Այս էջը հաստատված է

հա, որից՝ 54.157 հա վարելահող, 23.353 հա հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսեր, 1565 հա կարտոֆիլի ցանքատարածություններ։ Մարզն ուներ 70,8 հազար գլուխ խոշոր եղջերավորներ (34,1 հազար կով), 73,5 հազար ոչխար ու այծ, 10,5 հազար խոզ։ Արտադրվել է 14,4 հազար տ միս (կենդանի զանգվածով), 74,1 հազար տ կաթ, 165,3 տ բուրդ։

Տարածքով անցնում են Երևան-Աշտարակ-Գյումրի, Երևան-Արմավիր-Գյումրի, Երևան-Աշտարակ-Ապարան-Վանաձոր ավտոմայրուղիները։ Մարզի տարածքը հատում է նաև ՀՀ գլխավոր երկաթուղին (միայն ծայր արմ. հատվածով)։

Կրթամշակութային և գիտական հաստատությունները։ Մարզում գործում են 126 հանրակրթական, 7 երաժշտ., արվ-ի, գեղարվ-ի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ, 17 նախադպրոց., 3 նախնական մասնագիտական կրթական հաստատություններ, 24 ամբուլատոր-պոլիկլինիկ. հիմնարկներ (243 բժիշկ և 677 միջին բուժաշխատող), ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը, «Արագած» բարձրլեռն. օդերևութաբան․ կայանը, Մուշեղ Գալշոյանի (Կաթնաղբյուր), Գևորգ Չավուշի (Աշնակ) տուն-թանգարանները, տարածքում է Հայոց տառարձանների պուրակը (Աշտարակ-Ապարան մայրուղու հարևանությամբ՝ Արտաշավան գյուղի մոտ) և այլն։ 1996-ից հրատարակվում է «Կանթեղ» մարզային թերթը։

Տարածքը ներառված է Հայաստանյայց առաքել․ եկեղեցու Արագածոտնի թեմի կազմում, առաջնորդանիստն Օշականի Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին է (XIX դ.), որտեղ ամփոփված է Մեսրոպ Մաշտոցի աճյունը. Հայոց ազգային գլխավոր սրբավայրերից է։ Այստեղ տեղի է ունենում ամենամյա «Թարգմանչաց տոնը»։

Պատմաճարտ. հուշարձաններ։ Պահպանվել են կիկլոպյան (Ալագյազ), ուրարտ. (Ծաղկահովիտ, Հնաբերդ) ամրոցները, մ. թ. ա. III-I հազարամյակի բնակատեղի (Գեղարոտ)։ Ճարտ. հուշարձաններից նշանավոր են Աղցքի (Ձորափ)՝ Արշակունյաց թագավորների դամբարանը (IV դ.), Օշականում՝ Մեսրոպ Մաշտոցի դամբարանը (V դ.) և նրա վրա կառուցված եկեղեցին (XIX դ.), Օհանավանի Հովհաննավանքը (IV-XIII դդ.), Աստվածընկալ վանքը (V դ.), Արուճի Սբ Գրիգոր եկեղեցին (VII դ.), Սաղմոսավանքը (XIII դ.), Տեղերի վանքը (XIII դ.), Շենիկի (V դ.), Մաստարայի Սբ Հովհաննես (V-VI դ.), Գառնահովտի Սբ Գևորգ (VI-VII դդ.), Իրինդի (VII դ.), Մուղնիի Սբ Գևորգ (XIV դ.) և այլ եկեղեցիներ, Աշնակի բերդ-եկեղեցին (IX-XI դդ.), Դաշտադեմի մերձակայքում՝ Քաղենիի ամրոցը (VII-XIX դդ.), Ամբերդ ամրոցը (X-XIII դդ.), Օշականի հնգաթռիչք կամուրջը (1706), Հայոց այբուբենի հուշասալը (1962) և այլն։