աթլետիկայի սրահ և հեծանվահրապարակ, թիավարության ու վինդսերֆինգի 3 ջրամբար (Վարդավառի զբոսայգի), մարզամշակութային 2 և հավաք․ թիմերի ուսումնամարզ. 1 կենտրոն, 1 ձիարշավարան, բազմագործառութային 30 փոքր դաշտեր, մոտ 120 պարզ տիպի մարզահրապարակներ և 52 մարզադպրոց (տարբեր գերատեսչությունների ենթակայության)։ Երևանցի 17 մարզիկ տարբեր մարզաձևերում 26 անգամ դարձել են աշխարհի չեմպիոն, 7 մարզիկ՝ 9 անգամ՝ օլիմպիական չեմպիոն, և 67 մարզիկ՝ 100 անգամ՝ Եվրոպայի չեմպիոն։

Տես նաև Սպորտ։