Այս էջը հաստատված է

Քաղաքները

Աշտարակ (ք.՝ 1963-ից) մարզկենտրոնը գտնվում է Երևանից 22 կմ հյուսիս-արմ.՝ Քասաղ գետի ափին։ Տարածքը 42,33 կմ2 է, բն.՝ 21,7 հազար (2012)։ Վարչական տարածքի մեջ է նաև Մուղնի գյուղը։ Անվանումը կապում են ասուրա-բաբել. Իշտար աստվածուհու անվան և «աշտարակ» հասկացության հետ։ Երևան-Գյումրի, Երևան-Վանաձոր ճանապարհների հանգույց է։

Զարգացած են սննդամթերքի և ըմպելիքի արտադրությունները։ Հայտնի են «Աշտարակ կաթ», «Աշտարակ ձու», «Աշտարակ միս», «Արմենիա» գինու, «Թամարաֆրուտ», «Միկրոմ» արտադրական ձեռնարկությունները։ Վերջինս արտադրում է ուսումնական լաբորատոր սարքավորումներ, օրգ. գունանյութեր, շին. սալիկներ և այլն։ Կան նաև խաղողի վերամշակման, գինու հումքի ստացման, չրերի պատրաստման կետեր։ Զարգացած է նաև գյուղատնտեսությունը, հատկապես՝ պտղաբուծությունն ու խաղողագործությունը։

Գործում են 5 հանրակրթական, գիշերօթիկ, գեղարվ-ի, երաժշտ., մարզական դպրոցներ, մարզադաշտ, թանգարան, հիվանդանոց, պոլիկլինիկա, կապի հանգույց, ՀՀ Ռադիոֆիզիկայի ու էլեկտրոնիկայի և ֆիզիկական հետազոտությունների ԳՀԻ-ները, Պերճ Պռոշյանի, Գրիգոր Ղափանցյանի, Նորայր Սիսակյանի տուն-թանգարանները և այլն։

Հնագույն հուշարձաններից են Քասաղի ձորի քարանձավները, «Ականատեսի առու» ջրանցքը։ Պահպանված հուշարձաններից են Ծիրանավոր (V դ.), Կարմրավոր (Սբ Աստվածածին, VII դ.), Սպիտակավոր (XII-XIV դդ.), Սբ Մարինե (1281) եկեղեցիները, Սբ Սարգիս (XIII դ.) և Թուխ Մանուկ (XIII դ.) մատուռները, Մուղնիի Սբ Գևորգ վանքը (XVII), եռաթռիչք կամուրջը (1664, կողքին ավելի հին, միաթեք կամրջի ավերակներն են) և այլն։

Քաղաքում կանգնեցվել են կաթողիկոս Ներսես Աշտարակեցու հուշարձանը, ակադ. Նորայր Սիսակյանի կիսանդրին և այլն։

Ապարանը (ք.՝ 1995-ից) գտնվում է Երևանից 60 կմ հս.՝ Քասաղ գետի վերին ավազանում։ Բն.՝ 6,7 հազար (2012)։ Որպես բնակավայր՝ հայտնի է II դ-ից [Պտղոմեոսը (II դ.) հիշատակում է Կասալա (Casala), Զաքարիա պատմիչը՝ Քասաղ անունով, X դ-ից՝ Ապարան՝ Մոկաց Ապարանք գ-ի անունից]։ Եղել է Մեծ Հայքի Նիգ գավառի կենտրոնը։ 1828-30-ին այստեղ բնակություն են հաստատել Մուշից, Ալաշկերտից և այլ վայրերից եկած հայեր։

Գործում են «Հայգորգ» ձեռնարկությունը, կենցաղային իրերի, տեքստիլ-գալանտերային արտադրանքի ձեռնարկություններ։

Զարգացած է սննդամթերքի արտադրությունը. գործում է կաթնամթերքի վերամշակման և պանրի արտադրության գործարան։ Զբաղվում են նաև գյուղատնտեսությամբ, հիմնականում՝ անասնապահությամբ և հացահատիկային, կերային ու բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությամբ։

Գործում են հանրակրթական 3, արվ-ի և մարզ․ դպրոցներ, պատանեկան ստեղծագործ. կենտրոն, տեղական հեռուստաալիք, հիվանդանոց, պոլիկլինիկա, կապի հանգույց։

1918-ի մայիսի 22-29-ը տեղի է ունեցել Բաշ Ապարանի հաղթական ճակատամարտը, ի հիշատակ որի կառուցվել է «Վերածնունդ» հուշակոթողը (ճարտ.՝ Ռաֆայել Իսրայելյան, 1979), որի տարածքում է ամփոփված զորավար Դրաստամատ Կանայանի (Դրո) աճյունը։ Ամեն տարի մայիսի 28-ին այստեղ կազմակերպվում է համաժողովրդական տոնահանդես։

Պատմաճարտ. նշանավոր հուշարձաններից է Քասաղի բազիլիկը (Ապարանի Սբ Խաչ եկեղեցին, IV-V դդ.)։

Քաղաքում տեղադրված են շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշարձանը, Դ. Կանայանի և Սեդրակ Ջալալյանի կիսանդրիները։

Թալինը (ք.՝ 1995-ից) գտնվում է Երևանից 65 կմ հարավ-արմ.՝ Արագած լ-զանգվածի հարավ-արմ. լանջին։ Տարածքը 43,96 կմ² է, բն.՝ 5,7 հազար (2012)։ Պտղոմեոսը հիշատակում է «Թալինա» անունով բնակավայր։ 1828-30-ին այստեղ բնակություն են հաստատել Կարսից, Նախիջևանից, Բայազետից, Ալաշկերտից եկած, հետագայում՝ Մեծ Եղեռնից փրկված, Սասունից և Արևմտյան Հայաստանի այլ վայրերից տեղահանված հայեր։

Գործում է բնական ադամանդի մշակման ձեռնարկություն։ Զարգացած է սննդի արդ-ը. արտադրվում է «Չանախ» պանիր և այլ կաթնամթերք։

Բնակչության մեծ մասն զբաղված է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ