Այս էջը հաստատված է

ՀՀ ՄԱՐԶԵՐԸ

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

Մարզը ներառում է Աշտարակի, Ապարանի, Արագածի և Թալինի նախկին վարչական շրջանների տարածքները։ Անցյալում կազմել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն ու Նիգ գավառների և Շիրակի գավառի մի մասը։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց (1828) հետո եղել է Երևանի նահանգի կազմում։ Սահմանակից է Շիրակի, Լոռու, Կոտայքի և Արմավիրի մարզերին, Երևանին, արևմուտքում՝ պետական սահմանով՝ Թուրքիային։

Գտնվում է ՀՀ արմ. մասում՝ առավելապես 1200-3500 մ բարձր-ների վրա (առավելագույնը՝ 4090 մ, Արագած լ.)։ Տարածքն ընդգրկում է Արագածի լ-զանգվածի, Փամբակի, Ծաղկունյաց լ-շղթաների լանջերն ու լ-ճյուղերը, Ապարանի դաշտը, Թալինի սարավանդը՝ Արտենի, Իրինդ, Ծաղկասար ու այլ հրաբխային կոներով, և Քասաղի վերին ու միջին հոսանքների ավազանը։ Տիրապետում են կտրտված նախալեռն․ ու լեռն․ մակերևույթը, ռելիեֆի հրաբխային ու էրոզիոն ձևերը։ Փամբակի ու Սպիտակի լ-անցքերով կապվում է Լոռու մարզին։

Կան բազալտի, անդեզիտաբազալտի, տուֆի, պեռլիտի, հրաբխային խարամի, պեմզայի ու անուշահամ ջրերի պաշարներ։ Վերջինների ելքերը դուրս են գալիս Արագածի լանջերն ու գետահովիտները։

Լանդշաֆտը լ-տափաստանային ու լ-մարգագետնային է։ Տեղ-տեղ կան լ-անտառային տեղամասեր։

Մարզի տարածքում է կազմավորվում Քասաղ գետը՝ Շաղվարդ, Ծաղկաշատ, Գեղարոտ, Ամբերդ, Արագածոտն, Նիգատուն և այլ վտակներով, Թուրքիայի հետ սահմանով հոսում է Ախուրյան գետը։ Արագած լ-զանգվածի սարավանդի վրա են Ամբերդի, Լեսինգի և Քարի սառցադաշտային լճակները։ Տարածքում են Մաստարայի հեղեղատի համակարգը, Ապարանի, Արագածի և այլ ջրամբարներ, Արզնի-Շամիրամ ոռոգման համակարգի մեծ մասը, Թալինի ջրանցքը։ Ջրային պաշարներից սնվում են Ապարան-Երևան և Ապարան-Սպիտակ ջրատարները։

Արագածոտնի մարզում են (հատկապես՝ Ապարանի շրջանում) կենտրոնացած Հայաստանի ազգային փոքրամասնություններից եզդիները, որոնք բնակվում են ինչպես խառը՝ հայերի հետ, այնպես էլ առանձին գյուղերում։

Տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունն է, որը մասնագիտացված է բուսաբուծության (մասնավորապես՝ հացահատիկային մշակաբույսերի արտադրություն) և անասնաբուծության մեջ։ Արդ-ը մասնագիտացած է սննդամթերքի և ըմպելիքի, թանկարժեք իրերի արտադրություններում, շինանյութերի հանքավայրերի շահագործման ուղղություններում։ Հայտնի են «Արմենիա Վայն» (Սասունիկում), Օշականի գինու գործարանները և այլն։ 2010-ին մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները ՀՀ համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են՝ արդ-ը՝ 1,8 %, գյուղատնտեսությունը՝ 9,6 %, շին-ը՝ 5,6 %, մանրածախ առևտուրը՝ 0,7 %, ծառայությունները՝ 0,8 %։ Մարզն ունի զբոսաշրջության զարգացման մեծ հեռանկար։

2010-ին մարզում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմել են 217.921